3-րդ տարին անընդմեջ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան եւ ՌԴ «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը համատեղ անցկացրին լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշամրցաշարը:
«Կիլիկիա» մարզասրահում անցկացված մրցումներում մրցանակների համար մրցավեճի էին բռնվել Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Հունաստանի պատանի սամբիստները: Նրանց թվում քիչ չէին այս տարվա Եվրոպայի պատանեկան առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած սամբիստները: Այնպես որ մրցաշարը բավականին ուժեղ կազմ էր հավաքել: Մասնակիցների համար այն ուժերի հիանալի ստուգատես դարձավ աշնանը կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունից առաջ:
Պատանիները հաղթողներին որոշեցին քաշային 10 կարգում: Ոսկե մեդալների արժանացան Ռաֆիկ Սահակյանը (48 կգ), Ջոն Բալայանը (52 կգ), Գրիգոր Մխիթարյանը (56 կգ), Եգոր Մգդսյանը (60 կգ), Թեմուր Հալաջյանը (65 կգ), Էդուարդ Հարությունովը (70 կգ), Ուշանգի Մարգիանին (75 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (81 կգ), Մաթեւոս Քելեշյանը (87 կգ) եւ Գեորգի Լազուաշվիլին (գերծանր քաշ):
Աղջիկների մրցավեճում առավել հաջող հանդես եկան Ռուսաստանի ներկայացուցիչներ Ելիզավետա Կուլիկովան (44 կգ), Օլգա Տիմոֆեեւան (48 կգ), Եկատերինա Շարիպովան (56 կգ), Նատալյա Կորոտկովան (65 կգ) եւ գերծանրքաշային Օլեսիա Կաշլեւան: Քաշային մյուս 2 կարգերում հաջողության հասան հայ սամբիստուհիներըՙ Դիանա Հովհաննիսյանն (52 կգ) ու Ռոզա Խաչատրյանը (60 կգ):