«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2012-06-27 | #117, 2012-06-28 | #118, 2012-06-29


ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԵՐՀԻՇԵԼ ԿԵՍԴԱՐՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ

Այդ մասին հայկական մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել: Մանրամասնություններին չենք անդրադառնա: Խոսքը նախկին ԼՂԻՄ Մարտունիի շրջանի Կուրոպատկինո գյուղում տեղի ունեցած` 8-ամյա հայ երեխայի գազանաբարո սպանության եւ դրան հաջորդած միջադեպի մասին է: Ինչո՞ւ էին ադրբեջանական իշխանությունները Գերագույն դատարանի արտագնա նիստ անցկացրել Ստեփանակերտում: Այն էլ` ամառային կինոթատրոնի շենքում: Ինչո՞ւ էին հնարավորություն ստեղծել, որ դատավարության շուրջը հնարավորինս շատ կրքեր բորբոքվեին:

Երեխայի սպանությունը բացահայտվել էր, մեղադրյալները հայտնի էին: Իշխանությունները հնարավորություն ունեին դատավարությունը անցկացնելու փակ, հանցագործներին արժանի պատիժ տալ եւ մթնոլորտը լիցքաթափել: Նրանք, սակայն, ընտրել էին ամենավտանգավոր տարբերակը` «դատավարություն» բեմադրել Ստեփանակերտի կենտրոնում եւ... հրապարակայնորեն նվաստացնել ոչ միայն երեխայի ծնողներին, հարազատներին, այլեւ ողջ արցախահայությանը: Քանի որ մանկահասակ տղայի դահճին, դիակը բորենիաբար պղծողին, ըստ դատավճռի, սահմանվել էր 15 տարվա ազատազրկման պատիժ: Եվ մինչեւ հոգու խորքը նվաստացած մարդիկ, այո, ինքնադատաստան էին արել` հրկիզել էին բանտային մեքենան:

Այդ օրվանից գրեթե կես դար է անցել: Եվ հանկարծ կիսապաշտոնական day.az-ը նողկալի ցինիզմով պատմում է, որ «մեղադրյալներից երկուսը դատապարտվել են պատժի առավելագույն չափի` գնդակահարության, երրորդը` 15 տարվա ազատազրկման, բայց հայ ահաբեկիչները գրավել են բանտային մեքենան, սպանել նրանց, գանգամաշկել, ապա եւ դիակները հրկիզել»:

Ինչո՞ւ էին Ադրբեջանի իշխանությունները դիմել բացահայտ սադրանքի: Նախ այս հարցին պատասխանենք: Ժամանակը հուզումնալից էր: ԼՂԻՄ-ից Մոսկվա էր հղվել «13»-ի նամակը: Կազմակերպվել էր նաեւ ստորագրահավաք, եւ ավելի քան 50 000 արցախցի միացել էր ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու պահանջին: Իր տեսակի մեջ դա յուրօրինակ հանրաքվե էր: 8-ամյա երեխայի դաժան սպանությունը «զգուշացում» էր արցախահայությանը: Իսկ Ստեփանակերտում հրահրված սադրանքը` իրավիճակը սրելու, ԼՂԻՄ հիմնախնդիրը նենգափոխելու նպատակով իրականացված հատուկ գործողություն, որի անմիջական «կուրատորը» Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ Հեյդար Ալիեւն էր:

Սադրանքին հետեւել էին զանգվածային ձերբակալություններ եւ բռնություններ: Ինքնադատաստանի ենթարկվածների հուղարկավորությանը (բառի համար` ներողություն) ներկա էր գտնվել եւ նրանց «սուրբ նահատակ» էր անվանել Ադրբեջանի կառավարության նախագահը: Ինքնավար մարզը ամիսներ շարունակ ենթարկվել էր դաժան շրջափակման: Ձերբակալված հայերից երկուսը դատապարտվել էին գնդակահարության, եւ նրանց հանդեպ դատավճիռը ի կատար էր ածվել: Տասնյակ ուրիշներ երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվել:

Բայց ի՞նչ կարիք կար, որ այդ ամենը հիշեցվեր: Անցել է, կրկնենք, շուրջ կես դար:

Պարզ է, թե ինչու են Ադրբեջանում վերհիշել այդ ողբերգական իրադարձությունները: Day.az-ի հրապարակումը համեմված է... «դեռեւս 1940-ական թվականների վերջերին արտասահմանից Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ` Բաքու եւ Կիրովաբադ անցած «դաշնակցական ահաբեկիչների» կողմից հրահրված ազգայնական շարժման» մասին ցնորաբանությամբ: Պատկերացնել, որ Ստալինի օրոք Հայ հեղափոխական դաշնակցությունը կարող էր հայրենադարձ հայերի հետ ԽՍՀՄ «ուղարկել ահաբեկիչների», երեւակայությունից վեր մի բան է:

Հերթական անգամ ապաշնորհ փորձ է արվում նենգափոխելու արցախահայության ընդվզման պատճառները: Պատմությունը, բարեբախտաբար, մեզ համար պահել է «13»-ի նամակի բնագիրը: Այնտեղ շարադրված են ՀԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջի պատմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր-մշակութային հիմնավորումները: Եվ այնքան համոզիչ, որ ԽՍՀՄ իշխանությունները ստիպված էին հանձնարարել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունը քննարկի խնդիրը եւ ներկայացնի առաջարկություններ:

Այլ բան է, որ Մոսկվան հետեւողական չգտնվեց: Բայց դա չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը «մշտապես եղել է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային հավակնություն», ինչպես փարիսեցիաբար գրում է day.az-ը` «ներկան շաղկապելով անցյալին»: Ենթատեքստը հասկանալի է: Բայց նույնիսկ այդ դեպքում չէ՞ որ ամեն ինչ 1966-ին սկսվել է 8-ամյա հայ երեխայի սպանությունից: Այն էլ` իրականացված դպրոցի տնօրենի` ի պաշտոնե «մտավորականի», «ազգի խիղճը ներկայացնողի» կողմից:

Արժե՞ փորփրել այնցյալը, եթե այն բացահայտում է, որ դպրոցի տնօրենը նենգամտորեն խաբել, խաղից կտրել, խաղողայգու խորքն է տարել 8-ամյա տղային, սպանել, դիակը հոշոտել: Մի՞թե այսօր այդ ամենը պատմվում է իբրեւ բոլոր ադրբեջանցիների համար «ուսանելի դաս»: Իսկ եթե «ոչ», ապա ինչո՞ւ է պատմվում: Նողկալի է: Անմարդկային: Հակաբնական եւ հատկապես հակաբանական` որ 21-րդ դարի «հանդուրժողական, բազմամշակութային» երկրի գրեթե պաշտոնական լրատվամիջոցը մի մանկասպան տականքի փորձում է դասել «անմեղ նահատակների» շարքին:

Մի՞թե Ադրբեջանը արժանապատիվ հերոսության եւ մարդկայնության օրինակ չունի, որ «պանծացնում է» նմաններին: Ըստ երեւույթին` չունի: Քանի որ նոր ժամանակներում էլ «հերոսացնում է» ծառայակից սպային գիշերը կացնահարած Ռամիլ Սաֆարովին եւ դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովին, որի դիակը ամսից ավելի անթաղ ընկած էր ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներից մեկի առաջնապահ խրամատում:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4