Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարի միանձնյա առաջատարին: Հաղթելով Տիգրան Քոթանջյանին, վիրահայ Դավիթ Հարությունյանը 4,5 միավորով գլխավորեց աղյուսակը: Իսկ Քոթանջյանն առաջին պարտությունը կրելով, 3,5 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական:
5-րդ տուրում անդրանիկ պարտությունը կրեց նաեւ առաջատարների խմբում գտնվող Հրայր Սիմոնյանըՙ զիջելով Հրանտ Մելքումյանին: Վերջինս վաստակեց 4 միավոր եւ Ավետիք Գրիգորյանի, Սամվել Տեր-Սահակյանի, Տիգրան Ս. Պետրոսյանի եւ Կոնստանտին Շանավայի հետ հետապնդում է առաջատարին: Գրիգորյանը հաղթեց Դավիթ Պետրոսյանին, Շանավան առավելության հասավ Լեւոն Բաբուջյանի նկատմամբ, Սամվել Տեր-Սահակյանը պարտության մատնեց Աննա Մատնաձեին:
Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքելով Դավիթ Շահինյանի հետ, վաստակեց 3 միավոր: Զավեն Անդրեասյանը հերթական ոչ-ոքին գրանցեց Արման Հայրապետյանի հետ պարտիայում: 3 միավոր ունի նաեւ Արտաշես Մինասյանը, որը հաղթեց Նորայր Թորոսյանին: Իսկ մրցաշարի ամենատարեց մասնակից Էդուարդ Մնացականյանը վաստակել է 1,5 միավոր: Նա պարտվեց Արթուր Ղարագյոզյանին:
6-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինեն Դավիթ Հարությունյան-Տիգրան Պետրոսյան, Ավետիք Գրիգորյան-Հրանտ Մելքումյան, Կոնստանտին Շանավա-Սամվել Տեր-Սահակյան պարտիաները: