«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2012-06-21 | #113, 2012-06-22 | #114, 2012-06-23


ԳՅՈՒՄՐՈՒ 75 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

Սեպտեմբերի 9-ին Գյումրիում տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ, Հայաստանի երկրորդ քաղաքը ավագանի կընտրի: Այս կապակցությամբ Գյումրիում 75 քաղաքացիներ` հասարակական, մշակութային գործիչներ, ընդունել են «Գյումրիում նոր ավագանու քաղաքացիական նախաձեռնության հռչակագիր»: Հռչակագրում մասնավորապես ասված է. «Ցավով արձանագրում ենք, որ արդեն ավելի քան 24 տարի քաղաքը չի կարողանում վերականգնել իր երբեմնի փառքն ու հեղինակությունը, քաղաքացիների 47 տոկոսն ապրում է աղքատության մեջ ու կեցության համար անհրաժեշտ պայմաններ չունի: Անցած 15 տարիներին մենք եւ քաղաքացիական հասարակության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ պետական ու տեղական իշխանությունների ուշադրությունը բեւեռեցինք Գյումրու խնդիրներին, ցավոք, ապարդյուն. քաղաքը կառավարվել է առանց հանրային մասնակցության, առանց նախաձեռնող ավագանու եւ առանց երկարաժամկետ ռազմավարության: Մենք բավականաչափ տեւական ժամանակ վերոհիշյալը վերլուծելուց հետո քաղաքի խնդիրների արմատական լուծման այլ եղանակ չգտանք, քան իշխանություն կամ իշխանության մաս կազմելու ճանապարհը: Այսպիսով հռչակում ենք Գյումրիում 2012-ի սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում ավագանու թեկնածուների թիմ առաջադրելու մեր քաղաքացիական նախաձեռնությունը»:

75 գյումրեցու ստորագրությամբ կնքված հռչակագրում ընդգծվում է նաեւ, որ իրենք «ընտրություններին մասնակցելու համար առաջադրել են երբեք իշխանությունում չներգրավված, կոռումպացված եւ հանցագործ կառավարումներում չվարկաբեկված, իրենց գործերում որոշակի նվաճումներ ունեցող ու քաղաքի զարգացման իրատեսական ծրագիր ունեցող թեկնածուներ»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4