Մինչեւ «Հարսնաքար» ռեստորանում կատարված դեպքը համոզված էի, որ մեր բանակը, զինվորը, սահմանը, բոլորիս համար բացարձակ արժեք են, սրբություն ու վեր ամեն շահից, կուսակցությունից, գաղափարից: Բանակն ու զինվորը մի ուժ են, ում շնորհիվ է մեր քունը հանգիստ, պետության սահմաններնՙ ամուր ու անվտանգ: Հետեւաբար բանակի արժեքն ու զինվորին հարգելը, գնահատելը, օգնելն ու նրանով հպարտանալը մեր պարտքն է: Համոզված էի, որ այս մտածելակերպը համընդհանուր է, համոզված էի, որ ինչպես երթուղայինի վարորդը զինվորից ուղեվարձ չի վերցնում, ասելովՙ «տղա ջան, սրան մի քաղցր բան կառնես, կուտե՛ս», այնպես էլ օլիգարխ-պատգամավորի թիկնապահը չի կարող ձեռք բարձրացնել զինվորականի վրա:
Հոսպիտալի բժիշկ, ՊՆ մայոր Վահե Ավետյանը, որը բազմաթիվ կյանքեր է փրկել, արդեն չորրորդ օրը կյանքի-մահու կռիվ է տալիս: Հերթական վիրահատության ընթացքում հեռացրել են բժշկի ուղեղում առկա հեմատոմային մնացորդները: Նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: Բժշիկներն ասում են, որ բժշկական միջամտությունն անհնարին է, բժիշկներն անզոր են որեւէ կերպ օգնել: Ռազմական մյուս բժիշկըՙ Գարիկ Սողոմոնյանը, Մուրացանի հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում է. նրա վիճակը շարունակում է գնահատվել միջին ծանրության: Երրորդ բժշկիՙ Արտակ Բայադյանի վիճակը կայուն է:
Այս ամենը միայն այն պատճառով, որ մեր երկրում որոշ մարդկանց ներվում է ամեն այլանդակություն: Ավան թաղամասից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն առաջին անգամ չէ նման սկանդալի կենտրոնում հայտնվում: Նա արդեն հասցրել է ֆուտբոլիստի ծեծել, մարզչի ահաբեկել, լրագրողի հայհոյել, պատգամավորության թեկնածուին սեռական բնույթի վիրավորանք հասցնել. հերթը հասավ նրան, որ պատգամավորին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցըՙ Գարիկ Մարգարյանը, ծեծեց ՊՆ երեք պաշտոնյայի:
Երբ կարդացի մայորին ծեծելու մասին լուրը, վստահ էի, որ պատերազմի բովով անցած ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը հաստատ կարձագանքի ու կդատապարտի, մանավանդ որ դեպքը վերաբերում է զոռբայությանը...
Մայորի հետ կատարվածը կարծես հուզել, զայրացրել ու վիրավորել էր միայն լրագրողներին, բլոգերներին ու սոցիալական ցանցերի առավել ակտիվ օգտատերերին: Անշուշտ նաեւ բժիշկներին: Կատարվածն այլանդակության, լկտիության, զոռբայության ապացույց է, որը պետք է արժանի պատասխան ստանա: Առավել սարսափելի է, որ նրա հեղինակը իշխանության ներկայացուցչի, հասարակության «ընտրած» պատգամավորի աշխատակիցն է եւ չէր կարող նման արարք իրեն թույլ տալ առանց շեֆի, մեղմ ասած, ներողամիտ վերաբերմունքի: Հետեւաբար պետք է պատժվի ոչ միայն զինվորի վրա ձեռք բարձրացրած թիկնապահը, այլեւ շեֆը: Հակառակ դեպքում սխալը կդառնա անուղղելի ու շարունակական:
Կատարվածի ֆոնին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի facebook-ում տարածած հաղորդագրությունն էլ իրերի վիճակը չի փոխում: Թեպետ նա զղջում է կատարածի համար ու խոստանում մեղավորներին պատժել, սակայն վստահ եմ, պատգամավորն էլ գիտիՙ ովքեր են իր ենթակաները:
Բացի դրանիցՙ Ռուբեն Հայրապետյանն այնքան հաճախ է նման իրավիճակներում հայտնվել ու ներվել, որ Գարիկ Մարգարյանը վստահ է եղելՙ օլիգարխ պատգամավորը մեջքին կանգնած է:
Կատարվածի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շաունակվում է: Այն իրականացնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունը: Ոստիկանության փոխանցմամբՙ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել են 4 հոգիՙ «Հարսնաքար»-ի անվտանգության ծառայության 2 աշխատակիցներ, մենեջերն ու մատուցողը: Ձերբակալվածների թվում է նաեւ միջադեպի հիմնական «հերոս» Գարիկ Մարգարյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Դեպքից միայն 4 օր անցՙ երեկ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել. «Նախարարությունը խստորեն դատապարտում է ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսեւորումը, անկախ նրանիցՙ տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Նախարարությունը հետեւում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նախարարությունը իր զորակցությունն է հայտնում տուժածներինՙ վստահեցնելով, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսեւորումների նկատմամբ»:
Նկար 1. «Հերոսը»` Գարիկ Մարգարյան