«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ԲՐԱՅԶԱՅԻ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՋՈՐԴԸ` ՋՈՒՂԱ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՈՎ

Ռիչարդ Մորնինգսթարը առատ խոստումներ է տվել` լինելով կասպյան տարածաշրջանի էներգետիկ հարցերով ակտիվ «խորհրդատու»-գործիչ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 19-ին հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ներկայացված Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: Հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ հարցերի հեղինակներն էին, իրենց աջակցությունն են հայտնել Մորնինգսթարի թեկնածությանը:

Հայ դատի ամերիկյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, աջակցություն նշված սենատորներն արտահայտել են միայն մի շարք հարցերի պատասխանները լսելուց հետո, մասնավորապես դեսպանի թեկնածուից հետաքրքրվելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիեւի ռեժիմի վերջին շարունակվող հարձակումների, Ջուղայի բազմադարյա հայկական գերեզմանատան ոչնչացման առնչությամբ: Սենատոր Բոքսերը, մասնավորապես, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հայտարարություն է ներկայացրել` ընդգծելով ապագա դեսպանի ուշադրության կենտրոնում պահելիք հարցերի շարքը` սկսելով հրադադարի ռեժիմի խախտման պայմաններում դեսպանին կոչ անելուց, որ վերջինս Ադրբեջանին խրախուսի պահպանել 1994-ի հրադադարի պայմանագիրը, ինչպես նաեւ հետաքննություն իրականացնի Ջուղայի գերեզմանատան ոչնչացման առնչությամբ:

Մորնինգսթարն իր պատասխաններում կրկին հավաստիացրել է, որ շփման գծի միջադեպերի առնչությամբ Ադրբեջանի կառավարությանը կհիշեցնի Քլինթոնի կոչերը: Ինչ վերաբերում է «Հայերն են աշխարհում մեր հիմնական թշնամին» Ալիեւի արտահայտությանը, պարզվում է, այդ երկիր գործուղման պատրաստվող դեսպանը իբր դեռ չի ճշտել այդ հայտարարության իսկությունը, բայց խոստանում է, «հաստատվելու դեպքում», ինքը կշեշտի, որ անպատասխանատու հռետորաբանությունն անընդունելի է եւ նվազեցնում է ջանքերը հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ջուղայի գերեզմանատան ոչնչացման առնչությամբ էլ Մորնինգսթարը վստահեցրել է, որ հաստատակամ է այցելելու Ջուղա` խոստանալով «ամեն ջանք գործադրել Ջուղայի գերեզմանատուն այցելելու համար, ինչպես նաեւ Ադրբեջանի կառավարությանն արտահայտել մեր մտահոգությունները ու շեշտել Ադրբեջանում հայկական կրոնական եւ մշակութային արժեքների պահպանման ու հարգելու կարեւորությունը»: Սենատոր Մենենդեսի հարցերին էլ ի պատասխան ասվածին Մորնինգսթարը ավելացրել է. «Մենք պետք է խիստ դիրքորոշում արտահայտենք որպես դեսպան ու Բաքվում, եթե ես լինեմ այնտեղ, պաշտպանենք հայկական եկեղեցու իրավունքները, ինչպես նաեւ շտկենք գերեզմանատան հանդեպ հարգանքի առնչությամբ իրավիճակը, եւ դա կլինի օրակարգի նշանակալի մասը»:

Ռիչարդ Մորնինգսթարին թերեւս հետագայում այս խոսքերը հիշեցնելու բազմաթիվ առիթներ լինեն, քանի որ նա ոչ թե մարդու իրավունքների հարցերով մշտապես հետաքրքրված դիվանագետ է, այլ էներգետիկ հարցերի պրոֆեսիոնալ «խրախուսող»: «Ազգը» ներկայացրել է, որ ապրիլի 26-ին ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից առաջադրված Մորնինգսթարը ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչն է: 2009-ից Հիլարի Քլինթոնի կողմից եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակված Մորնինգսթարը, որ պատրաստվում է լրացնել 2012-ի հունվարից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից այդպես էլ չզբաղեցված, թափուր մնացած ԱՄՆ դեսպանի պաշտոնը Ադրբեջանում, դժվար թե իր մասնագիտական որակները ներդնելու անհրաժեշտություն չունենա, ինչն էլ հաստատ հետին պլան կմղի հայկականին առնչվող բոլոր խոստումները:

Արտաքին քաղաքականության հարցերին գիտականորեն մոտեցող ու գործնականում էլ ակտիվ գործող Մորնինգսթարը, որ նաեւ եղել է ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի հատուկ խորհրդական կասպյան ավազանի էներգետիկ դիվանագիտության հարցերով, հաստատապես որպես «օրակարգային առաջնահերթություն» կզբաղվի նախ եւ առաջ էներգետիկ հարցերի ու կասպյան տարածքի այդպես էլ վիճահարույց մնացած բաժանման խնդիրներով: Եվ եթե այս ամենին ավելացնենք Ադրբեջանին առնչվող ամերիկյան այլ շահերի առկայությունը, մասնավորապես Աֆղանստանի ու Իրանի համատեքստում, ապա ակնհայտ է, որ Մորնինգսթարը խոստումներ տալու հարցում բավականին առատ է եղել:

Որպես այսօրինակ գնահատականի եւս մեկ ապացույց կարելի է բերել հենց իր` Մորնինգսթարի հայտարարությունները «Հարավային միջանցք» նախագծի առնչությամբ, երբ 1-2 տարի առաջ Շահ-Դենիզ հանքավայրից գազի առաքման համաձայնագրի ձգձգումների առնչությամբ դեռեւս ԱՄՆ-ի այդ հարցերով հատուկ ներկայացուցիչ Մորնինգսթարը այդ հարցում ներգրավված Ադրբեջանին ու Թուրքիային ամեն գնով կշտապեցներ ստորագրել նշված փաստաթուղթը: Իսկ քանի որ գազա-նավթային առնչությունները եւս Ադրբեջանի կտրվածքով մնում են ԱՄՆ գերակա շահերի շարքում, Մորնինգսթարը հակված կլինի հետեւելու իրեն քաջածանոթ թեմաների զարգացմանը, չնայածՙ հայկական հարցերի առնչությամբ ամերիկյան սենատորներին տված խոստումները առավել քան «խոստումնալից» են:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4