Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 13 բռնցքամարտիկներից ասպարեզում մնացել են ընդամենը 3-ըՙ մտնելով կիսաեզրափակիչ: Նրանք նվազագույնն իրենց համար ապահովել են բրոնզե մեդալները:
Մինչեւ 44-46 կգ քաշային կարգում հաջող է հանդես գալիս Հրայր Շահվերդյանը: Նա հաղթել է լեհ Թոմաշ Վոյչիկին (19-5), թուրք Ռաիֆ Կիրսուլեյմանօղլուն (15-12) եւ Գերմանիան ներկայացնող Ռաուլ Կրուգերին (17-11):
Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ Էրիկ Պետրոսյանը մինչեւ 52 կգ քաշային կարգում: Առաջին մենամարտում նա 10-4 հաշվով հաղթեց բելառուս Նիկոլայ Շախին, ապա հաջորդաբար պայքարից դուրս մղեց ռուսաստանցի Ջաբրաիլ Վիզիրխանովին (15-8) եւ վրացի Գեորգի Ցիսկարիշվիլուն (6-5):
Բրոնզե մեդալն ապահոված մեր 3-րդ մասնակիցը Նարեկ Մանասյանն է: Նա մինչեւ 75 կգ քաշայինների մրցավեճին մասնակցեց 2-րդ փուլից: Առաջին մենամարտում Նարեկը 12-9 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Ալեքսանդր Բելոստոցկուն, իսկ հաջորդ մրցավեճը բելառուս Նիկիտա Սամցոուի հետ շահեց 2-րդ ռաունդում:
Հաջողությանը մոտ էր նաեւ 54 կգ քաշային կարգում հանդես եկած Սամվել Մելիքյանը: Նա բելառուս Սերգեյ Բահուտսկիին (19-5) եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Դոնատ Վիկտորովին (15-6) հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվեց ուկրաինացի Վիկտոր Պետրովին (7-18): Նշենք, որ 7 հայ բռնցքամարտիկներ ռինգը թողեցին հենց առաջին մենամարտից հետո: Ընդ որում Արթուր Ավդալյանը (80 կգ), Կորյուն Պապոյանը (70 կգ) պարտվեցին ադրբեջանցիներին, իսկ Նասիբ Պողոսյանը (50 կգ) զիջեց թուրքին: