Գիտության մեջ հնարավոր է ունենալ ընդհանուրից առանձին տեսակետ: Մանավանդ երբ խոսքը պատմության մասին է: Այստեղ հայտնի դարձող մի փաստաթուղթ կարող է բոլորովին նորովի լուսաբանել պատմական իրադարձությունը: Այս իմաստով կարելի է ընդունել, որ ռուսաստանցի պատմաբան Ռուդոլֆ Իվանովը Ադրբեջանի «հարուստ պատմության մինչ այժմ անհայտ փաստերն» է ներկայացնում: Մի կողմ թողնենք հանգամանքը, որ «անկաշառ» պատմաբանն այդ ընթացքում դարձել է հարեւան երկրի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Նախիջեւանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, արժանացել «Բարեկամություն» շքանշանի: Իր հայրենիքում, ըստ երեւույթին, պրոֆ. Իվանովը ինչ-ինչ խնդիրներ ունի, որոնք փորձում է հաղթահարել «ձախ եկամուտներով»:
Կարելի է հաշտվել մտքի հետ, որ այդ մտասեւեռման մեջ նա թութակի պես կրկնում է «Լեռնային Ղարաբաղ հայերի վերաբնակեցման» մասին ադրբեջանական առասպելը: Մարդն ուզում է «լավությունների» համար վարձահատույց լինել: Իվանովի ասածներից պատմական իրողությունը չի փոխվում, եւ մենք այդ առումով անհանգստանալու բան չունենք:
Մեզ համար ավելի ցավալին ռուսաստանցի պրոֆեսորի բարոյական անկումն է: Խոսքը վերաբերում է իր երկրի եւ ժողովրդի պատմության հանդեպ նրա անհարգալի, եթե պարզապես չասենք` դավաճանական վերաբերմունքին: Ծերունազարդ Ռուդոլֆ Իվանովն օրերս գտնվել է Գյանջայում: Նախ նա այցելել է տեղի «ռեգիոնալ գիտական կենտրոն» եւ նվիրաբերել Ադրբեջանի «պատմության» մասին իր գրքերը, ապա լրագրողներին ասել, որ «հիացած է Ջավադ խանի հերոսական կերպարով եւ պետք է աճող երիատասարդությանը դաստիարակել նրա ոգով»:
Ինչի՞ եւ ո՞ւմ մասին է Իվանովի խոսքը: Ռուսաստանցի պատմաբանն այստեղ նկատի է ունեցել 19-րդ դարասկզբի Գյանջայի պարսկական կառավարիչ Ջավադ խանին: Վերջինս հայտնի է նրանով, որ հարձակվել եւ հիմնահատակ ավերել է Թիֆլիսը, երբ Վրաստանն արդեն ընդունել էր Ռուսաստանի հովանավորությունը: Նա է կազմակերպել եւ գլխավորել Գյանջայի պաշտպանությունը ռուսական զորքերից, որոնք Ցիցիանովի հրամանատարությամբ պաշարել էին քաղաքը: Ըստ ավանդույթի, այդ ճակատամարտում էլ Ջավադ խանը զոհվել է:
Որ Ադրբեջանում Ջավադ խանին հերոսացնում, նրա մասին ֆիլմ են նկարահանում` հասկանալի է: Այդ երկրում 19-րդ դարասկզբի ռուս-պարսկական պատերազմները գնահատվում են «նվաճողական, որի հետեւանքով միասնական Ադրբեջանը տրոհվել է երկու մասի»: Զարմանալին այն է, որ մերօրյա ռուսաստանցի պատմաբանը խորհուրդ է տալիս «սերունդներին դաստիարակել Ջավադ խանի ոգով»: Այսինքն` կատաղի ռուսատյացության ոգով:
Սա որեւէ կապ չունի գիտական «անաչառության» կամ «իրադարձությունները նոր հայացքով լուսաբանելու» հետ: Պատմաբան Իվանովի կեցվածքը դավաճանություն է իր երկրի եւ նրա ժողովրդի պատմության հանդեպ: Այսքանից հետ չարժե զարմանալ, որ նա Գյանջայում ասել է, որ իր հայրենի Պյատիգորսկում նույնպես «հայերն իրենց լկտի են պահում»: Հարազատ ժողովրդին դավաճանողից ուրիշ ի՞նչ կարելի է սպասել:
Վ. Ա.