«Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո հունիսի 1-ից Երեւանի քաղաքապետարանի ու «Ամերիաբանկի» նախաձեռնությամբ մայրաքաղաքում իրականացվում է «Երազանքների պատ» նախաձեռնությունը: Հյուսիսային պողոտայում եւ «Մոսկվա» կինոթատրոնի դիմահայաց Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել էին «պատեր», որտեղ երեւանցիները կարող էին գրել եւ գրել են իրենց ցանկությունները, նպատակներն ու երազանքները` կապված Երեւան քաղաքի արտաքին տեսքի բարելավման հետ:
Նախաձեռնության հեղինակներին ոգեւորել է այն, որ այդ թվում Facebook-ում գրառումների քանակը կազմել է 4000-ից ավելի: Հիմնականում երեւանցիների ցանկություն-երազանքներից են եղել մայրաքաղաքի կանաչապատումը, լուսավորությունը, սահմանափակ կարողություններով մարդկանց համար ինքնուրույն տեղաշարժերի պայմանների ստեղծումը եւ այլն: Իսկ 800 երեւանցի ցանկություն են հայտնել, որ մայրաքաղաքն ունենա 3D ստրիտ արտ` սա հատակին արված վիրտուալ նկար է, որի միայն հատուկ տեղերից, օբյեկտիվի միջոցով հնարավոր է տեսնել ողջ պատկերը: Ուշագրավ է, որ, փաստորեն, 3D ստրիտ արտը եղել է երեւանցիների ամենամեծ երազանքը` կապված մայրաքաղաքի հետ: Հետեւաբար քաղաքապետարանն ու «Ամերիաբանկը» երեկ Ազնավուրի հրապարակում մայրաքաղաքի բնակիչներին մատուցեցին նրանց երազանքը. Երեւանն այլեւս ունի 3D ստրիտ արտ, որի հեղինակն է այս ոլորտում հայտնի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող գերմանացի Նիկոլայ Արնդտը: Նկարիչը իր աշխատանքները մեր քաղաքում սկսել է հունիսի 20-ին, եւ ահա, հունիսի 25-ին նկարը պատրաստ էր: Հատկանշական է, որ Երեւանում Արնդտը ներկայացրեց իր` ծավալով ամենամեծ ստեղծագործությունը:
Նկարի բացման արարողությանը մասնակցում էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը , «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Արտակ Հանեսյանն ու բազմաթիվ երեւանցիներ: Քաղաքապետարանն ու «Ամերիաբանկը» կամփոփեն երեւանցիների այլ երազանքները, որոնք վերջիններս գրառել են «Երազանքի պատի» վրա, ու կմշակվի հատուկ նախագիծ, որը կներկայացնի երեւանցիների հավաքական երազանքը:
Հետաքրքրական է, թե ի՞նչ պետք է լինի դա:
Հ. Ա.