Ջազային երաժշտությունը Հայաստանում մոտ ութ տասնամյակ առաջ սկսեց մուտք գործել ու դառնալ շատ սիրված: Ջազի հայրենիքը, ինչպես ընդունված է, համարվում է ԱՄՆ-ն: Եվ ահա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի եւ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հրավերով Երեւանում է ամերիկացի դասական ջազի աշխարհահռչակ դաշնակահար Ուրի Քեյնը : Նախորդ օրը ճանաչված ջազմենը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տվեց մեկ համերգ ու արժանացավ երկարատեւ ծափերի ու հիացական խոսքերի: Ուրի Քեյնը երաժշտական 22 ալբոմների հեղինակ է, նաեւ 2009-ի «Գրեմմի» մրցանակի հավակնորդ: Երեւանյան անդրանիկ համերգի ընթացքում Քեյնը առաջին անգամ կատարեց Կոմիտասի ստեղծագործությունները: Նա ոչ միայն ժամանակակից ջազային փառատոների ֆավորիտներից մեկն է, այլ նաեւ աշխարհում դասական երաժշտությանՙ Վագների, Բախի, Բեթհովենի ստեղծագործությունների իմպրովիզների լավագույն համադրողը:
Համերգից հետո «Ազգի» հարցին, թե հե՞շտ էր արդյոք Կոմիտաս մեկնաբանելը, Ուրի Քեյնն ասաց. «Իմ կարծիքով յուրաքանչյուր երաժիշտ-կատարող ինքն է որոշում, թե ինչպես մոտենալ եւ մեկնաբանել երաժշտաշխարհում իրենց տեղն ու դերն ունեցող մեծերին: Կոմիտասի դեպքում ես շատ կարեւորում եմ ճիշտ կառուցվածքը: Իսկ Կոմիտասի ստեղծագործությունները շատ լրջորեն ու մանրակրկիտ ուսումնասիրել եմ, թե ինչը եւ որ մասը կարելի է իմպրովիզ անել, տասնյակ անգամ փորձել, փոխել, մինչեւ որ ստացա այն, ինչը այսօր ձեզ մատուցեցի: Շնորհակալ եմ, որ այն ձեր խստապահանջ հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմորեն»:
Համերգին ներկա էին ջազի շատ երկրպագուներն ու հայտնի ջազմեններ, որոնք միանշանակ բարձր գնահատեցին ամերիկացի ջազմենի կատարողական արվեստը եւ իմպրովիզացիոն նորամուծությունները: Ուրի Քեյնը Հայաստանից մեկնելուց առաջ հյուրընկալվեց «Մալխաս» ջազ ակումբում եւ ծանոթացավ հայկական ջազի ներկայացուցիչների ելույթներին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ