«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2012-06-27 | #117, 2012-06-28 | #118, 2012-06-29


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Մոտենում է 2015 թ. ապրիիլի 24-ը, եւ հայությունը պատրաստվում է նշելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Պետությունը պատրաստվում է այս իրադարձությանը, մշակվում են միջոցառումների եւ գործողությունների ծրագրեր: Ավելի քան տասներկու տարի է, ինչ այս հարցը ճանաչվել է իբրեւ արտաքին քաղաքական գերակայություն: Հայաստանի իշխանությունները բազմաթիվ առիթներով հայտարարել են, որ միջազգային ասպարեզում պայքարելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը շարունակելու ու իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: Վերջին տարիների ընթացքում կարծես ձեւավորվեց այդ «ավարտ» հասկացության իմաստային բովանդակությունը: Դա այն է, որ գործընթացը կարող է ավարտված համարվել, երբ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչի Թուրքիայի Հանրապետությունը: Միաժամանակ վերջին տարիների քննարկումները հստակ ցույց են տվել, որ հայ հասարակության մեջ չկա միասնական ըմբռնում, թե ի՞նչ պետք անի Թուրքիան փաստը ճանաչելուց եւ ներողություն խնդրելուց բացի: Թուրք արդարամիտ մտավորական եւ հասարակական գործիչ Ռագըփ Զարաքոլուն, վերջերս Երեւանում ՀՀ նախագահի մրցանակը ստանալիս, համարձակորեն հայտարարեց, որ, իր համոզմունքով, Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրի եւ փոխհատուցում տա: Եթե դրանից առաջ էլի այլ թուրքեր Հայոց ցեղասպանության փաստը Թուրքիայի կողմից ճանաչելու անխուսափելիության մասին դատողություններ արել էին, ապա պարոն Զարաքոլուն առաջիններից էր, որ բարձրաձայն խոսեց փոխհատուցման մասին: Ամեն տարի, ապրիլի 24-ին, դիտելով հեռուստաալիքները եւ լսելով ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ շարքային քաղաքացիների դատողություններն ու մաղթանքները, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ հայության հավաքական տեսլականը Արեւմտյան Հայաստանի վերադմիավորումն Հայաստանի Հանրապետության հետ, եւ դա է ենթագիտակցական մակարդակով արդարության վերականգնման ակնկալիքը: Սակայն բանականությունը անմիջապես էլ ասում է, որ դա հեռու ապագայի տեսլական է, իսկ քաղաքական գործընթացներն այժմեական են եւ կարող են զարգանալ ինչպես նպաստավոր, այնպես էլ աննպաստ սցենարներով:

2007 թ. ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը քաղաքական խնդիրը ձեւակերպել է հետեւյալ կերպ. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը` Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»: Դեռեւս 2005-ին ռազմավարությունը նախապատրաստող համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության արդյունքում ամբողջական համաձայնություն էր ձեռք բերվել, որ ճանաչման եւ դատապարտման գործընթացը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության երաշխիքներից մեկն է, որովհետեւ նպատակ է հետապնդում բացառելու այդ ողբերգության հնարավոր կրկնությունը: Ռազմավարության նախագծում, որը նախապատրաստել էր հանձնաժողովը, այդ մասին գրված էր հետեւյալը. «Հատուկ ուշադրության է արժանի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջը ստեղծված իրավիճակը: ՀՀ-ն, համաձայն լինելով արեւմտահայության օրինական պահանջին` վերականգնել Օսմանյան կայսրության բնիկ հայ ժողովրդի եւ նրա սերունդների նկատմամբ պատմական արդարությունը, միեւնույն ժամանակ Եղեռնի ճանաչումը դիտում է Հայաստանի բնակչության նկատմամբ նոր ցեղասպանության հնարավորության համատեքստում, այսինքն` որպես ՀՀ բնակչության գոյության անվտանգության երաշխիքներից մեկը»:

Հարյուրամյակի տարելիցին ընդառաջ գծագրվում են որոշ քննարկվելիք թեմաների եւ բարձրացվելիք հարցերի տեսլականներ:

Ո՞րն է հայության կոնկրետ պահանջն այս հարցում

Բոլորը գիտեն, որ արդեն մոտ կես դար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի ու Սփյուռքի հայությանը համախմբող կարեւորագույն գաղափարն է: Այս գաղափարի առաջմղման գործում արձանագրվել են լրջագույն հաջողություններ, որոնց մասին նույնպես բոլորը գիտեն: Հայաստանի քաղաքական դաշտում բանավեճի թեմա դարձավ այն հարցը, թե ո՞վ է մեղավոր, որ վերջին տարիներին միջազգային ճանաչման ու դատապարտման հաղթարշավը չի ընթանում նույն արագ քայլերով, ինչ, ասենք, տասը տարի առաջ: Եվ արդյոք դրանից պե՞տք է քաղաքական հետեւություններ անել: Ֆրանսիական խորհրդարանում վերջերս անցած բուռն քննարկումները Հայոց ցեղասպանության փաստը ուրանալու համար քրեական պատասխանատվություն սահմանելու օրինագծի վերաբերյալ կարծես նախանշում էին մի նոր նշաձող, որին պետք է ձգտեր հայությունը: Այն էՙ իր ոչ միայն պատմաբարոյական, այլեւ իրավական-քաղաքական գնահատականով Հայոց ցեղասպանությունը հավասարեցնել հրեական Հոլոքոսթի հետ: Հարկ է հիշել նաեւ, որ օրինագծի տապալման փաստը ցավով ընդունած մարդկանցից ոմանք, այդ թվումՙ հարցը առաջ մղելու գործում անուրանալի ծառայություններ ունեցածները, հարցրին, արժե՞ր արդյոք պայքարել նման բանաձեւի համար, երբ ֆրանսիական խորհրդարանը 2000-ականների սկզբին Հայոց ցեղասսպանությունն արդեն ճանաչել ու դատապարտել էր: Սա ոչ այնքան բնիկ հայկական, որքան ֆրանսիական աշխարհայացքից բխող մի քննարկում էր, որից հայության օգուտն այն է, որ քննարկվի եւ ամբողջանա ազգային պահանջատիրությունը եւ ստանա ոչ միայն ընդհանրապես, այլ նաեւ կոնկրետ մեր ժամանակի համար հնչեղություն ունեցող ու այլոց կողմից հասկանալի բանաձեւում:

1919 թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսին ներկայացնելու համար դաշնակիցների խորհրդով Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստեց հայ ժողովրդի պահանջներին վերաբերող փաստաթուղթ, որը խիստ ոչ ամբողջական էր եւ հիմնված էր Կովկասում ապաստան գտած հայ գաղթականների կորցրած գույքի տվյալների հիման վրա: Թե իրականում ի՞նչ ծավալ է կազմել այն վնասը, որ կրել են արեւմտահայերը Հայոց ցեղասպանության ժամանակ` ոչ ոք չի կարող ասել: Միամտորեն կարելի էր կարծել, որ այդ վնասների ամբողջական փաթեթը կարելի կլիներ գտնել օսմանյան արխիվներում, որովհետեւ հստակ հայտնի է, որ այդ գույքը բռնագրավվել է, այնուհետեւ վերաբաշխվել կամ վերավաճառվել, իսկ մի մասն էլ` տերերին ոչնչացնելուց հետո կողոպտվել է: Դեռ մեր անկախությանը նախորդող շրջանում Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ ու փորձագետներ ահազանգում էին, որ թուրքական այն ժամանակների իշխանությունների հրահանգով օսմանյան արխիվները «սանրվում ու մաքրվում» էին: Այնպես որ մոռանալ այդ հորդորները եւ ամբողջ հույսը դնել այդ արխիվներում պահվող տեղեկությունների վրա միամտություն կամ ինքնախաբեություն կլիներ: Բայց անհնար է, որ այդ արխիվները ամբողջությամբ ոչնչացված լինեին եւ, անշուշտ, այնտեղ ավելի անորոշ կամ միջնորդավորված տեղեկություններ պահպանվում են, եւ դրանք հետազոտելը վատ չէր լինի: Հայտնի է, որ մեր օրերի դյուրացումների պայմաններում թուրք հետազոտողներին էլ սկսել են հետաքրքրել մեր պետական արխիվների համապատասխան նյութերը, եւ սա մեր օրերի նորություններից է:

Փարիզում անցյալ տարի հրավիրվեց Արեւմտահայության երրորդ համագումարը, որը նախաձեռնեցին եւ անցկացրին արեւմտահայության ժառանգների մի քանի տասնյակ նվիրյալ ակտիվիստներ: Համագումարի նախաձեռնողներից մեկը, իմ ուսանողական ընկեր, ճանաչված պատմաբան Վահան Մելիքյանը 2010-ին մի շատ արժեքավոր աշխատություն հրատարակեց արեւմտահայության ինքնակազմակերպման անհրաժեշտության եւ փոխհատուցման ձեւակերպման խնդրի վերաբերյալ: Այդ համագումարի պատմական ծառայությունը կարող էր լինել այն վնասի չափի բացահայտումը, որ կրել էր արեւմտահայությունը Մեծ Եղեռնի ժամանակ: Մոսկվայից, Լոս Անջելեսից եւ Բեյրութից տեղեկություններ են հասնում, որ այլ նախաձեռնող խմբեր եւ նույնիսկ անհատներ քայլեր են անում պահանջատիրության բովանդակությունը մերօրյա պահանջներին համապատասխան ձեւակերպելու ուղղությամբ: Դարձել է անհրաժեշտ, որ հայ հասարակության մեջ մի լուրջ քննարկում սկսվի, թե ի՞նչ ենք մենք հասկանում «փոխհատուցում» ասելով: Որովհետեւ, օրինակ` «Նյու Յորք լայֆ ինշուրընս» ընկերությունը մի խորհրդանշական փոխհատուցում տվեց իր կյանքը այդտեղ ապահովագրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների երեք հազար իրավահաջորդներին եւ արդարությունը վերականգնված համարեց: Իսկ չի՞ կարող ստացվել այնպես, որ Թուրքիայի ներսում ընթացող բուռն գործընթացների արդյունքում, փոխհատուցում տալու գաղափարը հասունանա ավելի շուտ, քան կձեւակերպի իր ու աշխարհի համար հայությունը` լինեն արեւմտահայեր, թե նախկին ռուսահայեր: Ցավով եմ հիշում ապրիլի 24-յան վերջին հեռուստաբանավեճը, երբ հավաքված մի քանի տասնյակ քաղաքական գործիչները խոսում էին ամեն ինչի մասին, բացի այն պահանջից, թե ի՞նչ են հասկանում «պատմական արդարության վերականգնում» ասելով: Այդ հաղորդման ամբողջ ընթացքում ինձ չէր լքում այն միտքը, թե ի՞նչ են այժմ մտածում թուրքերն ու ադրբեջանցիները մեզ լսելով: Պոլսի Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին հավաքված էին մի քանի հազար հայեր ու նաեւ թուրքեր, որոնք ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Խորհրդարանական ընտրությունների օրերին Երեւանում գտնվող թուրք լրագրողների միանգամից երկու խումբ ուզում էր հասկանալ, թե ինչպե՞ս են Հայաստանի հայերը տեսնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը: Նրանցից ոմանք շատ հանգիստ եւ նույնիսկ համարձակ բարձրաձայնում էին, որ այսօրվա թուրքական հասարակության մեջ բարձրաձայն եւ ազատ քննարկվում է այն հարցը, թե ի՞նչ է եղել 1915 թվականին: Շատ պարզ է, որ այդ «ազատ քննարկումներից» մինչեւ «պատմական արդարության վերականգնում», մինչեւ պատմական հիշողության հետ հաշտեցում եւ մինչեւ մեղքի ընդունում դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու: Այդ ճանապարհի արդեն արված քայլերը հարց են բարձրացնում. ճիշտ ուղին արդյոք երկխոսությո՞ւնն է թուրքերի հետ, արդյոք քննարկումնե՞րն ու բանավեճե՞րն են, թե ճիշտը բոյկոտն է ու լռությունը, եւ սպասելը մինչեւ Թուրքիան մի լավ օր «էլ ավելի ժողովրդավարանա»:

Հայության անվտանգության եւս մեկ երաշխիք

Որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջմղումը պայմանավորված է մեր ազգային անվտանգության երաշխիքն ապահովելու ցանկությամբ, հասկանալի եւ ընդունելի է: Բայց պետք է հստակ ասվի նաեւ, որ հարցի արծարծումը միջազգային ասպարեզում ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլեւ հայկական սփյուռքի ապահովության երաշխիք է: Ճիշտ է, հայերը աշխարհի բոլոր ծեգերում համայնքներ են հիմնել անհիշելի ժամանակներից, բայց կազմակերպված հայկական Սփյուռքը Հայոց Մեծ Եղեռնի հետեւանքն է: Չարախոս ընդդիմախոսներն ասում են, որ Հայաստանի անկախությունից հետո երկու սփյուռք կա. հին սփյուռք` ցեղասպանության զոհ արեւմտահայեր, եւ նոր սփյուռք` Հայաստանից ու նախկին ԽՍՀՄ-ից արտագաղթած էմիգրանտներ: Սա չարախոսություն է ոչ միայն այն իմաստով, որ այս երկուսին փորձում են հակադրել միմյանց, ինչպես միշտ փորձել են հայաստանցիներին հակադրել սփյուռքահայերին: Բայց նույնիսկ այդ չարախոս ընդդիմախոսները, ովքեր ընդունում են, որ Սփյուռքը երկու շերտ ունի, պետք է ընդունեն, որ եթե հայերը հանգիստ ու նորմալ ապրեին իրենց պատմական հայրենիքում, այդչափ երբեք չէին ցրվի աշխարհով մեկ: Ուրեմն, հետեւողականորեն առաջ մղելով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման դատը, Սփյուռքի հայ համայնքները պայքարում են իրենց կազմակերպված գոյության իրավունքի համար: Հենց դրա համար էլ հակառակորդները երբեք չեն զլանա օգտագործել այն կեղծ փաստարկները, թե երիտասարդ սերունդը այդչափ տոգորված չէ այս խնդրով, որքան միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչները: Այս դատողությունների նպատակը Սփյուռքի պատանիների եւ երիտասարդների օտարումն է համահայկական գլխավոր գաղափարից: Մի բան, որ այն, ինչպես տեսանք, մեր օրերի միջազգային օրենքի եւ մարդկային բարոյականության ու իրավունքների տեսանկյունից նույնիսկ մեզանում պարզ ու հստակ ձեւակերպված չէ: Հստակ այնքան, որ երբեւէ որեւէ մեկի մտքով չանցնի այս անվիճելի իրողության մանրամասների մեջ նենգ խաղեր տալը:

Նոր քայլեր ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ

Վերջին մի քանի տարիներին որեւէ նոր պետություն Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչել եւ չի դատապարտել: Բայց պետք է ընդունել, որ Հայաստանի անկախության շրջանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը այնպիսի անկասելի հաջողություններ է արձանագրել, որ մեր առաջատար ցեղասպանագետ եւ արեւելագետ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը հիմնավորված գտնում է, որ տեղին է Հայոց ցեղասպանւթյան մասին խոսելը իբրեւ ճանաչված ցեղասպանության:

Վերջին ամիսների նորությունն այն է, որ Իսրայելի կառավարությունը կանաչ լույս է վառել այս հարցի քննարկումներ սկսելու համար: Հասկանալի է նաեւ, որ դա թուրք-իսրայելական հարաբերություններում ի հայտ եկած տարաձայնությունների արդյունք է: Սփյուռքահայ կազմակերպությունները շատ լավ գիտեն, որ մեր հարցի հաջողությունն ապահովելու համար հրեական կառույցների աջակցությունն ապահովելը շատ կարեւոր է: Ի՞նչ կպատահի, եթե Հայաստան հրավիրենք Իսրայելում հարցը արծարծող հասարակական ու քաղաքական գործիչներին: Ինչո՞ւ Հայաստանին չի կարելի բարեկամական եւ եղբայրական հարաբերություններ ունենալ Իրանի ու Արաբական աշխարհի երկրների հետ եւ միաժամանակ փորձել նորմալ, գործնական հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ: Ինչո՞ւ ուրիշներին կարելի է, իսկ մեզ` ոչ: Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոսթի միջեւ կարելի է նմանություններ եւ տարբերություններ գտնել: Սա գիտագործնական հետաքրքրություն ներկայացնող խնդիր է: Բայց քաղաքական քայլերը պետք է բացառապես պայմանավորված լինեն գերակա շահերով եւ իրողություններով: Չեմ կարող չհիշել, որ վերջին հինգ տարում միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում միաձայն ընդունվել են երկու բանաձեւեր, որոնք դատապարտում են հրեատյացությունը եւ վերստին ընդգծում են Հոլոքոսթի անժխտելի փաստը:

Շատ հեշտ է լռեցնելը, դժվար չէ նաեւ լռելը: Կարելի է սպասել եւ չգործելը հիմնավորել տեսականորեն: Բայց այսպես կարելի է նաեւ եղածը կամաց-կամաց կորցնել: Երկխոսության եւ համագործակցության վրա հիմնված գլոբալ անվտանգության փափուկ ապահովման մերօրյա փնտրտուքի մեջ մեր խնդիրը Հայաստանի եւ հայերի անվտանգությունը ապահովելն է բոլոր թույլատրելի միջոցներով:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4