Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումների առաջին օրը մրցագորգ դուրս եկած 4 հայ ըմբիշներից միայն Վոլոդյա Ֆրանգուլյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: Մինչեւ 60 կգ քաշային կարգում հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչիցՙ 3-1 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Վլադիմիր Նեչուպորոկին: Հաջորդ գոտեմարտում Ֆրանգուլյանը 0-3 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սելահաթին Կիլիցալայանին: Վերջինս հասավ մինչեւ եզրափակիչ, ուստի Ֆրանգուլյանն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Նա հաջորդաբար հաղթեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սամիսորովին եւ հունգարացի Ժոզեֆ Մոլնարին եւ արժանացավ բրոնզե պարգեւի: