«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2012-06-27 | #117, 2012-06-28 | #118, 2012-06-29


ՎԱՐԴԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆԸ 30 ՆԿԱՐ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ԼՈՆԴՈՆԻ ԹՄՄ-ԻՆ

Ինչպես հաղորդել էինք արդեն, Լոնդոնի Թեքեյան մշակութային միությունը (կազմակերպություն` հարակից Լոնդոնի Թեքեյան Թրաստ բարեգործական կազմակերպությանը) վերածնվեց եւ վերակազմավորվեց` շարունակելու ԹՄՄ-ի առաքելությունն ու գործունեությունը` ի նպաստ հայ մշակույթի եւ ամրապնդելու աշխարհասփյուռ հայ համայնքների եւ Հայաստանի միջեւ կապերը:

Հայ ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը առաջին խոշոր մշակութային միջոցառումն էր` կազմակերպված ԼԹՄՄ կողմից իր վերածննդից հետո: Երկշաբաթյա ցուցահանդեսը, որը տեւեց մայիսի 28-ից մինչեւ հունիսի 8-ը, անցկացվեց Լոնդոնի Լեհական մշակութային եւ հասարակական կենտրոնում: Ցուցադրված էին հայ ժամանակակից նկարիչների 45 աշխատանք. հեղինակներն էին` Արմեն Ակնունի, Ռուբեն Մանուկյան, Սամվել Մարության, Սլավիկ Պարոնյան, Լուսյա Սամվելյան, Սեյրան Խաթլամաջյան, Արմեն Խոջոյան, Հրանտ Թադեւոսյան, Խաչիկ Հարությունյան, Սեդա Բեքարյան, Ռուբեն Արուտչյան, Վիլիկ Զաքարյան, Վրեժ Թամազյան, Անդրանիկ Կիլիկյան, Աշոտ Թադեւոսյան, Գեւորգ Ջավրուշյան, Բագրատ Գրիգորյան, Համբարձում Բաղդասարյան, Ֆելիքս Հակոբյան, Վոլոդյա Մաթեւոսյան, Արտյոմ Թովմասյան, Արմեն Գրիգորյան:

Ցուցահանդեսի կազմակերպման հարցում մեծ ավանդ ունեցավ Լոնդոնի ԹՄՄ նախագահ, Հայաստանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը , որն իր սեփական հավաքածուից նվիրաբերեց ԹՄՄ-ին երեսուն աշխատանք: Ցուցահանդես-վաճառքից ստացված ողջ հասույթը կծառայի ԼԹՄՄ հետագա գործունեության զարգացմանը եւ նորանոր մշակութային ծրագրերի իրականացմանը:

Ցուցահանդեսն անցկացվեց Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան տիկ. Կարինե Ղազինյանի հովանու ներքո:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին ավելի քան 150 արվեստասերներ, տեղի ունեցավ մայիսի 27-ին: Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Վ. Ուզունյանը, հանգամանորեն ներկայացնելով մշակութային միջոցառումը, որն առաջինն էր վերջին 15 տարիների ընթացքում:

Պրն. Ուզունյանը նաեւ երախտիքի խոսք հայտնեց բոլոր այն նվիրյալներին, որոնք մեծապես աջակցեցին ցուցահանդեսի կազմակերպմանը, մասնավորապես ԼԹՄՄ արվեստագետների խմբին` տիկ. Նաիրի Սահակյան (պատկերասրահների փորձառու ղեկավար), պրն. Էդմոնդ Այվազյան (հայ ճանաչված նկարիչ) պրն. Ներսես Երիցյան (ճարտարապետ, արվեստագետ), պրն. Նաիրի Աֆրիկյան (երիտասարդ նկարիչ Հայաստանից, ներկայումս աշխատում է ՄԲ-ում, ավարտել է Սուրբ Մարտինի անվ. արվեստի եւ դիզայնի քոլեջը):

Վարդան Ուզունյանը շնորհակալություն հայտնեց նաեւ ԹՄՄ խորհրդի անդամներ տիկ. Ռոզեթ Ուզունյանին, տիկ. Սոսի Երիցյանին, Կարեն եւ Սեւակ Արեւյաններին իրենց նվիրումի եւ մեծածավալ աշխատանքի համար, ինչի շնորհիվ ցուցահանդեսն իրականություն դարձավ:

Բացման արարողությունը շարունակեց Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, այնուհետեւ` դեսպան Կարինե Ղազինյանը: Երկուսն էլ հանդես եկան շնորհավորական ուղերձով` հատկանշելով ԹՄՄ բեղմնավոր գործունեությունը եւ նվիրումը հայ ժողովրդին: Նրանք կարեւորեցին կազմակերպության դերը ազգի հոգեւոր եւ մշակութային կյանքում, ինչպես նաեւ հայ-բրիտանական կապերի ամրապնդման հարցում:

Այս մշակութային միջոցառումը բարեգործական նախագիծ էր, որը մեծ հաջողությամբ պսակվեց, քանզի երկու շաբաթների ընթացքում արվեստասերների մեծ հոսք էր նկատվում Լոնդոնի Լեհական մշակութային եւ հասարակական կենտրոնում, իսկ վաճառված նկարներից ստացված հասույթը կուտակային ֆոնդ կազմեց ԼԹՄՄ հետագա ծրագրերի իրականացման համար:

ՍԵԴԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4