Հունիսի 27-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց հայկական աղամանների ցուցահանդեսը:
Աշխատանքների հեղինակները երեխաներն են` «Տերրակոտտա» մանկական խմբի սաները: Խմբի գեղարվեստական ղեկավարն է Նանա Մանուչարյանը :
Բացման խոսքում Ն. Մանուչարյանը շեշտեց փաստը, որ իրենք չեն պատրաստում շուկայական նմուշներ. «Սիրելի երեխաներ, այս աշխատանքներից յուրաքանչյուրն ունեն ձեզնից մի մաս, եւ նրանք այլեւս չեն կրկնվում»,- ասաց նա` նշելով, որ այս ցուցահանդեսի նպատակը նաեւ երեխաներին ոգեշնչելն է, որպեսզի սեպտեմբերից սկսած նրանք ավելի ոգեւորված սկսեն աշխատել, ստեղծագործել:
Նանայի խոսքերով տեղեկատվական այս ժամանակաշրջանում, երբ ամեն կողմից նոր ինֆորմացիա ենք ստանում, մեր ուղեղում առաջանում է մշակութային քաոս, ուստի այս պարագայում շատ կարեւոր է, որ մենք նախ մերը ճանաչենք, մեր մշակույթը, որից հետո էլ կկարողանանք ճանաչել մյուսներինը:
Այս իմաստով աղամանները կարեւոր նշանակություն ունեն. «Կանացի կերպարներով աղամաններ միայն Հայաստանի տարածաշրջանում են պատրաստում, սա տիպիկ հայկական է», նշեց Նանան` շնորհակալություն հայտնելով ՆԱՄ-ին ցուցահանդեսի կայացմանն աջակցելու համար:
Իր հերթին ՆԱՄ նախագահ Նարեկ Հարությունյանը նշեց, որ ուրախ է ՆԱՄ-ում այսքան տաղանդավոր երեխաների աշխատանքներ տեսնել:
Ցուցահանդեսին մասնակցում են 6-14 տարեկան 20 երեխա:
«Սա «Հռիփսիմեն է: Նա շատ նման է իմ հայրիկի տատիկին. նրա նման ուրախ է, աշխատասեր», բացատրում է 11-ամյա Լուսին Հարությունյանը :
Իսկ ահա 14-ամյա Ադրա Խաչատուրյանն իր աղամանը «Մարե» է կոչել: Աղամանն` ինչպես մայր. «Հղի կին է, կյանք կա մեջը»,- մեկնաբանում է նա:
Խմբի ամենափոքրիկ անդամներից 6-ամյա Սոֆյան էլ «Լիլիթ» է կոչել իր աղամանը:
«Սրբուհի», «Նաիրի», «Հրարփի», «Հոռոմ» «Անի», «Անահիտ».... Երեխաների կողմից ստեղծված կանացի հայ կերպարներով աղամանների ցուցահանդեսը կարող եք դիտել «Նարեկացի» արվեստի միությունում մինչեւ հուլիսի 2-ը:
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ, «Նարեկացի» արվեստի միություն
Հ. Գ. - «Տերրակոտտա» մանկական խմբակն այս պահին ունի տարածքի եւ վառարանի խնդիր: Խմբակին այս հարցում օգնել ցանկացողները կարող են զանգահարել 093 84 04 25 հեռախոսահամարով: