Մի քանի օր է թերթում եմ Վահե- Վահյանի «Բանաստեղծին սիրտը» նամականին, բնավ չպատրաստվելով այն կարդալ մեկ շնչով, սակայն չեմ կարողանում գիրքը վայր դնել: Ամեն էջի հետ, կարծես թե, ապրում եմ այն ժամանակների շնչով, երբ գրվել են այդ մաքրամաքուր արեւմտահայերենով շարադրված տողերը:
«Մեկ ժողովուրդ, երկու կատարյալ լեզու. նախանձելի է, չէ՞ ...»
Անշուշտ, ավելի հարազատ ու սրտամոտ են այն նամակները, որոնք գրվել են Վահյանին ճանաչելու, ինձ բախտ վիճակված ժամանակաշրջանում եւ հետագայում, երբ ոչ միայն նրան ճանաչելը, այլեւ մտերիմ լինելը, հարգանքն ու ակնածանքն արդեն բյուրեղացած են եղել:
Նայում եմ հաստափոր գրքին, «որի չափերը, անկեղծ ասած, դուրս չեն գալիս», սակայն, երբ տեսնում եմ նամակների ցանկն անգամ, մտածում եմ ո՞ր նամակը կարելի էր զեղչել, չհրապարակել. Թեքեյանի՞, Օշականի՞, Ծառուկյանի՞, Շուշանյանի՞, Պեշիկթաշլյանի՞, Անդրանիկ Անդրեասյանի՞, Արշակ Չոբանյանի՞, Գուրգեն Մահարո՞ւ, Վազգեն Վեհափառի՞, Ալեք Մանուկյանի՞, Վարդգես Համազասպյանի՞, Մարո Մարգարյանի՞, Մորուս Հասրաթյանի՞, կարող եմ շարունակել թվարկել մտավորական աստղաբույլի մի քանի տասնյակն անցնող ցանկը, որովՙ այլեւս կարիք չկա այլ մեկնաբանության, քանզի նամակների թե՛ թիվը, թե՛, առավել եւս, որակն արդեն գրքի արժանիքների մասին են վկայում:
Անշուշտ, նվաստիս նամակը անվերապահորեն կարելի էր զեղչել, սակայն ընթերցողի «գործն այն կթեթեւացներ միայն մեկ էջով» ...
Նորից ասենք, որ գրքի լեզուն բացառիկ գրագետ է, ոսկեղենիկ հայերենով, ճոխ, երբեմն, «ճռճռան» լեզու, խիստ տրամաբանված ու ինքնատիպ ոճով:
Քանի որ ծանոթ եմ Վահյանի բանավոր խոսքին, ասեմ, թե՛ գրիչը, թե՛ խոսքը միայն վահյանական են, երբեք այլոց չնմանվող, թե՛ մեղմ են ու հանդարտ, թե՛ պաթետիկ:
Թողնենք գրիչն ու ոճը եւ ասենք, որ ողջ գիրքը լիքն է մտահոգություններով, նույնիսկ, տագնապներով, հաճախ ահազանգերով, պարտավորության զգացումով, դիմացինի նկատմամբ շեշտված հարգանքով, մեծահոգությամբ, հաճախ տեղին դիտողություններով ու այպանանքով, սակայն այնքան զուսպ ու բարեկիրթ, որ շատ կցանկանայի այդ «հիվանդությամբ վարակված» տեսնել մերօրյա գրողներին:
Նամականին այնքան լայն, այնքան տարբեր բնագավառներ է ընդգրկել, որ բնորոշելու համար միայն ունիվերսալ բառն է գլխումս պտտվում այս պահին, չգտնելով հայերեն հոմանիշը:
Գիր, գիրք, թերթ, եկեղեցի, ազգային խնդիրներ, բարեգործություն, ուսում, պատմություն, ազգային աղետի մանկուց մնացած ցավ եւ, վերջապես, սեր, էլ ինչ ասեմ, չգիտեմ: Հանրագիտարանային ընդգրկում, բարեբախտաբար, մի ոչ կարճ կյանք, նվիրում, բոլորանվեր նվիրում եւ ազգի բազկերակը բռնած Վահե-Վահյան:
Բերել մի քանի օրինակ նամակներից, ցույց տալ, վերլուծել, մեկնաբանել չեմ համարձակվում, չնայած բոլորն էլ ներշնչում են, վերաբերմունք ու խոսք են ուզում: Որի մասին խոսել, որը թողնել, բոլորի մեջ էլ մի ոսկյա հատիկ կա, իսկ թվարկել նրանց, որտեղ ոսկյա հատիկները շատ են, կթերագնահատվի մեկ հատիկի արժեքը ...
Հատկապես, տողերիս հեղինակը չի կարող երկու խոսք չասել Վահյանի այն նամակներին, որոնք ուղղված են Լիբանանի հայ համայնքի պատերազմական տարիներին «ընդմիջումներով ավելի քան 20 տարի», երբ բանաստեղծը մեծ խնդիր է տեսել հայկական կուսակցությունների կենտրոնները Լիբանանից այլ երկրներ տեղափոխելու մտայնության մեջ:
Անշուշտ, վտիտ են Վահյանի ջանքերը ԱՄՆ-ում կայացված որոշումներին, «որին հակակշիռ էր Մոսկվան» դիմակայելուն, սակայն բնորոշում են Վահյանինՙ սթափ մտածողին, հայրենասերին, քաղաքացուն:
Որքան էլ ասելիքս երկարի, չեմ կարող չանդրադառնալ Վահյանի մտերմական, սիրային նամակներին:
Ի՜նչ մաքուր զգացմունք, ի՜նչ հուզականություն, ի՜նչ երաժշտականություն, մեղեդիանման զեղումներ, հոգու մաքրություն, կին արարածին պաշտամունքով ու երկյուղածությամբ նվիրվելու, կասեի, արվեստ: Բնության, հոգու, զգացմունքների մաքրության ու քնքշության մի բույլ են Վահյանի գրչից դուրս ելած տողերը, հատկապես այսօրվա ակնոցով դիտելիս, պլատոնական ու Աստվածային են նրա ապրումներն ու երազները:
Նախանձելու եմ այն մարդկանց, որոնց առջեւ դեռ կա գիրքն ըմբոշխնելու առիթը:
Որքան էլ աշխատեցի բացառել որեւէ մեջբերում, սակայն այս տողերին դիմակայել չկարողացա, «Վահյանըՙ կնոջը».
«...Ես մոտենում եմ մարմնիդՙ որպես տաճարի մը, ուր կբնակի իմ սիրած հոգիս: Թող բացակայի հոգին, ու տաճարն իր ամբողջ շքեղությամբ կը վերածվի ողորմելի տրտմության մը...»:
Բանավե՞ճ, թե ինչ-որ համաձայնության էին գալու Ավետիք Իսահակյանն ու Վահյանը «անկիրք, անմարմին, անգութ սեր չկա»-ն ու «հոգու տաճարը» քով քովի դնելիս, չգիտեմ:
Արդ, բարի ընթերցում մեր գրասերին, իսկ կազմողին, խմբագրին ու ծանոթագրողին, ճանաչված ու փնտրված պրն. Արամ Սեփեթճանինՙ շնորհակալանքի ու երախտագիտության խոսքեր ու ձեռքսեղմումներՙ մեր գրքաշխարհը մի նոր, պատմական, գեղարվեստական, վավերագրական, հիմնարար գրքով հարստացնելու համար:
Շնորհակալություն Ցոլակին, տիկնոջըՙ Շաքեին, որոնք իրենց հոր, արդեն հավերժացած հիշատակը մեկ էջով եւս հարստացրին, հարստացնելով նաեւ գրասերներին:
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ
Հ. Գ. Քանի որ վստահ եմ, թե շուտով կհրապարակվեն հոդվածներ, ուր կթվարկվի, թե 312-րդ նամակը Համազասպյանին չի ուղղված, այլ ուրիշի, ուստի, խնդրում եմ չմոռանալ, որ ինձ ուղղված նամակում էլ մի թվի սխալ կա, տեսնենք «փնտրողը» կգտնի՞...
Նկար 1. Նկարի հեղինակ` Աշոտ Զորյան