«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2012-06-23 | #115, 2012-06-26 | #116, 2012-06-27


ՆԱՏՕ-Ն ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԻՆՔՆԱԹԻՌ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱՐՔԸ

Մինչդեռ Էրդողանը ակնկալում է այս կառույցի ներգրավումը Սիրիայի դեմ ռազմական միջամտության մեջ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, երեկ Լյուքսեմբուրգում գումարվեց ՆԱՏՕ-ի արտակարգ նիստըՙ քննարկելու թուրքական հետախուզական ինքնաթիռը կործանելու Սիրիայի արարքը: Նիստը գումարվել էր Թուրքիայի պահանջով, որպեսզի շրջանառության մեջ դրվի ՆԱՏՕ-ի կանոնադրության ռազմական այս կառույցի անդամ երկրներից մեկի վրա կատարված հարձակմանն առնչվող 5-րդ հոդվածը:

Այլ կերպ Թուրքիան ամեն կերպ փորձում էր, որ ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների դիմի Սիրիայի դեմՙ համաձայն կանոնադրության 5-րդ հոդվածի: Սակայն երեկվա նիստում ՆԱՏՕ-ն ընդամենը համերաշխություն հայտնեց Թուրքիային եւ թուրքական ինքնաթիռը վայր գցելու համար դատապարտեց Սիրիային:

Այդ նույն օրը, Ինտերֆաքսի վկայությամբ, հայտնի դարձավ, որ մինչ այդ Սիրիայի Տարտուս ռազմածովային բազան երկու ռազմանավով հագեցած Ռուսաստանը պատրաստվում է եւս երկու նավ ուղարկել եւ բազայում խարիսխ գցած նավերին, ինչպես նաեւ Սիրիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու համար ծովային հետեւակի մարտիկներ տեղակայել այնտեղ:

Այն պահին, երբ շարունակվում էր ՆԱՏՕ-ի նիստը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում «Արդարություն եւ բարգավաճում» խմբակցությանը դիմեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ահա թե ինչ ասաց. «Մեր ինքնաթիռը խոցել են օդային միջազգային տարածքում: Որոնման աշխատանքները շարունակվում են: Թուրքիան տարածաշրջանային մեծ ուժ է: Ոչ ոք թող չմտածի, որ նա անտարբեր կմնա տարածաշրջանի զարգացումներին: Թուրքիայի բարեկամությանն ապավինելը շատ կարեւոր է: Ապահովվում է ապավինող երկրների անվտանգությունը: Թող ոչ ոք մեզ սխալ չհասկանա: Սա այն ազգն է, որը Բոսնիայի, Կոսովոյի համար հոգի է տվել, երբ այսօր խոսում ենք Դամասկոսից, Հալեպից, դա անում ենք հանուն մեր արյունակից եղբայրների: Մենք պատմություն ենք կերտում: Մեզ չի հետաքրքրում, թե ով կգրի կամ կկարդա դա: Թուրքիան պատեհ առիթ է այս երկրի (Սիրիայի) համար: Ովքեր հակադրվում են հզոր Թուրքիային, պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն: Սիրիայի վարչակարգը թշնամական դիրքորոշում է որդեգրել: Մենք որեւէ մեկի խամաճիկը չենք:

Դամասկոսի անվտանգությունն Անատոլիայից է սկսում, Անատոլիայինըՙ Դամասկոսից: Ուստի շարունակելու ենք աջակցել մեր սիրիացի եղբայրներին: Սիրիան մեզ համար ակնհայտ եւ մերձակա սպառնալիք է: Ասադի վարչակարգը դարձել է սպառնալիք: Այս միջադեպից հետո թեւակոխել ենք նոր փուլ եւ ոչ մի ոտնձգություն անպատասխան չենք թողնի: Քանի դեռ չի տապալվել արյունարբու բռնապետի իշխանությունը, Սիրիայի ժողովուրդը կստանա անհրաժեշտ ամեն տեսակի աջակցություն»:

Էրդողանի ելույթը ուղիղ եթերում անգլերեն թարգմանությամբ հեռարձակվել է BBC-ի, CNN-ի, «Եվրոնյուզի», «Ալ Ջազիրայի» եւ ֆրանսիական 24-րդ ալիքի եթերում: Բովանդակության մասին խոսելն անիմաստ է: Թերեւս կարելի է ասել, որ ավելի քան անհավասարակշիռ է: Նույնը պետք է ասել ՆԱՏՕ-ին Սիրիայի դեմ ռազմական գործողությունների դրդելու, առավել եւս այդ նպատակով թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացումը իբրեւ պատրվակ օգտագործելու դրսեւորումների մասին:

Այս դրսեւորումները ե՛ւ Սիրիայի նախագահի, ե՛ւ ժողովրդի նկատմամբ ակնհայտ թշնամանքի արտահայտությունն են: Ի վերջո, ժողովուրդն է դառնալու ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների գլխավոր թիրախը: Խնդիրը, սակայն, սոսկ Սիրիան չէ, նրա տարածաշրջանային դաշնակիցներն են եւ այն երկրները, որոնցում մեծ է դաշնակիցների հեղինակությունն ու ազդեցությունը:

Խոսքը առաջին հերթին վերաբերում է Իրանին, որը տարածաշրջանում ոչ միայն հեղինակություն է վայելում, այլեւ մեծ ազդեցություն ունի Իրաքում, Բահրեյնում, ինչու չէՙ նաեւ պաղեստինցիների շրջանում: Իրանին հարող «Հզբոլլահը», Իսրայելին դուրս շպրտելով Լիբանանից, արդեն հեղինակության հետ նաեւ ազդեցություն էր ձեռք բերել Պաղեստինում:

Այլ կերպ, Թուրքիայի պարագայում թշնամանալ Սիրիայի հետ կնշանակի արժանանալ վերջինի բարեկամների թշնամանքին: Մինչդեռ վարչապետ Էրդողանը մինչեւ վերջերս հիացմունք էր պատճառում պաղեստինցիներին, վայելում էր նաեւ արաբական այլ երկրների ժողովուրդների համակրանքը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա այս կառույցն Աֆղանստանում մղվող պատերազմով, այնուհետեւ Պակիստանի դեմ ձեռնարկած հարձակումներով փաստորեն հազարավոր մահմեդականների սպանության պատճառ է դարձել: Ռազմական գործողությունների դիմելով Լիբիայի դեմ, ոչ միայն հիմնահատակ ավերեց երկիրը, այլեւ ոչնչացրեց զգալի թվով խաղաղ բնակիչներ:

Այս ամենի ֆոնին տրամաբանական է, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում, արաբական երկրներում եւ իսլամական աշխարհում ընկալվի որպես մահմեդականության ջարդարար եւ անկախ նախագահ Ասադի նկատմամբ վերաբերմունքից, նրա հնարավոր միջամտությունը Սիրիայի զարգացումներին, մահմեդականներին դրդի բուռն հակազդեցության: Քանի որ ՆԱՏՕ-ին էլ միջամտության է դրդում Էրդողանի կառավարությունը, հետեւաբար ռազմական այս կառույցի հետ տարածաշրջանի արաբական երկրների եւ իսլամական աշխարհի ժողովուրդների համար հավասարապես թիրախ է դառնում Թուրքիան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4