«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2012-06-23 | #115, 2012-06-26 | #116, 2012-06-27


ԽԱՂԱԿԵՍԸ ԿՁԳՎԻ ՄԻՆՉԵՎ ԱՇՆԱՆ ԿԵՍԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երբ երկրի ղեկավարը ժամանակին իր ելույթներում ցանկություն էր հայտնում բոլոր քաղաքական ուժերին Ազգային ժողովում տեսնելու, այն ժամանակ էլ շատ լավ պատկերացնելի էր, որ նրանք պետք է ամեն օրենք քննարկելիս կենաց-մահու կռիվ սարքեն հարցից: Այնպես որ նրանք, ովքեր սովոր չեն այս նոր վիճակին, պետք է սովորեն դրան, սակայն ամեն ընդդիմախոս պետք է իմանա, որ չի կարելի դիմացի ընդդիմախոսից թշնամի ձուլել: Հասկանալի է, որ խորհրդարանում մի քիչ դժվար է լինելու, հատկապես կառավարության նախաձեռնությունների համար, սակայն հենց դրա համար է ընդդիմությունը, որ կառավարությունը ձգված մնա: Մանավանդ` Տիգրան Սարգսյանը սկզբնապես անցել է քաղաքական պայքարի բովով ու լավ գիտի, որ քաղաքական ընդդիմությունը հենց նրա համար է, որ հակադրվի: Սա կարող է զգաստացնել ե՛ւ նախարարներին, ե՛ւ կառավարության օրենք-նախաձեռնությունների հեղինակներին, ու Ազգային ժողովում կհայտնվեն այն օրենքները միայն, որոնք հասարակության շահերից են բխում: Իսկ որոշակի շահեր սպասարկող օրենքներ նախաձեռնողներն արդեն տասը կչափեն, մեկ կկտրեն` բերե՞ն այդպիսի նախագիծ խորհրդարան, թե ոչ: Ուրիշ բան, որ ընդդիմադիրներից շատերը սրբեր չեն: Ու նույն այդ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք մինչեւ վերջ թրջվել են կեղտոտ ջրում, կան այնպիսիք, որ միայն կոշիկներն են թրջել, ու չոր կոշիկներով խորհրդարան եկածներ նույնպես կան: Ու այս երեքին նույն նստարանին նստած դժվար է ընկալելը: Դժվար է նաեւ ընկալելը, որ ընդամենը նախորդ նստաշրջանում իշխանություն եղած ԲՀԿ-ն այժմ ընդդիմություն է, ու այն, ինչ ասում էր առաջ, այժմ տրամագծորեն հակառակ երեսից է ասելու: Բայց, ինչպես ասում են, քաղաքականությունը դարձել է խաղ, որտեղ ամեն խաղակեսից առաջ խաղի կանոն են փոխում ու հարկ կա բացատրելու խաղի նոր կանոնները, մանավանդ որ նոր խաղակեսը բավականաչափ փոքր ժամանակահատված է տեւելու: Շատ-շատ` մինչեւ աշնան կես, երբ հետընտրական շրջանում այդպես էլ չպարզված շատ բաներ կպարզվեն, ու մարդիկ կհասկանան վերջապես` ի՞նչ է ուզում ընտրությունների արդյունքում երկրորդ ստվար քվե ստացած ուժը. նախագահական ընտրություններին պաշտպանում է սեփական թեկնածուի՞ն (այս դեպքում գոնե մինչեւ նախագահական ընտրություններ նա ընդդիմություն է լինելու), թե՞ Սերժ Սարգսյանին (այս դեպքում հենց աշնանը նա կմտնի կոալիցիա եւ կրկին կվերցնի իր քվոտաները):

Այս մասին մանրամասն խոսելուց առաջ վերադառնանք խորհրդարան, ուր անցած շաբաթ փորձաշրջան անցան խորհրդարան մտած բոլոր ուժերը:

ՀՀԿ-ի մասով ասենք, որ եթե ՀՀԿ-ամերձ անկախ Վիկտոր Դալլաքյանին չես բերում խորհրդարան, ով հաճախ մրցավարի դեր էր ստանձնում եւ ասում այն, ինչ չէին ասում ուրիշները, ապա նրան համարժեք մարդկանց պիտի բերես: Մինչդեռ նոր եկածները դեռ փորձի պակաս ունեն ու մասնագիտական բանավեճի պատրաստ չեն, քաղաքական փորձ ունեցողներն էլ` Գեղամյան, Բաբուխանյան, Խոսրով Հարությունյան, դեռ հոգեվիճակով ՀՀԿ-ական չեն, «մեր ժամանակ-ձեր ժամանակի» շապիկից դուրս չեն գալիս եւ չեն կարող ՀՀԿ նախաձեռնությունների կաշվի մեջ մտնել, ինչպես, ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր նորերից շատերը: Բայց դա ուղղվելիք բան է` եթե այս առաջին արտահերթ նստաշրջանը փորձնախաղ համարենք. ներկայացման փորձերը հենց նրա համար են, որ սխալներն ուղղվեն բուն ներկայացման ժամանակ: Բացի դրանից` միայն դրսից էր երեւում, թե կառավարության ծրագիրը շատ է քննադատվել: Իրականում, քանի որ հանդիպակաց առաջարկներ չկային ըստ էության ընդդիմադիր ուժերի ելույթներում, ու քննադատությունն ավելի շատ քաղաքական- ընդհանրական-ցուցափեղկային էր, քան թե արգումենտներով հագեցած, ուրեմն եւ` կառավարության ծրագիրն ու այդ քննադատությունը տարբեր հարթություններում էին, եւ առաջինը իրավիճակից անվնաս դուրս եկավ: Եվ ընդհանրապես` աշխարհի խորհրդարաններում ընդդիմությունները նրա համար են, որ քննադատեն իրենց կառավարություններին, ընդ որում` հաճախ դա արվում է հավասար մակարդակով թվեր եւ արգումենտներ ներկայացնելով: Ընդհանուր առմամբ, սա այն վիճակի արգասիքն է, որ երբ աթոռի (կոալիցիայի) մի ոտքը ջարդվում է, եւ աթոռը փորձում են երեք ոտքի վրա կանգնեցնել (տվյալ դեպքում` երկու), սակայն ոտքը ինչ-որ ժամանակ կնորոգեն, չէ՞: Սա է քաղաքական որոշումների գինը, որը առանձնապես որեւէ քվեարկային անդրադարձ չունեցավ եւ չի էլ ունենա առաջիկայում, քանի որ Ազգային ժողովում հայտի հարաբերակցությունը դա թույլ չի տա, ինչը չի կարելի ասել ավելի լայն մակերեսում` մեր կյանքի վրա ազդեցության առումով, որտեղ ընտրությունների ստվերները նոր-նոր են իրենց հետքերը թողնում: Չնայած ընդհանուր առմամբ` առաջնորդների մակարդակով դեռեւս հարցերը մինչեւ վերջ լուծված չեն, եւ հավանաբար` այդ մակարդակով դա այնքան էլ ծանր բան չի թվում, սակայն եթե շարքային մարդկանց տեսանկյունից նայենք` ում համար խաղ, ում համար` մահ: Ավելի հասկանալի լեզվով ասենք. երբ ԲՀԿ-ն իշխանություն էր, նա, ինչպես, ի դեպ, եւ ՀՀԿ-ն, իրեն տրված ոլորտները կամ մարզերը ծայրեծայր իր կուսակից ու համակիր պաշտոնյաներով ու ստորին մակարդակի աշխատողներով էր լցնում, իսկ հիմա, պատկերացրեք, նույն կարգով նախարարություններն ու մարզերը, անկախ նրանից մի քանի ամիս հետո ինչ որոշում է կայացնելու ԲՀԿ-ն, «մաքրում» են ԲՀԿ-ականներից, եւ այս բոլորի հոգեբանական ու բուն` կենցաղային անդրադարձը սովորական մարդկանց վրա պարզապես սարսափելի է: Մարդիկ իրենց փոքր պաշտոնների, ազդեցության փոքրիկ ոլորտների ու մի կտոր հացի համար կենաց ու մահու կռիվ են տալիս, ամեն օր լսում ենք տարբեր «ռազբորկաների» մասին, որոնց շարժառիթներն ի վերջո քաղաքական որոշումներն են: Ավելանում է լարվածությունը հասարակության մեջ, սոցիալական անհարմարավետությունն ու հաճախ մի կտոր հացից զրկվելու հեռանկարը, իսկ քաղաքական առաջնորդներին այս խնդիրները հուզում են երեւի ամնավերջին տեղում:

Դե հիմա պատկերացրեք` եթե ամիսներ հետո ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ուրեմն պետք է վերցնել ու ամեն ինչ նորից գլխիվայր շուռ տալ. այսինքնՙ հիմա գլխիվայր շուռ տվածը մի անգամ էլ շուռ տալ, է, լավ, էս հասարակությունը մեղք է:

Եվ մյուս տարբերակը, եթե ընդդիմությունը (բոլորով միասին) ու նաեւ ԲՀԿ-ն, մի քանի ամիս հետո վերցնի ու հայտարարի, թե նախագահի միասնական թեկնածու ունի, այս դեպքում ի՞նչ է դուրս գալու, լարվածության նոր բալաստ է առաջանալու փաստորեն, ու աստված գիտի` ինչերին ինչեր կարող են հաջորդել:

Համենայն դեպս` սա այնքան էլ անհավանական տարբերակ չէ, քանի որ արդեն լսելի են կարծիքներ Վարդան Օսկանյանի միասնական թեկնածու լինելու հավանականության մասին, ու արդեն այս առիթով հակադրության պահ կա հենց ՀԱԿ-ում` Նիկոլ Փաշինյանը ծանր խոսքեր ու մեղադրանքներ է ուղղում Օսկանյանին, մյուսներն, ընդհակառակը, փորձում են սահմանազատվել Փաշինյանի ասածից: Իսկ երեկվա հանրահավաքը պարզապես թեմա չպիտի ունենար, եթե ընդդիմադիր միավորների եւ ԲՀԿ-ի համագործակցության թեման հորիզոնում չուրվագծվեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4