«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ԱՍՔԱՆԱԶ ՄՌԱՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ՏՎԵՑ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Երեւանի կենտրոնում, Զաքյան թիվ 2 հասցեում գտնվող 75 տարվա անցյալ ունեցող Ասքանազ Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցն այս տարի տվեց իր վերջին շրջանավարտներըՙ 14-ը ավագ, 13-ըՙ 9-րդցիներ: Այսօր դպրոցում փաստացի մնացել է 45 աշակերտ:

Երեկ «Ազգի» խմբագրությունն էին դիմել մի քանի տասնյակՙ վերը նշված դպրոցի աշակերտների ծնողներ եւ շրջանավարտներ ու իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում կրթօջախը փակելու կապակցությամբ: «Ազգը» լսեց նրանց դժգոհությունները, որոնք մեծ մասամբ վերաբերում էին կրթօջախի լուծարմանը, աշակերտներին այլ դպրոցներ տեղափոխելուն, դրանց նկատմամբ կառավարության անարդարացի որոշմանը եւ այլն: Հարությունյանների ընտանիքը, օրինակ, վրդովված էր, որ երեք սերունդ կրթվել է այդ կրթօջախում եւ այժմ ստիպված բնակավայրից հեռու դպրոց պետք է տանեն իրենց թոռներին:

Դպրոցի տնօրեն Գայանե Ամիրյանի հետ «Ազգը» զրուցեց եւ տեղեկացավ, որ քաղաքում մեծ հեղինակություն վայելող դպրոցը 1985-ից մատնվել է անուշադրության: «Ամեն տարի դիմել ենք քաղաքապետարան (նշեմ, որ դպրոցը գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում-Մ. Մ.)ՙ գոնե մասնակի վերանորոգման խնդրանքով, սակայն ոչ մի աջակցություն չի եղել: Տանիքի վերանորոգման, ջեռուցման, կահավորման, սանհանգույցների եւ էլի շատ հարցերի պատասխանները մնացել են անպատասխան...»: Այո, այսօր դպրոցի շենքը, կարելի է ասել, խիստ վերանորոգման կարիք ունի, եւ զարմանալի է, որ նման կրթօջախում դեռ ուսուցման պրոցեսներ են ընթացել: Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ 2 ակադեմիկոս, 5-ից ավելի խոշոր գիտնականներ, բազմաթիվ բժիշկներ, մանկավարժներ, փաստաբաններ, ինժեներներ տված կրթօջախում այսօր 72 աշակերտ է ուսումնական տարին բոլորել: Այդ եւ թե ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցի 21 ուսուցիչներին, սաներինՙ հարցերը «Ազգը» խնդրեց պարզաբանել Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին :

«ՀՀ կառավարության 10 մայիսի 2012 թվականի N 601Ա որոշմամբՙ Երեւան քաղաքի Զաքյան թիվ 2 հասցեում գտնվող կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետական կառավարչական հիմնարկի տնօրենությանՙ 14.919.000 դրամ հաշվեկշռային արժեքով ու 32.613 քմ ընդհանուր մակերեսով շենքը (այսինքնՙ Ասքանազ Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը-Մ. Մ.) ամբողջությամբ հետ վերցնել օգտագործողից եւ ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին», ահա այսպիսին է եղել որոշումը:

Տկն Սողոմոնյանն ասաց, որ կառավարության որոշումը քաղաքապետարանի հաշվեկշռից տեղափոխելը իր հիմքերն ունի: Մեկնաբանելովՙ կրթության վարչության պետը նշեց. «Դպրոցը թերբեռնված է երկկոմպլեքս դասարաններով: Տարրական դասարաններում չկան աշակերտներ-խոսքս առաջին եւ երկրորդ դասարանների մասին է-տարրականում սովորում է ընդամենը 15 երեխա, 5-րդ դասարանում չկա աշակերտ, 6-րդումՙ 9 աշակերտ, 7-րդումՙ 8, 8-րդումՙ 13, 9-րդումՙ13, 10-րդում եւ 11-րդումՙ չկա աշակերտ: Տարիներ շարունակ այս կրթօջախ հաճախողների թիվը գնալով նվազել է: Պարզապես ծնողները չեն ցանկացել իրենց երեխաներին այդ դպրոց տանել եւ գերադասել են այլՙ ավելի լավ որակում գտնվող դպրոցները: Դպրոցը տաքացվում էր էլեկտրական հոսանքով, որը շատ ավելի լուրջ ծախսերի առաջ է կանգնեցրել քաղաքապետարանին, եւ այդքան քիչ աշակերտով շուրջ 32.613 քմ տարածքի ջեռուցման համար անտեղի լուրջ ծախսեր են կազմել: Դրան գումարած 21 ուսուցիչներին (50 տոկոսով) աշխատավարձի վճարումը եւ յուրաքանչյուր մեկ աշակերտի համար հատկացվող մոտ 104.000 դրամ եւ այլն»:

Տկն Սողոմոնյանը պատմում էր, որ մի քանի հանդիպումներ են եղել դպրոցի տնօրենի, ուսուցչական կոլեկտիվի հետ, բացատրվել ու ներկայացվել է խնդիրը: Ամեն մի ուսուցիչ իր մասին գրավոր տեղեկություն է ներկայացրել, որպեսզի մինչ ուսումնական տարվա սկիզբը քաղաքապետարանի կրթության վարչությունը նրանց ապահովի աշխատանքով եւ, ինչպես մյուս մանկավարժները, կարողանան մասնակցել մրցույթներին: Իսկ դպրոցի մնացյալ 45 աշակերտները, ըստ տկն Սողոմոնյանի, կտեղավորեն համայնքում գտնվող Շեւչենկոյի եւ Չարենցի անվան դպրոցներումՙ ըստ ցանկության:

«Քաղաքապետարանը մեկնում է իր բարեկամական ձեռքըՙ աջակցելու բոլորին: Մեր ծանուցումը ստորագրել են ուսուցիչները, բացի մեկ թոշակառու եւ մեկ զինղեկ ուսուցիչներից, եւ հինգշաբթի օրը կլինի հանդիպում ծնողների հետ», ասաց տկն Սողոմոնյանը: Վերջինս մտահոգ էր, որ մեկ դասարանում 5 կամ 7 աշակերտ ունեցող ուսուցիչները որեւէ առարկայական օլիմպիադաներին, մրցույթներին չեն ներկայացրել իրենց սաներին: Մնում է ենթադրել, որ դպրոցը կրթական մակարդակով թերի է եւ գուցե հենց դա է պատճառը, որ տարեցտարի դպրոցը կորցնում է նոր սաներ ունենալու ակնկալիքը եւ արդեն երկու տարի է չունի առաջին, երկրորդ դասարանցիներ:

Ինչեւէ, շատ ցավալի է, որ մայրաքաղաքի սրտում կրթօջախ է փակվում, եւ այդ հարցն առաջ է եկել 20-25 տարվա ընթացքում, որի արդյունքն այսօր արդեն կառավարության կողմից ուժի մեջ մտած որոշումն էՙ կրթօջախի շենքը տրամադրել փաստաբաններին...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4