«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2012-06-20 | #112, 2012-06-21 | #113, 2012-06-22


ԲԱՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՎՐՈՊԱՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

Եվրոմիությունը կարծես «հոսում է» հակամարտության կարգավորման գործում ակտիվանալու հունով, բայց դրան ակնհայտորեն պատրաստ չէ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջանը հաճախ է փորձեր անում ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբից տարբեր կառույցներում ու կազմակերպություններում նախաձեռնելու ադրբեջանամետ դիրքորոշումը պաշտպանող հայտարարությունների եւ այլ փաստաթղթերի ընդունման գործընթացներ, որոնք քանիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից գնահատվել են որպես բանակցային գործընթացը խաթարող, խոչընդոտող քայլեր: Ու մեծագույն խնդիրն այն է, որ ադրբեջանական նախաձեռնությունների պարագայում գործի են դրվում ոչ միայն «ձկնկիթն ու նավթադոլարները», այլեւ ղարաբաղյան հարցով առանձնակի երեբք չհետաքրքրված ու չզբաղված կառույցների դիլետանտությունը, անտեղյակությունն ու շահադիտությունը:

Հունիսի 20-ին Եվրոխորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովը քննարկում էր կազմակերպելՙ «Լեռնային Ղարաբաղ. անվտանգության վիճակը»:

Օրակարգի համաձայն, նախ հարցի վերաբերյալ տեսակետ ներկայացրեց Լոնդոնի Թագավորական քոլեջի պաշտպանության ուսումնասիրությունների բաժնից Թրեյսի Ջերմանը, հիմնական մեկնաբանությամբ, թե ղարաբաղյան խնդրի շուրջը լարվածության սրումը կարող է բերել հարավկովկասյան տարածաշրջանում տարածաշրջանային ուժ ներկայացնող Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներգրավման, այսինքն` հարցը կարող է դառնալ միջազգայնացված:

Տիկին Ջերմանը ներկաներին ներկայացրեց նաեւ հիմնական դիտարկումների մի շարք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վերաբերյալ` մասնագիտական թերացմամբ թե կանխամտածվածությամբ մոռանալով, որ հակամարտությունը նախեւառաջ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ուստի հարկ էր եվրոխորհրդարանականներին ներկայացնել նաեւ բուն խնդրո առարկան: (Ի դեպ, առաջին իսկ ներկայացման թերացումը ԵԽ ներկայացուցիչների քննարկման միակ թերությունը չէր: Թերացումները, անտեղյակությունն ու կողմնակալությունը բավականին զավեշտալի էին դարձնում առցանց հեռարձակվող քննարկումը):

Ինչեւէ, ըստ լոնդոնյան հետազոտողի, հիմնական շեշտադրում պետք է արվի այն հանգամանքին, որ «Հայաստանն ու Ադրբեջանը ինտենսիվորեն զինվում են... Հայաստանին աջակցում է Ռուսաստանը, Ադրբեջանին` Թուրքիան, ընդ որում` Հայաստանն ունի փոքր, բայց լավ կազմակերպված զինված ուժեր` 48,834 թվաքանակով ու 2011-ին ռազմական բյուջեի 387 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, իսկ Ադրբեջանը` 66940 թվաքանակով զինուժ, բայց ռազմական պակաս պատրաստվածությամբ ու 3,1 միլիարդ ռազմական բյուջեով:

Եվրոխորհրդարանականներն այդուհետեւ լսեցին Արեւելյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, լեհ Ադամ Էբենհարդտին, որը հակիրճ ներկայացրեց ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, կրկին ի ցույց դնելով, որ եվրոտեսանկյունից հակամարտությունը «խցվել է» Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Ըստ Էբենհարդտի, եթե Ադրբեջանը որպես սոցիալական համախմբման գործոն է օգտագործում «տարածքի 16 տոկոսի օկուպացված լինելը», Հայաստանը հպարտ է ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակով` «նոր ինքնության ուժեղացմամբ, ինչը միշտ նշանավորվել է գոյության պայքարով»:

«Ուժի հավասարակշռությունը թեքվել է Ադրբեջանի օգտին` հաշվի առնելով նավթային եկամուտները, երբ Ադրբեջանի 2011-ի ռազմական բյուջեն 3,1 միլիարդ ծավալով գերազանցում է Հայաստանի պետական բյուջեին», նշեց Էբենհարդտը, ավելացնելով նաեւ, որ, այդուհանդերձ, «հայերն են գերիշխում ղարաբաղյան հակամարտությունում. նրանք վերահսկում են վիճելի տարածքները, եւ հայկական զինուժը ունի ուժեղի ու պաշտպանությանն առավել լավ պատրաստված լինելու համբավ»: Այս ամենին ավելացվեց նաեւ, որ Ադրբեջանը չի գնա լայնամասշտաբ պատերազմի, միեւնույն ժամանակ, խաղաղ կարգավորման բանակցությունների հեռանկարն էլ «մոտ է զրոյի»:

Եվս մեկ «մասնագետ», որին լսեցին եվրոխորհրդարանականները, LINKS լոնդոնյան հետազոտական ցանցի ղեկավար Դենիս Սամութն էր: Նա իր զեկույցում «10 առաջարկություն» է ներկայացրել աշխատաժողովի մասնակիցներին` անդրադառնալով հակամարտության հարցում ԵՄ հնարավոր դերակատարությանն ու ներգրավմանը: Սամութը վերը նշված տարածաշրջանային խաղացողներ Ռուսաստանին, Թուրքիային ու Իրանին տարածաշրջանի կտրվածքով ավելացրեց ԱՄՆ-ին եւ Եվրոմիությանը, շեշտելով, թե ռազմական գործողությունների բռնկման դեպքում ոչ մի երաշխիք չկա, այս խաղացողներից ոմանք կարող են աշխատել «մարել» իրավիճակը, մյուսները, հակառակը, առավել թեժացնել:

Ամեն դեպքում, ի շարս իր առաջարկությունների` Սամութը նշեց, որ ԵՄ նախաձեռնություններով առավել համախմբված մոտեցում պետք է ցուցաբերել, ԵՄ-ն պետք է հաղորդակցության անմիջական խողովակ ունենա երկու կողմերի ռազմական ղեկավար կառույցների հետ, պայմաններ ստեղծվելու դեպքում ԵՄ-ն պետք է պատրաստ լինի անձնակազմ տեղակայել դիտարկման նպատակով, ԵՄ-ն պետք է իր առջեւ հայերի ու ադբեջանցիների շփման հնարավորությունների ստեղծման խնդիր դնի:

Առավել հետաքրքրական է, որ անգամ Դենիս Սամութը գտնում է, որ ԵՄ-ը պետք է մեխանիզմներ մշակի «Լեռնային Ղարաբաղի ներկայիս բնակչության հետ ԵՄ հարաբերությունների համար»` շարունակելով պնդել, որ «Ադրբեջանը վերացնի Ղարաբաղ այցելությունների առնչությամբ առարկությունը»: ԼՂ-ի հետ Եվրոմիության շփումների համար Սամութն առաջարկեց ԵՄ տեղեկատվական գրասենյակ բացել Լեռնային Ղարաբաղում:

Դիլետանտ եվրոերեսփոխաններն ու հակառուսական հիստերիան

Ուսումնասիրողների կողմից ղարաբաղյան ու դրան առնչվող հարցերի ներկայացումից հետո եվրոխորհրդարականների քննարկումն ուղղակի ծաղր էր հիշեցնում, նաեւ փաստարկում այն իրողության, որ այս ատյանները դեռեւս հենց իրենք անպատրաստ են քննարկելու այնպիսի հարց, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է: Աշխատաժողովի մասնակիցների զգալի մասի անտեղյակությունը, մյուսների ակնհայտորեն կողմնակալությունն այն աստիճանի էին, որ հարցադրումներն ու ինչ-որ օրիգինալ հայտարարությունները անհեթեթության էին հասնում, թեեւ հանուն արդարության նշենք, որ որոշ հարցադրումներ ու ելույթներ իսկապես տեղեկացված խորհրդարանականներ էին հնչեցնում, ընդ որում` բնավ էլ ոչ պարտադիր հայանպաստ դիրքերից:

Այդուհանդերձ, հակառուսականությունը, փաստացի, կարող է եվրոտիրույթում խեղդել ուզածդ նորմալ քննարկում: Լիտվան ներկայացվող պատգամավոր Վիտաուտաս Լանդսբերգիսն, օրինակ, երկար խոսեց, թե ինչու են համեմատում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեները, երբ պիտի համեմատել «Ռուսաստանինն ու Ադրբեջանինը»: Լիտվացի պատգամավորն այնպիսի վիճակ ներկայացրեց, կարծես Ռուսաստանն իր ամեն դարդ թողած` եկել, նստել է Հարավային Կովկասում, ավելի ճիշտ` Հայաստանում ու միայն առիթ է փնտրում, որ ոտնատակ տա Ադրբեջանը` փրկելով հայերին, ուստի Եվրոմիությանը մնում է, կրկին ամեն ինչ թողած, հասցնել փրկել Ադրբեջանը:

Շվեդ խորհրդարանական Աննա Իբրիսագիսն էլ հավատացած էր, թե Հայաստանի ռազմական բյուջեն պակաս է Ադրբեջանից, «քանի որ Հայաստանը ճիշտ տվյալներ չի տրամադրում», կամ որ «օկուպացված տարածքներ ունեցող Ադրբեջանի դեպքում» իբր տրամաբանական է զինվելը: Թե ինչի հիման վրա էր տիկինը նման հայտարարություններ անում, դժվար կլինի հասկանալ, եթե հաշվի չառնենք, որ կամ շվեդուհին իրականությունից անտեղյակ է, կամ էլ լավատեղյակ է ադրբեջանական «ձկնկիթին»:

Նմանօրինակ դիտարկումների մեջ գլուխգործոց էր նաեւ մի կոչ, թե պետք է ղարաբաղյան հարցի Մինսկի գործընթացը «տեղափոխել Մինսկից` Բելառուսում մարդու իրավունքների անմխիթար վիճակի պատճառով»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4