Երեւանյան ինտելեկտուալների հանդիպման լավագույն հավաքատեղիիՙ վերջին շրջանում հավակնում է «Բյուրոկրատ» գրատունը, որտեղ նորընծա գրքերի շնորհանդեսներից, գրող-հեղինակների հետ հանդիպումներից բացի, նաեւ մշակութային-մտավորականՙ որոշակի գաղափարախոսության շրջանակներում ծրագրեր են գործում, տեղի են ունենում տարաթեմատիկ բանախոսություն-քննարկումներ:
Մինչեւ հունիսի 28-ըՙ ընդամենը 4 օր «Բյուրոկրատ» գրատան սրահում կընթանա XX դարի հայ գեղանկարչության վարպետներից Վահրամ Գայֆեճյանի գծանկար եւ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Բացման օրը կայացավ «Վահրամ Գայֆեճյան. գրաֆիկա, գծանկար» պատկերագրքի անդրանիկ ներկայացումը: Նկարչի անհատականության, նրա ստեղծագործության մասին արտահայտվեցին Հրավարդ Հակոբյանը, Փարավոն Միրզոյանը, Մարտին Միքայելյանը, Կարեն Աղամյանը: Պատկերագիրքը (ռուսերեն) ներառում է Գայֆեճյանի գծանկար եւ գրաֆիկական հարյուրից ավելի աշխատանքներ, այդ ստեղծագործության ընդհանուր նկարագրությունը, նկարչի մոտեցումները, դրանց ստեղծման պատմությունը: Գրքի ակադեմիական հրատարակության հեղինակը նկարչի դուստրն էՙ Էլեն Գայֆեճյանը (տպագրությունըՙ «Գասպրինտի»): Տարիներ առաջ նրա ջանքերով լույս ընծայվեց Վահրամ Գայֆեճյանի գեղանկարչական գործերի պատկերագիրքը: «Սա մեր կյանքի տարեգրությունն է, այնՙ ինչ արել է Էլեն Գայֆեճյանը հերոսություն է, արժանի հարգանքի եւ ակնածանքի»,- եւ ինչպես կարծում է Մարտին Միքայելյանը. «Առանձնահատուկ կարեւոր է Գայֆեճյանի տեղը հայ գեղանկարչության մեջ, ոչ ոք չի կարող այդ տեղը լրացնել, ինչպես ֆրանսիացիների համար Ռաուլ Դյուֆին»:
Վահրամ Գայֆեճյանի անունը շատ սակավ է ներկայացվում մեր արվեստային միջավայրի ուշադրությանը: Նկարիչ, որ հարկավ աչքի է ընկնում գեղարվեստական բարձր կուլտուրայով եւ նուրբ զգացողությամբ: Նա այն արվեստագետներից է, ով գեղանկարչական կրթությունը զուգահեռել է հիմնական մասնագիտությանը: Մոսկվայի Լազարեւի ինստիտուտում բժշկություն եւ իրավագիտություն սովորելիս, նա միաժամանակ ուսումնասիրում էր քանդակագործություն, նկարչություն եւ ճարտարապետություն ուսումնարանի գեղարվեստի բաժնում:
Հետագայում վերադառնալով հայրենի Ախալցխա, կազմակերպում է գեղարվեստական ստուդիա, մասնակցում Թբիլիսիի «Հայ արվեստագետների միության» ցուցահանդեսներին: 1924-ից սկսվում է ստեղծագործական եւ աշխատանքային երեւանյան տարեգրությունը. նա դասավանդում է գեղարվեստի ուսումնարանում (հետագայումՙ Թերլեմեզյանի անվան), մինչեւ 1928-ը կրթարանի տնօրենությունն է վարում: Նրա վրձնին են պատկանում գծանկար եւ գրաֆիկական գործերի ամբողջական շարքեր, գեղանկար բազմաթիվ կտավներ, որոնց մի մասը պահպանվում է Ազգային պատկերասրահի ֆոնդերում, կան գործեր Մոսկվայի Արեւելքի թանգարանում, տեղի եւ արտերկրի մասնավոր հավաքածուներում:
Հատկապես մոսկովյան տարիները, ռուսական արվեստի միջավայրը լայն հնարավորություն տվեցին նկարչին հետեւելու-ուսումնասիրելու անցյալի եւ ներկայի գեղագիտական շարժումները, նկարչական ուղղությունները, ճանաչեց-յուրացրեց ռուս եւ արեւմտաեվրոպական նկարչության հիմնական զարգացումներն ու միտումները: Մոսկվայում ուսանելիս Կայսերական Մեծ թատրոնի համար իր ուսուցիչ Կորովինի էսքիզներով դեկորացիաներ է ստեղծել:
Գայֆեճյանը գեղարվեստական միջավայրը հրաշալի զգացող-վերստեղծող արվեստագետ է, նրա հայացքի ներքո հատկապես իրավիճակներ, դրվագներ, փոքր հատվածներ կենդանանում եւ նկարչորեն նոր էսթետիկա ու շունչ են ստանում, բնանկարներում, քաղաքային պատկերներում ակնհայտ է նուրբ զգացողությունների ու նրբաճաշակ գեղագետի ներկայությունը, հրաշալի փոխանցողն է միջավայրի գեղարվեստական ինտոնացիայի եւ վարպետըՙ գույների խաղացկուն տոնայնության, որով ստեղծում է տրամադրությունների մի ամբողջ գամմա, եւ որով նրա նկարչությունը տպավորապաշտական բնույթ է կրում («Կրպակ հին Երեւանում», «Անկյուն Թբիլիսիում»), նրան բնորոշ են նաեւ գունային վերացական կոմպոզիցիաները, ուշագրավ են դիմանկարներն ու նատյուրմորտները: Հատկապես «Եղրեւանին», որի գունային փարթամության հագեցվածությունը իրենից ասես արտածում է բույսին հատուկՙ սքանչելի-տարածուն բույրը: Նույն գեղեցկությունն ու վարպետությունը բնորոշ են Գայֆեճյանի գրաֆիկական գործերինՙ գծի նրբություն, համաչափություն ու փխրունություն, եւ ամենակարեւորըՙ տրամադրության, մթնոլորտի գեղագիտական վերարտահայտումՙ ամենափոքր չափսի գործերում անգամ:
Համոզվելու համար այցելեք Սարյան փողոց, «Բյուրոկրատ» գրատուն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. Նկարչի դուստրըՙ Էլեն Գայֆեճյանը ելույթի պահին: