Մեկ անգամ չէ, որ հարեւան երկրում խոսվել է Լեռնային Ղարաբաղին աշխարհում գոյություն ունեցող «ամենաբարձր մակարդակի ինքնավարություն շնորհելու պատրաստակամության» մասին: Միջանկյալ նկատենք, որ դրանք սոսկ դատարկ խոսքեր են: Նման «մեծահոգություն անելու համար» հարկ է, որ Ադրբեջանում սահմանադրություն փոխվի: Մինչդեռ տառացիորեն երեկ այդ երկրի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն կարծիք է հայտնել, որ «պետք է վերացվի Նախիջեւանի հատուկ կարգավիճակը, եւ տարածքը կառավարվի այնպես, ինչպես մյուս շրջանները, քանի որ Ադրբեջանը սահմանադրությամբ ունիտար երկիր է»: Բաքվի «թիվ մեկ դեմոկրատին» վրդովեցրել է հանգամանքը, որ Նախիջեւանի մեջլիսը «փորձում է կենտրոնական ենթակայությունից հանել պետական մաքսային ծառայության տեղի կառույցները»:
Եթե Նախիջեւանի, որի «հատուկ կարգավիճակը» սահմանված է ուժը դեռեւս չկորցրած, համենայն դեպս` Ադրբեջանի մասով, միջազգային պայմանագրի համաձայն, վերաբերմունքն է այդքան թշնամական, ապա ի՞նչ կարելի է ասել «Ադրբեջանի կազմում ԼՂ ամենաբարձր մակարդակի ինքնավարության» մասին: Կրկնենք, դա ընդամենը փուչ «գաղափար» է, որ պաշտոնական Բաքուն շրջանառում է զուտ արտաքին քաղաքական դիվիդենտներ շահելու համար:
Ասվածի վկայություն է երեկ Ադրբեջանի մայրաքաղաքում բացված «միջազգային գիտաժողովը», որ կազմակերպել է Իլհամ Ալիեւին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը` Իտալիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ: Միջոցառման թեման նկատելիորեն ամբիցիոզ է` «Եվրոպայի ազգային փոքրամասնությունները. Հարավային Տիրոլի մոդելի համապատասխանությունը Կովկասին»:
Նախ, ինչո՞ւ Բաքուն հավակնում է Հարավային Տիրոլի մոդելը «համապատասխանեցնել» ամբողջ Կովկասին: Չէ՞ որ Կովկասում խնդիրներ ունեն նաեւ Ռուսաստանը եւ Վրաստանը: Իսկ նրանք ինքնիշխան պետություններ են եւ սեփական հարցերի լուծման համար կարող են «մոդելային» տեսնել ոչ թե Հարավային Տիրոլը, այլ, ասենք, Ալանդյան կղզիները կամ իսպանական փորձը: Կազմակերպելով նման «միջազգային գիտաժողով», Բաքուն չի՞ միջամտում հարեւան երկրների ներքին գործերին, սեփական պատկերացումը չի՞ պարտադրում նրանց:
Այժմ` ըստ էության: Հարավային Տիրոլը ինքնավար տարածք է Իտալիայում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո մնացել է վեճի առարկա Ավստրիայի եւ Իտալիայի միջեւ: Խնդիրը լուծում է գտել միայն 1992 թ.` երկու երկրների միջեւ խաղաղ համաձայնագրի հիման վրա: Ինքնավարության բնակչության գերակշռող մեծամասնությունը գերմանախոս է: Ինքնավարությունն ունի 70-տեղանոց խորհրդարան, ընտրվում է նախագահ, ինչպես նաեւ` կառավարություն: Հարավային Տիրոլի առանձնահատուկ կարգավիճակը մաս է կազմում Եվրոմիության անդամ երկրների պայմանագրին:
Ի՞նչ նպատակ է հետապնդել Բաքվի «միջազգային» գիտաժողովը: Ցույց տալ, որ Ադրբեջանը նույնպես կարո՞ղ է երաշխավորել «ազգային փոքրամասնությունների» իրավունքները, թե՞ հերթական անգամ «արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածքային վեճ է»: Առաջին հարցադրման մասով ամեն ինչ պարզ է. որպեսզի դառնա «ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավոր», Ադրբեջանը պետք է, ինչպես ասվեց, սահմանադրություն փոխի, ընդունի դրանից բխող մի շարք օրենքներ: Մասնավորապես, այսպես կոչված «Ռեգիոնալ լեզուների մասին» եվրոպական մոդելային օրենքը: Իսկ դա իր հերթին կբերի բարդությունների մի ամբողջ շարք: Այդ դեպքում հարկ կլինի «Լեռնային Ղարաբաղում պետական հռչակել հայերենը», հյուսիսային շրջաններում` լեզգիերենը, հարավում` թալիշերենը եւ այլն: Մի խոսքով, ունիտարությունից Ադրբեջանը պետք է դառնա ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ երկիր: Իսկ դա հավասարազոր է այդ պետության հետագա մասնատմանը:
Մնում է եզրահանգել, որ «միջազգային գիտաժողով» հրավիրվել է, որպեսզի Հարավային Տիրոլի օրինակով «ամրագրվի, որ ԼՂ խնդիրը տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Սա է, թերեւս, Իլհամ Ալիեւին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գլխավոր նպատակը: Իսկ այն «իրացնելու» համար Բաքվում կարող են առերես «գառան մորթի հագնել», խոսել համաեվրոպական արժեքների հանդեպ «հավատարմությունից» եւ նման «բարձր թեմաներից»:
Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Այդուհանդերձ, թերեւս կարելի է «վճարել նույն դրամով» եւ ասել. «Մենք համբերատար ժողովուրդ ենք, կարող ենք սպասել, բայց Հարավային Տիրոլի մոդելը կիրառելու համար Ադրբեջանը պետք է դառնա Իտալիա, երկիր, որտեղ պետությունը կախված չէ մի մարդուց, որտեղ չկա համազգային առաջնորդի պաշտամունք, որտեղ մարդու իրավունքները չեն ոտնահարվում, որտեղ կենտրոնական կառավարությունը տիրոլցիներին եկվոր չի անվանում եւ, մանավանդ, նրանց եւ ողջ գերմանական ժողովրդին Իտալիայի թիվ մեկ թշնամի չի անվանում, որտեղ չի արգելվում գերմանացիների մուտքը, որտեղ փոքրամասնություններին, վերջապես, պատերազմով եւ բռնատեղահանությամբ չեն սպառնում»:
Կդառնա՞ Ադրբեջանը նման երկիր: Վստահաբար` ոչ: Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը պատրաստվում է լույս ընծայելու իր «տիտանական մտքի հերթական գոհար» գիրքը, որտեղ վերստին հեյդարիզմը եւ ադրբեջանիզմը հռչակված են որպես «ուղիղ ճանապարհ»: Իսկ դա արցախահայության ճանապարհը չէ:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ