«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2012-06-28 | #118, 2012-06-29 | #119, 2012-06-30


ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԱՐՍԵՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸՙ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Հուլիսի 2-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա այսպես կոչված «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու գործով դատավարությունը:

Արսեն Արծրունին դատապարտվել է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնցից երկուսով նրա պատիժը սահմանվել է տասներկուական տարի, իսկ երրորդ հոդվածովՙ մահապատիժ:

Արծրունու կողմնակիցների ներկայացմամբ` 2008-ի օգոստոսի 6-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը, այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջահանգիրյանի միջնորդության հիման վրա, դատապարտյալ Արծրունու վերաբերյալ դատավճիռները վերանայել է եւ որոշում կայացրել, որ դրանք համապատասխանում են 2003-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին:

«2011-ին դատարան դիմելուց հետո պարզվել է, որ 2008-ի որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ` Արծրունուն ավելացրին եւս մեկ հոդվածՙ երկու անձանց սպանություն, որը չկար դատավճռում: Սխալի վրա որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել, ոչ գործին մասնակցած դատախազը, ոչ էլ Արծրունին, եւ դատարանը դատավորի անփութության հետեւանքով կատարել է տեխնիկական սխալ», գրված է «Ազգին» ուղարկված հաղորդագրության մեջ:

Նշված որոշումը վերացնելու համար վեց ամիս ժամանակ է պահանջվել, նախորդ տարիՙ դեկտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ այն բեկանվել է եւ ուղարկվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության:

Հաջորդ նիստը, որտեղ փաստաբաններն ակնկալում են, որ դատարանը որոշում կկայացնի, տեղի կունենա երկուշաբթի: «Ազգ» օրաթերթի թղթակիցը ներկա կգտնվի դատավարությանն ու հաջորդ համարում, տեղեկատվություն կներկայացնենք գործի վերաբերյալ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4