«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2012-06-21 | #113, 2012-06-22 | #114, 2012-06-23


ԱԶԵՐԻՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հակառակ ներքին տարաձայնություններին եւ լրագրողների հանդեպ կոպիտ վերաբերմունքին (ծեծ, բանտարկություն եւ այլն), քաղաքական ասպարեզում Ադրբեջանի ներգործուն դերը Կովկասում գնալով բարձրանում է, որովհետեւ գերտերություններին այնքան էլ չեն հետաքրքրում այդ «մանր խնդիրները»ՙ մինչ դրանք չդառնան անհրաժեշտ լծակներ խառնվելու համար վարչակարգ տապալելու թիրախ դարձած որեւէ կոնկրետ երկրի ներքին գործերին:

Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, ընտրված է հերթագայության սկզբունքով, նախագահում է այդ խորհրդի նիստերը: Եթե միջազգային քաղաքականության բարոյական սնանկության օրինակ է պետք, ապա բավական է նայել, թե ինչպես է ռազմատենչ նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով խստիվ քննադատում հայերին որպես ագրեսորների եւ ազերի տարածքների զավթողների:

Երկու գլխավոր գործոններ նպաստեցին, որ Ադրբեջանը, Սլովենիային պարտության մատնելով, զբաղեցնի Անվտանգության խորհրդի այդ պաշտոնը: Առաջինՙ շրջանառվում է, որ 100-140 միլիոն դոլար է «նվիրաբերվել» զարգացող երկրներին, գնելու համար նրանց ձայները: Մյուս կողմիցՙ Իսլամական կոնֆերանսում սովորական է դարձել մշտապես խաղարկել կրոնական «քարտը», այն էՙ մասնակից երկրներին համոզել, որ քրիստոնյա հայերը Ղարաբաղում կոտորել են իրենց մահմեդական եղբայրներին: Այդ իսլամական երկրներից առավել հնչեղ է Պակիստանի ձայնը: Այդպես եղել է այդ երկրի բոլոր (Բենազիր Բհուտոյի, Փերվեզ Մուշարաֆի եւ ներկայի) վարչակարգերի օրոք: Նրանք բնական կողմնակիցներն են իրենց ազերի մահմեդական եղբայրների, անկախ այն հանգամանքից, որ Ղարաբաղի հարցը բոլորովին էլ կրոնական հակամարտություն չէ:

Այս առումով իսլամական երկրները որեւէ կաշառքի կարիք չունենՙ պաշտպանելու Ադրբեջանի թեկնածությունը: Երկրորդՙ Ադրբեջանի նորահայտ բարեկամությունը Իսրայելի հետ նույնպես նպաստել է, որ իր շուրջը համախմբվեն բազմաթիվ արեւմտյան երկրներ: Ազերիները պարտավորվել են հրձիգի դերը կատարել տարածաշրջանումՙ իրենց տարածքը տրամադրելով Իսրայելին, որպեսզի վերջինս որպես հարձակման հարթակ օգտագործի այն Իրանի դեմ հնարավոր հակամարտության պարագայում:

Հետաքրքրականն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով ոչ մի պարտադրող որոշում Ղարաբաղի հարցի վերաբերյալ չի կարող ընդունվել, որովհետեւ ԵԱՀԿ-ի համանախագահները նույնպես այդ կառույցի անդամներ են եւ չեն պատրաստվում իրենց միջնորդական դերը զիջել ՄԱԿ-ին: Սակայն, անշուշտ, Ադրբեջանն ու Թուրքիան հասարակական հարաբերությունների ասպարեզում առավել լայն արձագանք գտնելու հնարավորություն են ստանալու ամեն անգամ, որ Ղարաբաղի հարցը շոշափվի ՄԱԿ-ի ամբիոնից: Սա, ինչ խոսք, մեծ մարտահրավեր էՙ ուղղված Հայաստանի արտգործնախարարությանը: Բարեբախտաբար, Հայաստանն ունի փորձված դիվանագետներ, հանձինս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի:

Հայաստանը չի կարող ապավինել աշխարհի գերհզոր տերություններին, որոնք քանիցս ապացուցել են, որ ազերիների նավթն իրենց համար շատ ավելի մեծ արժեք ունի, քան հայերի արյունը: Այնպես որ, Հայաստանը կարող է հույսը դնել միայն իր ձեռքի տակ ունեցած սահմանափակ ռեսուրսների վրա:

Այս տեսակետից հետաքրքրական է իմանալ, թե ինչ կարող է տալ արտգործնախարարության դիվանագիտությանը սփյուռքահայերի ակտիվությունը: Կազմակերպված եւ քաղաքականացված սփյուռքը կարող է Հայաստանի արտգործնախարարությանն օժանդակել կամ լրացուցիչ թեւը դառնալ: Բայց արդյոք պատրա՞ստ ենք, ցանկանո՞ւմ ենք եւ կարո՞ղ ենք ստանձնել այդ դերը: Ունե՞նք նման դերակատարության համար անհրաժեշտ քաղաքական տեսլականը:

Ինքնադիտողության, ինչու չէՙ նաեւ պատասխանատվության եւ մեղավորության ընդունման որոշ հարցեր, կարծում ենք, տեղին կլինի քննարկել այստեղ:

Հայ համայնքը վաղուց տեղյակ էր, որ ազերի նախագահը հայտնվելու է ՄԱԿ-ում: Ավելին, հաստատ գիտեր նաեւ, թե ինչպիսի ելույթով է հանդես գալու այդ ամբիոնից: Ընդամենը մի տպավորիչ զանգվածային հավաք ՄԱԿ-ի շենքի մոտ կարող էր մեղմել զանգվածային լրատվություններում Ալիեւի խոսքերի արձագանքը: Մեր դիվանագետները լուռումունջ արդեն կատարում էին իրենց պարտականությունը:

Բայց Ալիեւը հանգիստ պարզեց պատմության իր տեսակետը այդ ամբիոնից, առանց «մեկ միլիոն ամերիկահայերի ուժեղ հակազդեցության»:

Ո՞վ պետք է նախաձեռներ նման հավաքը: Մեր կրոնական առաջնորդները լավ պատճառաբանություն ունեն, ասելով, որ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, չնայած իրենք էլ շատ լավ տեղյակ են, որ Ալիեւի քաղաքականությունն է, որ ջարդուփշուր է անում Նախիջեւանում հազարավոր խաչքարեր, կրոնական խորհրդանշաններ եւ այլ վայրերում էլ հարյուրավոր եկեղեցիներ:

«Թայմ սքվերում» ապրիլքսանչորսյան հիշատակի օրվա հավաքի հազարավոր մասնակիցներից առնվազն մի քանի հարյուրը պարտավոր էին ունենալ քաղաքական պատրաստվածությունՙ հակադարձելու Ալիեւի ուղերձին: Բայց ո՛չ: Մեր քարոզչական խմբավորումներից մի քանիսը այլ խնդիրներով են զբաղված եւ կարող են թողնել, որ Ալիեւը ազատորեն արտահայտվի ՄԱԿ-ի ամբիոնից:

Բեռն ուրեմն ընկնում է հայկական քաղաքական կուսակցությունների վրա: Ռամկավար ազատական կուսակցությունը սփյուռքում դեռեւս մնում է պառակտյալ, եւ այն, ինչ Արեւելյան ափի օրինական ղեկավարությունը ձեռնարկի, կարող է ականապատվել որոշ մարդկանց կողմից:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, կուսակցությունը դժկամորեն մի ցույց կազմակերպեց ՄԱԿ-ի գլխավոր մասնաշենքի մոտ, սակայն դա ազերի պատվիրակության ընդամենը ծիծաղը առաջացրեց, քանի որ, ըստ հաղորդագրությունների, հիսուն ցուցարար էր եկել մի քանի պաստառներով: Բայց դա «ներքին սպառման» համար բովանդակ էր, որ ՀՅԴ-ն պարծենա, թե միայն ինքն էր հակադարձել Ալիեւի ամբարտավանությանը, չնայած նման քայլը կարող էր ավելի վնաս պատճառել, քան օգուտ տալ:

Եթե ՀՅԴ-ի ղեկավարությունը կարեւոր էր համարում նման հավաք անցկացնելը, ապա կարող էր այլ խմբավորումների եւս հրավիրել, որ մասնակցեն, փոխանակ «փառքին» միակը տիրելու հավակնություններ ունենալու: Չէ՞ որ այդ կուսակցությունն ի վիճակի էր ավելի քան հազար ցուցարարների հավաքագրելու, որպեսզի Նյու Յորքի հայկական դեսպանատան առաջ բողոքարկեն Թուրքիայի հետ արձանագրությունների ստորագրումը: Նույնիսկ ավելի մեծ թվով մարդիկ հայտնվեցին Լոս Անջելեսում եւ Բեյրութումՙ ճամարտակելու եւ այդ առիթով անպատվելու Հայաստանի նախագահին:

Եթե ոչ ոք չհայտնվեր ՄԱԿ-ի մասնաշենքի առաջ, ազերիները կմտածեին, որ հայերը ինչ-որ գաղտնի մի ծրագիր են մշակումՙ հակադարձելու իրենց նախաձեռնությանը: Բայց այն ձեւով, ինչ մեր համայնքը արձագանքեց իրադարձությանը, հանգստացրեց ազերիներին, վստահեցնելով նրանց, որ կարող են անտեսել հայկական քաղաքական ուժի առկայությունը Մ. Նահանգներում:

Գուցե ճիշտ չէ միանգամայն առանձնացնել այստեղ ՀՅԴ առաջնորդների պարագան, քանի որ ամբողջ համայնքն է պատասխանատու նման պարտության համար: Այս բոլորից հետո, մենք չենք կարող մեզ գիտակի տեղ դնելով, մեղադրել Հայաստանի արտգործնախարարությանը, որ միայնակ պայքարում է ընդդեմ ադրբեջանական տեղեկատվական հարձակումների:

Ինչպես տեսնում ենք, ազերիները հաղթում են այս բնագավառում իրենց նավթային դոլարների եւ բարձր պաշտոններ զբաղեցնող բարեկամների աջակցությամբ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4