«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2012-06-27 | #117, 2012-06-28 | #118, 2012-06-29


«ԱԿՕՍ»-Ի ԽՄԲԱԳԻՐ. «ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՄՓԱՆ ԲՌՆԵԼՈՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՉԻ ԲԱՑՎԻ»

«Եթե փոքրիկ, տնտեսապես աղքատ երկրի հետ ձեր հարցերը չեք կարող լուծել, մեծ հարցերի մեջ էլ չեք կարող լինել պահանջատեր եւ չեք կարող ձայն ունենալ: Սա է սկզբունքը», ասում է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի գլխավոր Ռոպեր Քոփթաշը ՙ հավելելով, որ Հայկական հարցը Թուրքիայի համար սիմվոլիկ, բայց շատ կարեւոր խնդիր է:

«Եթե խնդիրը մակերեսորեն վերլուծենք, ապա Թուրքիան մեծ երկիր է, ունի տնտեսական խնդիրներ, քրդական հարցը: Այնքան շատ են պրոբլեմները, որ Հայկական հարցն օրակարգի առաջին տասնյակում էՙ ութերորդ կամ իներորդ հորիզոնականում: Սակայն եթե սկզբունքային եւ խորքային ուսումնասիրենք, ապա որքան արագ Հայկական հարցը լուծվի, այնքան արագ Թուրքիայում կհաստատվի ժողովրդավարություն: Քանի դեռ այս հանրապետության հիմքերի վրա հայի արյունն է, քանի դեռ Թուրքիան ազգայնամոլ սկզբունքների հիման վրա է հիմնված, անհնար է առաջ ընթանալ: Թուրքիան պետք է ընդունի կատարվածը», ասում է Քոփթաշը: Նրա ներկայացմամբՙ խաղաղությունը պետք է արդարության հիման վրա ստեղծվի, այնպես, որ կողմերը ոչ պարտված լինեն, ոչՙ հաղթած: «Երկու կողմն էլ պետք է շահած լինեն: Եթե միջին մակարդակի մտածող թուրքը վիրավորված զգա եւ վտանգ զգա, ապա խաղաղությունը չի լինի: Թուրքիան կախյալ է, թուրքի որոշումն է կարեւոր, իսկ նոր թուրքը պետք է հատվի հայերի եւ իր պատմության հետ: Ցավոք, այս հարցում հայերը տկար են, անուժ եւ պասիվ: Պահանջատեր պետք է լինել, բայց ինչպե՞ս, ի՞նչ ճամփով, եւ կարեւորըՙ առանց վիրավորելու», ասում է Քոփթաշըՙ հավելելով, որ օդով քայլելու փոխարեն ոտքերը դնենք գետնին ու ռեալ աչքով նայենք իրականությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված արտաքին գործընթացներինՙ Քոփթաշը այդ առնչությամբ խորհում է, թե ո՞րն է հայի համար առավել ճիշտ: «Եթե հարցը Սենատ բերելով կամ Օբամայի խոսքով` ավելի լուծելի դառնա, ես կընդունեմ ու չեմ վախենա, թե Թուրքիան ինչ կանի: Բայց ես զգում եմ, որ լուծումն այդ չէ, Սարկոզիի, Օբամայի լուծելիք հարցը չէ: Մենքՙ հայերս, ավելի խիզախ եւ ավելի լուրջ պետք է լինենք այս հարցը լուծելու համար եւ պետք է ջանանք Թուրքիան ժողովրդավար երկիր դարձնել: Հայկական հարցը Թուրքիայի ժողովրդավարության պայքարի փուլերից մեկը պետք է դառնա: Եթե դա այդպես չլինի, ապա Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն որոշ չափով կարող են ճնշում գործել Թուրքիայի վրա, բայց վստահ եմ, որ վերջում Թուրքիան կրկին կշահի: Եթե Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն ընտրելու լինենՙ թուրքե՞րը, թե՞ հայերը, անպայման թուրքերն ավելի շատ ձայներ կհավաքեն: Եվ նրանց ազգային շահերը ավելի բարձր կլինեն հայերի պահանջներից:

Անդրադառնալով 2009-ին ստորագրված արձանագրություններինՙ Քոփթաշը նշում է, որ դրանք Հայաստանին մեծ օգուտ չբերեցին: «Արձանագրությունները հույս տվեցին, որ սահմանը կբացվի, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սակայն Թուրքիայում հակասություններ եղան: Կարծես թե Դավութօղլուն եւ Գյուլը մի ճամփա էին ընտրել, բայց Էրդողանը միջամտեց, ու այլ ճամփա թեքվեցին: Նա Դավութօղլուի եւ Գյուլի ճամփան փակեց եւ նրանց ձայնը կտրեց: Հայաստանի որոշումը երկրորդական եղավ, որովհետեւ Թուրքիան ավելի ուժեղ է, եւ Թուրքիան պարտադրեց: Էրդողանը Արցախի հարցը բարձրացրեց: Հույս չունեմ, որ առանց Արցախի հարցի լուծման ճամփան բռնելու հայ-թուրքական սահմանը բացվի: Սա է Էրդողանի քաղաքական գիծը»:

«Ակօս»-ի խմբագիրը չի ցանկանում Օբամայի օրինակով ոգեւորվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերից: «Օլանդը հայերի համար թերեւս ավելի դրական է ընկալվում: Ֆրանսիայի պետական կորիզը Թուրքիային շատ կարեւորություն է տալիս եւ չի ուզում հարաբերությունները վատացնել: Օլանդը գալով քաղաքականությանՙ առավել մանրամասն կծանոթանա իրական վիճակին ու այլ քաղաքականություն կվարի: Այս առումով Ֆրանսիայից շատ բան չեմ սպասում», ասում է նաՙ հավելելով, որ Թուրքիան առավել դրական է գնահատում Օլանդին: Պատճառն այն է, որ Սարկոզին ժխտական վերաբերմունք ուներ Թուրքիայիՙ մանավանդ Թուրքիայի Եվրոմիություն ընդգրկվելու վերաբերյալ: «Օլանդի վերաբերմունքն ավելի մեղմ է: Թուրքերն էլ են սպասողական վիճակում, թե նոր նախագահը ինչ կանի: Սակայն ես այն համոզումն ունեմ, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն չեն ցանկանում Թուրքիան կորցնել»: Ռոպեր Քոփթաշը շեշտում է, որ Թուրքիան ներկայացնում է, թե իբր արաբական աշխարհում շատ ինքնավստահ է իրեն զգում, բայց դա մակերեսային է: «Խոր ազդեցություն չունի: Թուրքիան այդ ինքնավստահության հարցում սխալվում է: Էրդողանը որոշակի ազդեցություն ունի, որովհետեւ արաբների սրտին ավելի մոտ է նրա ոճը, բայց իրականությունն այն է, որ ԱՄՆ-ն Թուրքիային դեր է տվել, եւ նա խաղում է: Այդ հատվածում կարեւորը դերակատարները ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանն են. Թուրքիան երկրորդական է եւ գիտի այդ մասին, բայց անընդհատ խոսում է իր դերակատարության մասինՙ ներքին քաղաքականության համար, որ ուժեղ եւ լավ իմիջ ունենա»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստամբուլ, Թուրքիա

Լրագրողական այցի ծրագիրն իրականացվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերություններին» նախագծի շրջանակներում, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի կողմից եւ USAID-ի ֆինանսավորմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4