«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԽԱՂ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հունիսի 20-ին լրացավ հայկական ֆուտբոլի ամենավառ «աստղերից» մեկիՙ Էդուարդ Մարգարովի ծննդյան 70-ամյակը: Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ լեգենդար ֆուտբոլիստի մեծարման արարողությունը, որը վարում էին մարզական մեկնաբաններ Համլետ Ղուշչյանը եւ Գեորգի Չերդանցեւը: Հոբելյանի առիթով ընկերական մրցախաղ անցկացրին Հայաստանի եւ Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստները: Մեր թիմի կազմում ֆուտբոլասերները կրկին խաղադաշտում տեսան «Արարատ-73-ի» լեգենդար ֆուտբոլիստներ Ալյոշա Աբրահամյանին, Նորայր Մեսրոպյանին, Արկադի Անդրեասյանին, Էդուարդ Մարգարովին ու Հովհաննես Զանազանյանին, ինչպես նաեւ ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Առողջական խնդիրների պատճառով հանդիպմանը չկարողացան մասնակցել Նիկոլայ Ղազարյանն ու Սերգեյ Պողոսյանը:

Մարգարովը խաղադաշտ մտավ թոռներիՙ Հրանտի եւ Ալլայի հետ ու խորհրդանշական առաջին հարվածով փոխանցեց գնդակը նրանց: Ռուսաստանի հավաքականի կազմում խաղին մասնակցեց Մարգարովի որդինՙ Էռնեստը:

Ինչպես ընդունված է նման հանդիպումներում, գրանցվեց ոչ-ոքի խորհրդանշականՙ 7-7 հաշվով: Հաշիվը Մարգարովի փոխանցումով բացեց Սամվել Պողոսյանը, իսկ 2-րդ գոլը խփեց հոբելյարը: Մեր թիմում հեթ տրիկի հեղինակ դարձավ Արամ Վարդանյանը, աչքի ընկան նաեւ Կարեն Դոխոյանն ու Տիգրան Եսայանը: Հյուրերից 3 գոլ խփեց Դմիտրի Կուզնեցովը, 2 գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Կիրյակովը, մեկական անգամ էլ աչքի ընկան Անդրանիկ Մարգարյանն ու Վալերի Շմարովը:

Խաղից հետո Մարգարովին իրենց բարեմաղթանքները հղեցին նրա խաղընկերները:

Նիկոլայ Ղազարյան - Իհարկե, մի քիչ ցավալի է, որ տարիներն անցնում են ու հասակ ենք առնում: Մյուս կողմից ուրախալի է, որ այսօր մեծարում ենք Էդուարդ Մարգարովինՙ իր ծննդյան 70-ամյակի առթիվ: Հաճելի է, որ տարբեր առիթներով հանդիպում ենք, կրկին միասին խաղադաշտ ենք դուրս գալիս: Ընդհանրապես Մարգարովին համարում եմ հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Նրա հետ խաղալը մեծ հաճույք էր մեզ համար, նա իր ներկայությամբ վստահություն էր ներշնչում բոլորիս: Մարգարովն «Արարատի» հարձակման գծի առաջատարն էր, նա ֆենոմենալ ֆուտբոլիստ էր: Հոբելյանի առիթով շնորհավորում եմ Էդիկին, ցանկանում եմ առողջություն եւ երկար տարիների կյանք:

Հովհաննես Զանազանյան - Մարգարովը հոյակապ ֆուտբոլիստ ու անձնավորություն է: Երբ «Նեւթչիից» տեղափոխվեց «Արարատ», զգալիորեն ուժեղացրեց թիմի հարձակման գիծն ու մեծ ներդրում ունեցավ հաջողությունում: «Արարատն» այն ժամանակ արդեն կազմավորված կոլեկտիվ էր, պակասում էր միայն կենտրոնական ուժեղ հարձակվողը: Մարգարովը շատ շուտ մերվեց կոլեկտիվին: Մենք խաղադաշտից դուրս էլ մշտապես ընկերություն ենք արել, երբեւէ մեր մեջ վիճաբանություն չի եղել, համերաշխ ենք եղել խաղադաշտում ու կյանքում: Մարգարովն ի ծնե ռմբարկուի հատկանիշներով էր օժտված: Պատահական չէ, որ նա 100-ից ավելի գոլեր է խփել ու Գրիգորի Ֆեդոտովի ակումբի անդամ է: Այդ ակումբում նա Նիկիտա Սիմոնյանից հետո 2-րդ հայն է: Ամենայն բարիք եմ ցանկանում հոբելյարին:

Արկադի Անդրեասյան - Թեեւ տարիներն անցնում են ու մենք էլ ծերանում ենք, բայց դեռեւս ուժ ու եռանդ ունենք նման ուրախ առիթների ժամանակ կրկին միասին խաղադաշտ դուրս գալու ու վերհիշելու այն երանելի տարիները, երբ «Արարատը» տոն էր տալիս ԽՍՀՄ առաջնություններում: Ցավոք, «Արարատի» աստղային կազմից այսօր ոմանք արդեն ողջ չեն: Մեր թիմում ամենատարեցը Մարգարովն էր, որին էլ այսօր մեծարում ենք: Իմ ընկերոջը երկար տարիների կյանք եմ մաղթում, առողջություն ցանկանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4