Հելսինկիում մեկնարկած թեթեւ ատլետիկայի Եվրոպայի 21-րդ առաջնությունում 50 երկրների ներկայացուցիչների թվում են Հայաստանի 5 թեթեւատլետներ, որոնցից 4-ը մասնակցելու են Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին: Մրցումների առաջին օրը մրցասպարեզ դուրս եկած մեր 3 մարզիկներն էլ անհաջող հանդես եկանՙ չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը:
Գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը 72 մ 59 սմ արդյունքով 29 մասնակիցների մեջ գրավեց 21-րդ տեղը: Նշենք, որ Ջանոյանն օլիմպիական վարկանիշ էր ձեռք բերել 79 մ 71 սմ արդյունքով: Ավելի համեստ էր նրա համաքաղաքացի, նիզականետորդ Քրիստինե Հարությունյանի ելույթը: Վերջինս 45 մ 83 սմ արդյունքով 23 մասնակիցների մեջ զբաղեցրեց վերջին տեղը: Նշենք, որ Քրիստինեն էլ օլիմպիական վարկանիշ էր ձեռք բերել 59 մ 12 սմ արդյունքով: Ինչ խոսք, օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ մեր մարզիկների ցածր ցուցանիշները պետք է մտահոգեն մարզիչներին:
Կանանց 400 մետր արգելավազքում 58,27 վրկ արդյունքով Ամալյա Շառոյանը 27 մասնակիցների մեջ գրավեց 24-րդ տեղը: