ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ադրբեջանի մայրաքաղաքում երեկ մեկնարկել է հերթական «միջազգային» խորհրդաժողովը` «Համատեղ ջանքեր հանուն Կովկասի ապագայի. անցած 20 տարիների դասերը»: Այն կազմակերպել է Իլհամ Ալիեւին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնը:
Այդ առթիվ ադրբեջանական մամուլը փորձում է տպավորություն ստեղծել, թե «միջազգային» խորհրդաժողովին ներկացված են հարավկովասյան բոլոր երեք պետությունները: Մինչդեռ «հայկական կողմի ներկայացուցիչը» Ժիրայր Լիպարիտյանն էր, որ վաղուց ոչ միայն Հայաստանը չի ներկայացնում իբրեւ պետական կամ քաղաքական-հասարակական գործիչ, այլեւ ապրում է Միացյալ Նահանգներում եւ այդ երկրի քաղաքացի է: Հետեւաբար, Հայաստանը Իլհամ Ալիեւի կազմակերպած «դարակազմիկ» միջոցառմանը չի մասնակցել:
Խիստ արտառոց է նաեւ վրացական կողմի ներկայացվածությունը: Այդ երկրից մասնակցել է միջազգային հարաբերությունների եւ ռազմավարության հետազոտական հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Ռոնդելին: Մինչդեռ Բաքուն նպատակահարմար էր գտել միջոցառմանը գործուղելու քաղաքագետ եւ խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովին:
Վերջինիս ելույթից արված մեջբերումների վրա էլ հարեւան երկրի լրատվամիջոցները հիմնականում կառուցել են միջոցառման տեղեկատվական ֆոնը: Նոր որեւէ գաղափար կամ հեռանկար Մուսաբեկովը չի հնչեցրել: Նա գրեթե բառ առ բառ կրկնել է իշխող վարչախմբի «հայեցակարգը»: Իսկ վերջինս հիմնված է այն բանի վրա, որ «տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական, ինչպես նաեւ ռազմական առաջատարը» Ադրբեջանն է:
Մուսաբեկովը վերստին հիշեցրել է, որ Հարավային Կովկասի «տնտեսության 70 տոկոսը գտնվում է Ադրբեջանում»: Սա փաստի արձանագրում չէ միայն, այլ` «փաստարկ, որ Հարավային Կովկասի երկրներից Ադրբեջանը եւ Վրաստանը լիովին դուրս են եկել Մոսկվայի ազդեցությունից»: Մուսաբեկովը հույս է հայտնել, որ «չնայած վերլուծաբանների կանխատեսումներին, շուտով Հայաստանն էլ ձեռք կբերի լիակատար անկախություն»:
Ո՞րն է Ադրբեջանի «լիակատար» անկախությունը: Այն, որ «դուրս է եկել» Ռուսաստանի ազդեցության տիրույթից եւ մտել Թուրքիայի «հովանոցի՞» տակ: Եվ, Մուսաբեկովի կարծիքով, Հարավային Կովկասի «երջանկության» համար հարկ է, որպեսզի Հայաստա՞նն էլ ընտրի այդ ճանապարհը: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում, թե որտե՞ղ է իրեն ավելի հարմար, ի՞նչ համակարգում է ավելի անվտանգ, սեփական զարգացման ի՞նչ հեռանկար է տեսնում:
Ինքնիշխանության գլխավոր նախապայմանը ընտրության իրավունքի իրացումն է, ինչը Հայաստանի դեպքում եւ ԱՊՀ ու ՀԱՊԿ հետ ռազմավարական համագործակցության խորացումն է, եւ Եվրոմիության ու ՆԱՏՕ-ի հետ գործընկերային կապերի զարգացումը, եւ հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը: Դա ճիշտ եւ իրեն արդարացնող ընտրություն է` անկախ այն բանից, որ Ապշերոնում եւ Կասպից ծովի ընդերքում նավթ եւ գազ կա, եւ Ադրբեջանը դրանց արդյունահանումից եւ վաճառքից ֆինանսական «բում» է ապրում:
Եթե նավթը եւ գազը «ինտեգրացման» եւ պետությունների` իրենց ազգային շահերը տնտեսական «հետագա բարգավաճման հեռանկարին զորհաբերելու գաղափարն» է, որ Իլհամ Ալիեւը այս անգամ փորձել է մատուցել «միջազգային խորհրդաժողով» փաթեթավորմամբ, ապա վստահաբար կարելի է ասել, որ ոչինչ չի ստացվել: Նույնիսկ այն դեպքում, երբ տպավորություն է ստեղծվել, որ Ադրբեջանը եւ Վրաստանը «նույն նավակում են, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չի հասկանում իր շահը»:
Վրաստանի պարագայում դատողություններ չենք անում, բայց եւ չենք կարող անտեսել, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունների ապագան այնքան էլ անամպ չի պատկերվում: Ռեժիմներն, ինչպես Սաակաշվիլիի էքսցենտրիկ վարչակարգն է, անցողիկ են: Իսկ Վրաստանի ազգային շահը` մնայուն, եւ պահանջելու է Ադրբեջանի տնտեսական ու դեմոգրաֆիկ էքսպանսիան զսպելու քայլեր:
Ինչ վերաբերում է Հայաստանին եւ հայ ժողովրդին, ապա ընտրությունն արդեն իսկ կատարված է. «մեկ դերասանի թատրոնը», որ Իլհամ Ալիեւի սցենարով Ադրբեջանն է փորձում «բեմականացնել» Կովկասի աշխարհաքաղաքական տարածքում, ի սկզբանե փորձարկվել է Լեռնային Ղարաբաղում` խորհրդային «ինտերնացիոնալիզմի» դրոշի տակ:
Եվ ձախողվել է: Հարավային Կովկասում կայունության եւ ինտեգրացման աղբյուրը ոչ թե մեկ «դերակատարի» դոմինանտության «ընդունումն է» մյուսների կողմից եւ նրա «շուրջը համախմբումը», այլ` յուրաքանչյուր սուբյեկտի ինքնուրույնությանը եւ ընտրությանը հարգանքով վերաբերվելու հիմքով բազմապլանային համագործակցությունը: Միայն այդ դեպքում է հնարավոր փայփայել տարածաշրջանի հաղաղ եւ անվտանգ զարգացման հեռանկարը: Եվ, ի դեպ, դա է հուշում անցած 20 տարվա հիմնական դասը` ուժով «համագործակցություն» չի ստեղծվում: Եթե անգամ խոսքը միայն տնտեսական ներուժի մասին է: