ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերն ու առաջին տիկին Մարգիթ Ֆիշերը երեկ առավոտյան Կասկադում էին: Նրանք որոշել էին մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը շրջել մայրաքաղաքով, շփվել երեւանցիների հետ: Հյուր նախագահը եղավ նաեւ Մատենադարանում, ծանոթացավ հայկական ձեռագիր մատյաններին, նախատեսվում է այցելել Գառնու եւ Գեղարդի վանական համալիր:
Ավստրիացի բարձրաստիճան հյուրի պաշտոնական հանդիպումների գրաֆիկը նույնպես հագեցած է: Հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Հայնց Ֆիշերը կայցելի նաեւ Էջմիածին եւ կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Օրվա երկրորդ կեսին երկու երկրների նախագահները ներկա էին Հայաստանի եւ Ավստրիայի գործարարների մասնակցությամբ հայ-ավստրիական գործարար համաժողովին:
Մինչ այդ, առավոտյան զբոսանքից հետո կայացան երկու երկրների նախագահների հանդիպումը, առանձնազրույցն ու մամուլի ասուլիսը:
Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ միջպետական հարաբերությունները 20 տարվա կենսագրություն ունեն, սակայն սա Ավստրիայի նախագահի առաջին այցն է Հայաստան: Նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ այցը կարեւոր ուղենիշ է հայ եւ ավստրիացի ժողովուրդների կապերի ամրապնդման համար:
«Մենք Ավստրիան դիտում ենք որպես բարեկամ պետություն եւ վստահելի գործընկեր», ասաց նախագահ Սարգսյանըՙ շնորհակալություն հայտնելով 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Ավստրիայի ժողովրդի ցուցաբերած օգնության, Ավստրիայի հայ համայնքին աջակցելու, հայկական պատմամաշակութային կառույցները պահպանելու համար:
«Հայերը դարավոր պատմություն ունեցող ժողովուրդ են, աշխարհում քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը: Ուրախ եմ, որ Էջմիածնում հանդիպելու եմ Ամենայն հայոց կաթողիկոսին», ասաց Հայնց Ֆիշերըՙ խոստովանելով, որ դպրոցական տարիքում կարդացել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքն ու այդ կերպ բացահայտել հայ ժողովրդին ու Հայաստանը: Մեկ տարի առաջ գնել է հայոց պատմության գիրքը, իսկ Հայաստանի հանդեպ ավստրիացի նախագահի հետաքրքրությունը տասնամյակների պատմություն ունի: «Հայացքս ուղղեցի Հայաստան այն ժամանակ, երբ դեռ գտնվում էիք ԽՍՀՄ կազմում»:
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, միջազգային, տնտեսական հարցեր: «Երկու երկրների միջեւ առկա տնտեսական, մշակութային կապերը հետագա ամրապնդման ներուժ ունեն», վստահեցնում են երկու նախագահները:
Հայաստանի եւ Ավստրայի հարաբերությունների մակարդակը գոհացուցիչ է բնութագրում Հայնց Ֆիշերըՙ համատեղ ասուլիսում առանձնացնելով երկկողմ տնտեսական հարաբերությունների եւ Երեւանի ու Վիեննայի միջեւ օդային կապի ամրապնդումը: Նախագահ Սարգսյանն էլ հավելում է, որ իր պատասխան այցը Ավստրիա առավել կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա խորացմանը:
Ավստրիացի լրագրողիՙ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում է. Հայաստանն այլընտրանք չի տեսնում:
«Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջը ստեղծված իրավիճակը շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը վերջին մեկ տարվա ընթացքում, ռազմատենչ հայտարարություններն ու չհիմնավորված ինքնավստահությունը լարվածություն են առաջացնում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին: Վերջին մի քանի ամիսներին այդ սադրանքների հետեւանքով զոհվեցին երիտասարդներ, եւ իրավիճակը լարվեց»: Նախագահ Սարգսյանը հիշեցրեց մեքսիկական Լոս Կոբոս քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մի քանի օր առաջ հնչեցրած կոչըՙ հավելելով, որ հայկական կողմը պատրաստ է երեք սկզբունքներըՙ սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում եւ պետությունների տարածքային ամբողջականության պահպանում, ընդունել եւ առաջ շարժվել:
Նախագահ Սարգսյանն ընդգծում է, որ վերջին ամիսներին միջազգային հանրությունը համոզվել է, թե որոնք են հարցի կարգավորմանը խանգարող պատճառները: «Ադրբեջանը որդեգրել է առավելապաշտական դիրքորոշումՙ խոսքերով համաձայն լինելով այս երեք սկզբունքներին, ընդունում է միայն մեկըՙ պետության տարածքային ամբողջականության պահպանումըՙ բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու խնդիրների խաղաղ կարգավորումը: Սերժ Սարգսյանի գնահատմամբՙ խնդիրը կկարգավորվի այն ժամանակ, երբ կկարողանանք սկզբունքները դարձնել համոզմունք:
Նախագահ Ֆիշերն էլ, չցանկանալով մանրամասնությունների մեջ մտնել, ԼՂ հակամարտությունը շատ բարդ խնդիր որակեց: «Ծանոթ եմ Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումներին, ծանոթացա նաեւ Հայաստանի դիրոքորոշմանը, եւ ես հարյուր տոկոսով պաշտպանում եմ այն սկզբունքը, որ այսպիսի խնդիրների դեպքում հարցը չի կարող լուծվել բռնության ուժի տեսանկյունից: Հարկ է, որ դիպուկահարները սահմանամերձ տարածքից հետ քաշվեն, եւ մենք հույս ունենք, որ Մինսկի խումբը կշարունակի իր ջանքերը այդ ուղղությամբ», ասաց Ֆիշերըՙ հավելելով, որ համանախագահող երկրներն ունեն այդ ներուժը: