Դրան զուգահեռ պետք է լինի աղքատության խնդրի լուծումը
Երեկ Ազգային ժողով ներկայացրած կառավարության ծրագրի մասին տարբեր տեսակետներ են հնչում եւ դեռ հնչելու են: Ինչպես եւ յուրաքանչյուր ծրագիր, նրա արժեքը կկարեւորվի, երբ կյանքի կկոչվի եւ արդյունքները տեսանելի կլինեն: Ինչպես օրինակ այսօր բոլորի համար տեսանելի են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության (ինտերնետ, բջջային կապ եւ այլն) ոլորտում վերջին տարիներին գրանցված կտրուկ զարգացումը կամ աղետի գոտում կառուցված հազարավոր բնակարանները: Իսկ մինչ այդ, ծրագրի արժեքը պետք է կարեւորել այնքանով, որքանով իրագործելուն ուղղված քայլերը կոնկրետ են, իսկ իրագործելն` իրատեսական:
Ակնհայտ է, որ Հայաստանն այժմ պետք է կարողանա գոնե մոտենալ 2000-ականների բարձր տնտեսական աճի ցուցանիշներինՙ ապահովելու տնտեսության կայուն զարգացումն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը: Այլ բան է, որ այս անգամ դա պետք է տեղի ունենա ոչ թե գերազանցապես մեկ ճյուղի (այն ժամանակ շինարարության) բուռն զարգացմամբ: Այս առումով ճգնաժամին հաջորդող տարիներին նկատելի քայլեր արվել ենՙ տնտեսության դիվերսիֆիկացման եւ հատկապես իրական հատվածի մրցունակության բարձրացման համար: Տիգրան Սարգսյանի գլխավորած նոր կառավարության հիմնական նպատակն, ըստ էության, այդ քաղաքականությունը շարունակելն է:
Պատահական չէ, որ նոր ծրագրում տնտեսության զարգացման եւ մրցունակության բարձրացման համար, բացի բարենպաստ բիզնես միջավայրի ապահովումից, պետությունը ծրագրում է ուղղակիորեն մասնակցել արդյունաբերական քաղաքականության իրականացմանը: Խոսքը արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության 11 ճյուղերի պետական աջակցման մասին է: Առիթ ունեցել ենք նշելու, որ արդյունաբերության զարգացմանն աջակցելու ծրագիրը աննախադեպ է Հայաստանի Հանրապետության գոյության ավելի քան 20 տարիների համար նրանով, որ առաջին անգամ պետությունը համալիր ծրագիր է մշակել եւ ցանկանում է իրագործել արդյունաբերության ոլորտում:
Տնտեսության իրական հատվածը ներկայացնող մյուս ճյուղի` գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունը եւս շարունակվելու է: Պետությունն աջակցելու է առավել մատչելի դարձնելու պարարտանյութը, վառելիքը, գյուղտեխնիկան, սերմերը, սուբսիդավորելու է գյուղական վարկերի տոկոսադրույքները: Հատկանշական է, որ բացի գյուղատնտեսությունից, կառավարության նոր ծրագրում առաջնահերթ է համարվում գյուղական դպրոցների, ճանապարhների կառուցում, գյուղը խմելու ջրով, գազով, ոռոգման ջրով, հեռախոսակապով, կայուն էլեկտրաէներգիայով ապահովումը: Այսինքն, գյուղացու եւ գյուղատնտեսության խնդիրները դրվում են նույն հարթակի վրա, գյուղում կյանքի որակը փոխելու նկատառումով:
Երկրի համար ռազմավարական նախագծերից, ըստ կառավարության ծրագրի, Գյումրիում Տեխնոպարկի նոր շենքն է կառուցվելու, Դիլիջանումՙ կենտրոնական բանկի նորակառույց մասնաշենքի եւ հարակից ենթակառուցվածքները, Երեւանումՙ ռադիոիզոտոպային արագացուցիչը, որի կառուցումից հետո կգործի գերժամանակակից օնկոլոգիական ախտորոշման կենտրոն, շարունակվելու է ռազմավարական նշանակություն ունեցող հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, ավարտվել է Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքների բանակցային փուլը եւ մշակվում է ֆինանսական ներդրումների ճանապարհային քարտեզ: Սրանք նախագծեր են, որոնք կարող են իրենց հետեւից տանել տնտեսության ամբողջ ճյուղեր, ստեղծելով նոր ենթակառուցվածքներ եւ աշխատատեղեր:
Սակայն տնտեսական բարձր աճի ապահովմանը, տնտեսության իրական հատվածի մրցունակության բարձրացմանն ու զարգացմանը զուգահեռՙ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի դրանց արդյունքները մարդկանց հասանելի դարձնելը: Խոսքը սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական հարցերին է վերաբերում: Մասնավորապես, ճգնաժամից հետո խիստ մտահոգիչ է աճ արձանագրած աղքատության ցուցանիշը: Եթե երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը կամ ավելի քան 1 մլն մարդ աղքատության շեմից ցածր է գտնվում, ապա դա պետք է լինի լուծվելիք թիվ 1 սոցիալական խնդիրը:
Կառավարության ծրագրում առաջիկա 5 տարիների կտրվածքով նախատեսված է աղքատության կրճատման ապահովումՙ 8-10 տոկոսային կետով, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/աղքատության գիծ ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում, միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացումՙ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի եւ այլն: Սրանք, իհարկե, լուրջ նպատակներ են, բայց 5 տարին այդ նպատակներին հասնելու համար, երկար ժամանակ է: Կառավարության ծրագրի հիմքում ընկած գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու եւ արարելու լավագույն հնարավորությունները, հարկ է իրագործել հնարավորինս շուտ, առաջին հերթին լուծելով առավել սուր դրված աղքատության հիմնախնդիրը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ