«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2012-06-27 | #117, 2012-06-28 | #118, 2012-06-29


ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«Կյանքն իր ամբողջության մեջ մեծ է,- գրում է Հովհաննես Թումանյանը , - շատ է մեծ: Կյանքը-տիեզերական կյանքն է, եւ մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով»: Եվ իսկապես, առօրյա խառնիճաղանջ լրահոսում հաճախ են մոռանում «մեծ կյանքի» մասին, փիլիսոփայորեն ըմբռնելու, իմաստավորելու մեր տեսածն ու լսածը, նրա ուղեծրում տեսնել ու մեր ապրած ժամանակի, մեր օրերի վայրիվերումները, ձեռքբերումներն ու հուսախաբությունները, որ երբեմն մեզ համար կենաց ու մահվան իմաստ են ստանում, դառնում հեղաշրջումներ ու իշխանափոխություններ, հասարակարգերի փլուզում ու նորի հաստատում, մինչդեռ ժամանակի «անտարբեր» ընթացքի մեջ դրանք արձանագրվում են որպես «ծանոթ ներկայացման» հերթական դրվագներ:

Այսպիսի մտորումներ է առաջացնում Մկրտիչ Սարգսյանի «Ի՞նչ կլիներ կյանքում...» բանաստեղծությունը, որը ներկայացնում ենք ընթերցողին, հեղինակի մահվան 10-րդ տարելիցի այս օրերին:

***

Ի՞նչ կլիներ կյանքում, եթե մի օր հանկարծ

Ոչխարը գայլ դառնար, գայլը դառնար ոչխար,

Նշխարը թույն դառնար եւ թույնըՙ սուրբ նշխար,

Թե` ագռավը սոխակ, սոխակն ագռավ դառնար,

Ցավը վսեմ հաճույք, հաճույքը ցավ դառնար,

Ամեն սուտ ու փչոց` ճշմարտություն հաստված,

Աստված` չար սատանա եւ սատանանՙ Աստված,

Եվ հիվանդը` բժիշկ, բժիշկն հիվանդ դառնար,

Բանտը` ազատ օջախ, աշխարհը բանտ դառնար,

Որ սողունը թռչեր եւ թռչունը սողար,

Արեգակը մթներ, մթությունը շողար...

Ի՞նչ կլիներ կյանքում, եթե այսպես լիներ...

Տուժողների աչքին այն կթվար վախճան,

Շահողների աչքին` կյանքի սկիզբ մի նոր,

Գեղեցկուհու համար` սիրային նոր արկած,

Զորավարի համար` պատերազմի առիթ,

Խելագարի համար` նոր ռեժիմ օրվա,

Դերասանի համար` դերաբաշխում սխալ,

Իսկ քաղաքագետին` հեղաշրջում ազնիվ,

Եվ դիվանագետին` նոր դիմակի պատվեր,

Բանաստեղծի համար` աստվածային խռովք...

Իսկ աշխարհի համար`

Ծանոթ ներկայացման մեկնաբանում մի նոր...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4