«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2012-06-21 | #113, 2012-06-22 | #114, 2012-06-23


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

«Դատաիրավական բարեփոխումներ 2012-2016 թթ., ծրագիրը» նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ արժանացել է հավանության: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբՙ սա դեռեւս նախորդ տարվանից սկված նախագահի մոտ ունեցած քննարկումների արդյունքն է: Որոշվեց երկարաժամկետ ծրագիր մշակել, երբ ակնհայտ դարձավ, որ էպիզոդիկ փոփոխությունները կարճաժամկետ արդյունք են տալիս, մինչդեռ երկրին անհրաժեշտ են արմատական դատաիրավական բարեփոխումներ:

Նախարարի ներկայացմամբՙ նոր ծրագիրը տարբերվում է նախորդ բարեփոխումներից: Թովմասյանը այն համեմատում է մարդատար մեքենայի հետ, որը կոմպակտ է, հարմարավետ, շարժիչը լավ է աշխատում, միշտ բենզին ունի: «Սա մի ծրագիր է, որը չի սահմանափակվում միայն դատական իշխանությամբ: Փոփոխությունները լայն ընդգրկում ունեն: Նոր ծրագիրը ներառում է դատարանակազմության խնդիրներ», ասում է Թովմասյանըՙ հավելելով:

«Շատ է քննադատվել գործերի բաշխումը դատավորների միջեւ, չեմ ժխտումՙ եղել են կեղծիքներ նաեւ այն պատճառով, որ չկար գործերի բաշխման արդյունավետ համակարգ: Չեմ կարող ժխտել, որ երբեմն կամայականություններ են եղել: Առաջարկվելու է քննարկել դատարանների նախագահների որոշակի ժամկետով նշանակվելը եւ ռոտացիայով փոխվելը: Ծրագրի ավարտին ճշտելու ենքՙ որքանով է զարգացել հասարակության վստահությունը: Վեց ամիսը մեկ այս առումով հաշվետվություն է տրվելու: Մենք խնդիր ունենք նաեւ դատավորների պատրաստման առումով», ասաց նախարարըՙ ընգծելով, որ շուտով կգործի արդարադատության ակադեմիան, որը որոշ չափով կլուծի վերհանված խնդիրը:

Թովմասյանի հավաստմամբՙ նոր ծրագրով փոխվելու է Արդարադատության խորհրդի աշխատաձեւը, ներառված են հատուկ մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի խուսափել դատարաններում գործերի անհարկի ձգձգումներից: «Արմատապես կփոխվի Քրեական օրենսգիրքը: Կներմուծվի հանրային աշխատանքների ինստիտուտը: Մի շարք հանցակազմեր, որոնք այսօր նախատեսված են քրեական օրենսգրքով, կապաքրեականացվեն:

Ենթադրենքՙ երիտասարդը 20.000 դրամ է գողացել: Նրան չեն դատի, այլ մեկամսյա հանրային, սանիտարական աշխատանք կիրականացնի: Դուք կտեսնեք փողոցում մաքրություն կատարող, ծառեր տնկող, հանրային աշխատանք կատարող անձանց, ինչին զուգահեռ կտարվի բացատրական աշխատանք, որ գողությունը սխալ ճանապարհ է: Երկրորդ անգամ նման բան կատարելու համար կտուգանվի, իսկ երրորդ անգամՙ կձերբակալվի»:

Թովմասյանի ներկայացմամբՙ հասարակության զարգացման համար երկու գրավական կաՙ պետության անվտանգության եւ պաշտպանության ու արդարադատության համակարգերը: «Պետությունը կզարգանա, եթե տվյալ հասարակությունում հանրային կյանքը կազմավորված է արդարության սկզբունքի վրա, պետությունը կզարգանա, եթե արդարադատությունն իրականում արդար է, արդյունավետ եւ հաշվետու հասարակությանը»:

Ծրագրի նպատակն է նաեւ բարձրացնել պետական համակարգի արդյունավետությունը: Նախարարը համոզված է, որ ծրագրի արդյունքում խնայողաբար կօգտագործվի պետական ռեսուրսը:

Նախարարի ներկայացմամբՙ էական փոփոխություններ են սպասվում նաեւ փաստաբանության համակարգում: Լուրջ փոփոխություններ են սպասվում նոտարական եւ զագսի համակարգերում: Մեկ այլ բարեփոխմամբ պետական ռեգիստրները կհավաքվեն մեկ կառույցում», ասաց Թովմասյանըՙ հավաստիացնելով, որ ծրագիրն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն: Ծրագրի ավարտից հետո ծառայությունների 80-90-%-ը կմատուցվի մեկ օրվա ընթացքում, մեկ պատուհանի սկզբունքով, մեկ այցելության միջոցով, կամ դրանք կմատուցվեն առցանց եղանակով:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Հրայր Թովմասյանը երեկ նաեւ հերքեց այն լուրը, թե ինքը նշանակվելու է Վճռաբեկ դատարանի նախագահ: Նա խորհուրդ տվեց նայել օրենսդրությունըՙ համոզվելու, որ ինքը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: «Իհարկե, դուք կարող եք ասել, թե ինձ համար օրենսդրությունը կփոխեն, սակայն կրկնում եմՙ մի հավատացեք այդ բամբասանքներին: Ըստ այդ լուրերիՙ ինձ սկզբում դեսպան նշանակեցին, հետո հանեցին, հիմա դատավոր են նշանակում: Հաստատվել է կառավարության հնգամյա ծրագիրը, եւ ես շարունակում եմ պաշտոնավարել որպես արդարադատության նախարար: Ասեմ ձեզ, որ դատավորի աշխատանքն ինձ համար հոգեհարազատ չէ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4