Այսօր ժամը 17-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում` Երեւանի պատմության թանգարանի ցուցասրահում տեղի կունենա լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը:
Զավեն Խտըշյանը ծնվել է 1932 թ. Բեյրութում: 1949-1952 թթ. ուսանել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում: 1958 թ. ավարտել է Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցը:
Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը Լիբանանում, Լիբանանի մեծագույն մտավորական Ժըբրան Խալիլ Ժըբրանի կիսանդրին, Գարեգին Նժդեհի կիսանդրին, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում:
Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է:
1976 թ. Ֆրանսիայի հանրահայտ Larousse հրատարակչությունը լույս է ընծայել Lart et le monde moderne` «Արվեստը եւ արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է նաեւ Զավեն Խտըշյանի անունը: