«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


«ՄԵԾ ՔՍԱՆՅԱԿԸ» ԵՄ-ԻՑ ՊԱՀԱՆՋԵՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԻՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում «Մեծ քսանյակի» ֆինանսական գագաթաժողովը երեկ ավարտվել է Եվրոպայի եւ մնացյալ աշխարհի դիմակայության հավաստմամբ: Գագաթաժողովում Եվրոմիության երկրների ղեկավարներին փորձել են համոզել, որ տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ են առավել արմատական միջոցներ: Եվրոպացի ղեկավարները հավատացրել են, թե իրենք առանց այդ էլ անում են ինչ հնարավոր է:

Գագաթաժողովի արդյունքների կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսպրեսի թղթակցին ասել է. «Եվրոմիությունը հանդես եկավ միասնական ճակատով: Մենք ցուցադրեցինք ճգնաժամի դեմ պայքարելու մեր պատրաստակամությունը: Մենք բյուջեի ամրապնդումը, տնտեսական աճի խթանները կզուգորդենք Եվրոպայում ինտեգրման հետագա խորացման հետ»:

Գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը եվրոպացիներին կոչ է անում դրսեւորել ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն, ինչպես նաեւ խթանել տնտեսական աճը ենթակառուցվածքային ներդրումների, նորացման եւ կրթության հաշվին: Եվրոպան կաշխատի բանկային միության ստեղծման ուղղությամբ: Եվրոմիությանը պարտավորեցրին ուժեղացնել բանկերի ընդհանուր հսկողությունը, մասնավորապես ստեղծել ավանդների երաշխիքների համակարգ եւ խնդրահարույց բանկերի հետ աշխատելու մեխանիզմ:

«Մեծ քսանյակը» ընդունեց համաշխարհային տնտեսության համար անչափ կարեւոր մի որոշում, որը վերաբերում է ԱՄՀ ռեսուրսների ավելացմանը: Նախնական նպատակըՙ 430 մլրդ դոլարով դրանց աճի ապահովումը, գերակատարված է: Հիմա խոսքը ավելի քան 450 մլրդ դոլարի մասին է: Այնպես որ բանկի ներուժը ավելի քան կրկնապատկվում է:

Հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 5-6-ը Սանկտ Պետերբուրգում: Իսկ առայժմ աշխարհը սպասում է Հունաստանի նոր կառավարության ձեւավորմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4