Արդէն տասը տարի է Փարիզի «Մաշտոց» հայ լեզուի պաշտպանութեան միութիւնը (գիտամեթոդական ղեկավար Սորբոնի համալսարանի դոկտոր, պրոֆ. Հիլդա Գալֆայեան-Փանոսեան) եւ Խ. Աբովեանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը (տնօրէնՙ դոկտոր, պրոֆ. Սուրէն Դանիէլեան) Երեւանի, ՀՀ մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի դպրոցներում իրագործում են արեւմտահայ լեզուի եւ գրականութեան մէկամեայ փորձնական ծրագիր (շաբաթական չորս ժամ ծանրաբեռնուածութեամբ), որին ընդգրկուել են շուրջ եօթը տասնեակ դպրոցներ:
Դասընթացի աշխատանքները համակարգում էին «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տեսուչներ Քնարիկ Աբրահամեանը, Յովհաննէս Եղոյեանը եւ Մարօ Խաչատրեանը:
«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնում յունիսի 9-ին մէկտեղուեցին 2011-2012 ուստարուայ ծրագրի մասնակից դպրոցների սաներըՙ ներկայացնելու իրենց ամբարած գիտելիքները:
Անցած ուսումնական տարում կատարուեց մեծ աշխատանք. իւրացուեցին արեւմտահայ լեզուի հիմնարար տարրերը, դասական ուղղագրութեան կանոնները, արեւմտահայ դասական եւ սփիւռքահայ գրական շրջանները: Անցկացուել են դասալսումներ, քննարկուել են ուսումնական գործընթացի հետ կապուած առօրեայ խնդիրներ, ուսուցիչներն ստացել են յանձնարարականներ եւ խորհուրդներ: Գրողների ստեղծագործութիւնների ծրագրային իւրացումը ուղեկցուել է համակարգչային նորագոյն եղանակների կիրառութեամբ: Աշակերտների օգնութեամբ կազմուել են ուսումնական ցուցափեղկեր, կազմակերպուել են հանդիսութիւններ, ուղղագրական կանոններին վերաբերող պաստառներ: Շատ ուսուցիչներ փոխադարձ դասալսումներ են իրականացրել, ինչից հարստացել է իրենց ուսումնամեթոդական զինանոցը: Աշակերտները այցելել են թատրոնՙ ներկայացումների, Գրողների միութիւնՙ գրքի շնորհանդէսների, ընդունել են Սփիւռքի գրողներից լիբանանահայ Արամ Սեփեթճեանին: Պանթէոնում Պետրոս Դուրեանի յուշաքարի մօտ անցկացուել է արեւմտահայ բանաստեղծութեան գողտրիկ փառատօն:
Մրցոյթ-ստուգատեսի ընթացքում աշակերտները հնարաւորութիւն ունեցան ի ցոյց դնելու իրենց գիտելիքներըՙ պատասխանելով քննատոմսի 10 տարաբնոյթ հարցերի:
Ընդգծենք, որ մրցոյթին դպրոցներից մասնակցում էին վեցական աշակերտ: Յանձնախումբը, ելնելով աշակերտների պատասխանների անմիջական արդիւնքներից, կազմեց առաջադիմութեան ամփոփիչ սանդղակ:
Առաջին տեղն անվիճելիօրէն գրաւեցին Վարդենիսի թիւ 1 աւագ դպրոցի աշակերտները: Երկրորդ տեղում Երեւանի թիւ 84 դպրոցի 8-րդ դասարանցի սաներն էին, երրորդումՙ 179 դպրոցի աշակերտները: Լաւագոյնների շարքում էին Էլէն Ղազարեանը, Լիլիթ Յովանեանը, Միլենա Բարսեղեանը, Լիլիթ Վարդանեանը, Զարինէ Գրիգորեանը, Մարիանա Հայրապետեանը եւ ուրիշներ:
Միւս տեղերում յաջորդաբար հանգրուանեցին Սիսիանի, Ճամբարակի, Կարմիր գիւղի եւ Երեւանի թիւ 10 դպրոցի աշակերտները:
Յունիսի վերջին, երբ Երեւանում կը լինի «Մաշտոց» միութեան նախագահ պրոֆ. Հիլդա Գալֆայեանը, յանձնախումբը կ՚այցելի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գիւղի կրթահամալիրՙ տեղում ստուգելու աշակերտներիՙ արեւմտահայ գրամշակութային աշխարհի իմացութեան աստիճանը:
«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի լրատուութիւն