Կարծել, թե արվեստագետին ճանաչել կարելի է մեկ ցուցահանդեսովՙ այն էլ մի քանի ստեղծագործությունների, այդքան էլ լուրջ չէ: Միաժամանակ զրուցել ու լսելը նրան պարտադիր է եւ եթե անգամ ելույթ է, եւ եթե անգամ մենախոսության է վերածվում, եւ եթե անգամ գրեթե չի լսվում, բայց քանդակագործը իր ձայնի, ժեստի լեզվով կարող է հաղորդակից դարձնել այն բոլոր ելեւէջներին, որ դարձդարձվում են նրա հոգեաշխարհում:
Այնուամենայնիվ, կարելի է փորձել պատկերացնել ներքին եւ արտաքին այն սահմանները, որ հատում է լիբանանահայ քանդակագործի երեւակայությունը ստեղծագործելիս, մանավանդ երբ արվեստի այս տեսակը լուրջ խոչընդոտներ է հարուցում միջոցների սեղմությամբ, իսկ այդ հնարավորությունները Զավեն Խտըշյանը կարողանում է ընդլայնելՙ կենտրոնանալով կերպարայնության ներքին հատկանիշների վրա եւ դա արվում է ձեւածավալների սահուն անցումների եւ ճկուն փոփոխությունների շնորհիվ: Հայտնի է, որ արվեստագետի երեւակայությունը սնվում է նախ եւ առաջ ներքին մտածողական ակունքներից, երբեմն տարօրինակության աստիճան:
Քանդակային արվեստի այն ձեւերը, որով նա արտահայտում է իր գեղարվեստական վերաբերմունքը իրականությանն ու երեւույթներին, որոշակիության սահմանները վաղուց են խախտել: Ըստ որում անկախ թեմատիկ դրսեւորման, նա խնդիր ունի ոչ միայն հաղթահարելու նյութի դիմադրողականությունը, այլեւ նյութըՙ ինքը հաղթահարում է երկրային ծանրության բեռըՙ տեղափոխվելու ավելի եթերային հարթություն: Այս է պատճառը, որ նրա գրեթե բոլոր քանդակները ասես կտրված են հենման իրենց կետից, պատվանդանից եւ անպայմանորեն սլացքի, թռիչքի մեջ են («Թռչող հոլանդացին», «Աստարտե աստվածուհին»): Այսպիսի տպավորություն են թողնում իր մանրաքանդակների բնօրինակները այս օրերին Երեւանի պատմության թանգարանում ցուցադրվող, որոնք որքան էլ դեկորատիվ տարրեր պարունակողՙ օժտված են ներքին ընդգծված դինամիզմով եւ ուժեղ լիցքերով:
Իհարկե, Զավեն Խտըշյանի արտիստականությունը, արվեստագետի հոգու որակները դրսեւորվում են առավել մոնումենտալ գործերում, որոնք սրահում ներկայացված են մեծադիր լուսանկարների տեսքով: Նախապես դասական քանդակագործության ավանդույթներին հետեւած արվեստագետը շատ արագ անցում է կատարել քանդակային մտածողության այլափոխություններին, որտեղ ձեւերը դառնում են ավելի ազատ, որոնցում նրա ներքին մղումները, երեւակայությունը լիովին ձերբազատված ենՙ գեղարվեստական պայմանականությունը դարձնելով արվեստի գլխավոր մոտիվը: Խտըշյանի քանդակային ողորկ մակերեսները իրենց դյուրաթեքության եւ ճկունության սլացքով օժտում են գործը նաեւ երաժշտականությամբ, քնարականությամբ, ինչն առկա է նրա բոլոր, անգամ ազգային ազատագրական թեմատիկայով արված աշխատանքներում («Մեծարանք Արցախի հերոսին», «Արցախի ազատագրումըՙ Սլացք-դրոշի պարզում»): Միով բանիվ, նա սիրում է աշխարհը գեղեցկության մեջ տեսնել, որովհետեւ հստակ են ընտրված ձեւերի խախտումների համաչափությունը, ներքին ներդաշնակությունը եւ ամբողջականությունը:
Զավեն Խտըշյանը Լիբանանում հայտնի արվեստագետ է, պրոֆեսիոնալ կրթությամբ քանդակագործ, ավարտել է Բեյրութի գեղարվեստի ակադեմիան, սովորել նաեւ Փարիզի ազգային բարձրագույն արվեստների դպրոցում: Լիբանանահայության համար հատկապես մեծ իրադարձություն էր 1965-ին Պիքֆայայում Հայոց ցեղասպանության հուշակոթողի տեղադրումը, առաջինըՙ Լիբանանում: Բեյրության իր մեծարանքի երեկոյին, երբ նա Արամ Ա-ի հայրապետական կոնդակով պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, նկատվեց, որ Պիքֆայայի այս կոթողը «հիմնական պատճառ է, որ անոր արվեստը հավերժանա»: Իսկ հուշարձանը իսկապես որ մարդկային ապրումների, ցավի ու հիշողության, միաժամանակ ապրելու, գոյատեւելու անկոտրում կամքի, պրկված ուժի ու տոկունության խորհրդանիշ է, վեր ուղղված ձգտում, իղձ:
80-ամյա արվեստագետը առաջին անգամ Հայաստանում է. օտարության մեջ ապրող որեւէ հայի համար սա երազանք է, արվեստագետի համար այս երեւույթը տարիներ շարունակ տեսիլք էր, ավելի շուտ որոշակի պատկեր, որ իրեն երեւում էր մայր մտնող արեւի վարդագունող հորիզոնի տեսքով, հորիզոն, որին չեն մոտենում. ինքը ահա վերջապես մոտեցավ, հատեց հորիզոնը, Երեւանի հյուրանոցի իր պատշգամբում առավոտյան սուրճ խմեց, հայացքի դիմացՙ Արարատը: Երազը ավելին լինո՞ւմ է...
Իհարկե, նաեւ երեւանյան առաջին անհատական այս ցուցահանդեսըՙ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, շնորհավորանքներ, բարի խոսքեր ու հիշողություններ (Ռոմեն Կոզմոյանի եւ ուրիշների կողմից), նախարարի կողմից «Արշիլ Գորկի» մեդալով պարգեւատրում, նրա արվեստի ճանաչում, գնահատություն նաեւ հայրենիքում: Սրանից ավելի դեռ կան առաջարկներ, նոր մտահղացումներ, իղձեր...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ