«Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության գագաթաժողովի ավարտին հայտարարել է նախագահ Գյուլը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հունիսի 22-ին թուրքական ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռը, այսպես կոչված ուսումնավարժական թռիչք կատարելիս, ներխուժել էր Սիրիայի օդային տարածք: Սիրիական հակաօդային պաշտպանությունը վայր էր գցել ինքնաթիռը, երկու օդաչուների ճակատագիրն առ այսօր հայտնի չէ: Ըստ երեւույթին ոչնչացրել են:
Ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը այսպիսի ընթացք չէր ակնկալում: Ոչ էլ բավարարված է ՆԱՏՕ-ի բրյուսելյան արտակարգ նիստի «Թուրքիային համերաշխություն հայտնելու, իսկ Սիրիային ինքնաթիռը խոցելու համար դատապարտելու» անբովանդակ որոշումից: Թեեւ վարչապետ Էրդողանը շարունակում է հոխորտալ, թե Թուրքիան մեծ տերություն է, ոչ մեկի խամաճիկը չէ, անպատասխան չի թողնի Սիրիայի «ամբարտավանությունը», սակայն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հոխորտանքները որակում է «բլեֆ», արաբական երկրներն ու իսլամական աշխարհը հոխորտանքներին զուգընթաց ավելի ու ավելի են համոզվում, որ Թուրքիան հենց ԱՄՆ-ի խամաճիկն է, իսկ անգլիական մամուլը միջադեպին անդրադառնալիս չի խորշում թուրքական ինքնաթիռի ներխուժումը Սիրիա վերագրել հետախուզական առաջադրանքին:
Համենայն դեպս, հունիսի 22-ից թուրքական զանգվածային լրատվամիջոցներն անդադար ինքնաթիռի կործանման հարցն են արծարծում, եւ այս հարցը առանձնակի սրությամբ շարունակում է զբաղեցնել Թուրքիայի քաղաքական օրակարգը: Այսպիսի մոտեցմամբ միանգամայն տրամաբանական է, որ օրակարգից դուրս մնան երկրի համար ոչ պակաս, գուցե ավելի կարեւոր խնդիրներ: Դրանցից թերեւս կարելի է առանձնացնել թուրքական անվտանգության ուժերի եւ PKK-ի գրոհայինների բախումները, որոնց հետեւանքով միայն հունիսին սպանվել է 23 զինծառայող, 21-ըՙ մայիսին էր սպանվել, ինչպես նաեւՙ «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության 20-ամյա հոբելյանին Ստամբուլում գումարված գագաթաժողովը:
Ինչպես հայտնի է, այս կազմակերպությանն անդամակցում է 12 պետություն: Հայաստանը ստամբուլյան գագաթաժողովին ներկայացել էր փոխարտգործնախարարի մակարդակով, հակառակ թուրքական կողմիՙ նախ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հրավիրելու համառ ձեռնարկումներին:
Դրանք թերեւս պետք է պայմանավորել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հունիսի 4-ի երեւանյան այն շեշտադրումներով, ինչպիսիք են «Հայ-թուրքական նորմալացման գործընթացը ծավալել առանց նախապայմանների» եւ «Գնդակը Թուրքիայի դաշտում է», առավել եւս` արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությունը. «Բանակցություններ չեն կարող լինել, դրանք ավարտվել են արձանագրությունների ստորագրումով, որոնց Թուրքիան չի ցանկանում հարգել: Չեմ կարծում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշելու»:
«Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության հոբելյանական ստամբուլյան գագաթաժողովի ավարտին, որին, ի դեպ, մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հրավիրվել էր մամուլի ասուլիս: Ինչպես հունիսի 27-ին նշել է «Ռադիկալը», ասուլիսին մասնակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա, ի պատասխան «Ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, երբ Թուրքիայի հայկական սահմանը փակ է» հարցին, ասել է. «Թուրքիան բարի կամք դրսեւորեց, շնորհիվ դրա Հայաստանն անդամակցեց կազմակերպությանը: Այսօր քննարկել ենք: Ցավոք, մեր տարածաշրջանում կան որոշ խնդիրներ: Առկա են նաեւ տարաձայնություններ: Ամեն կերպ ջանում ենք, որ հաղթահարվեն այս տարաձայնությունները: Որքան հաղթահարվեն այս տարաձայնություններն ու վստահության մթնոլորտ հաստատվի, այնքան կզարգանա համագործակցությունն ու առեւտուրը:
Չենք կարող անտեսել առկա խնդիրները: Սակայն անհրաժեշտ է, որ բոլորս բարի կամքով աշխատենք լուծել եւ ձերբազատվել այս խնդիրներից: Նպատակը սա է: Խնդիրներ կան, ինչպես դուք նշեցիք: Կա նաեւ այս խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ բարի կամք, որը բոլորն են դրսեւորում: Հուսով եմ, որ այս միջոցառումները կնպաստեն եւ պատճառ կդառնան դրանց կարգավորման համար: Գագաթաժողովին Հայաստանիՙ որպես լիարժեք անդամի, մասնակցությունը, ինչ խոսք, գոհունակություն պատճառեց մեզ: Ինչպես կազմակերպության մյուս անդամները, այնպես էլ Հայաստանը իր տեսակետներն արտահայտեց այստեղ: Ինչպես արդեն ասացի, եթե բոլորս բարի կամք դրսեւորենք եւ դրանց հաղթահարման ուղղությամբ ջանք գործադրենք, ապա կնպաստենք տնտեսական համագործակցությանն ու ժողովուրդների բարօրությանը»:
Ինչպես երեւում է, պետքարտուղար Քլինթոնի երեւանյան շեշտադրումներն ու ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությունը հասել են հասցեատիրոջը: