Ինչո՞ւ է Կասպից ծով տեղափոխվում ռուսական նորագույն հրթիռակիր նավը
Թարգմանաբար «Ազգ»-ի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Վիկտոր Սավենկովի հարցազրույցը փորձագետների հետ ռուս-իրանական հարաբերությունների վերաբերյալ, որը տեղակայված էր svpressa.ru կայքում:
Հունիսի սկզբին Ռուսաստանի կասպյան նավատորմը համալրվեց նորագույն, հզորագույն «Դաղստան» հրթիռակիր նավով:
Այն Ռուսաստանի ՌԾՈւ-ի առաջին նավն է, որը սպառազինված է նորագույն ունիվերսալ «Կալիբր-ՆԿ» հրթիռային համակարգով, որը կարող է ճշգրիտ հրթիռներով հարված հասցնել ծովային եւ ցամաքային թիրախներին: Ութ հրթիռից բաղկացած համակարգի հասանելիության տեղեկատվական հեռավորությունը կազմում է մինչեւ 300 կմ: Ըստ որոշ ԶԼՄ-ների, այն ընդունակ է խոցել ցամաքային նշանակետերը մինչեւ 2600 կմ հեռավորության վրա: Բայց հարց է ծագում, թե ինչո՞ւ է որոշվել հենց այս տարածաշրջան ուղարկել Ռուսաստանում նման հզոր զենքի դեռեւս միակ կրիչը: Ո՞ւմ դիմակայելու համար: Ինչպես հայտնի է, Կասպից ծովը ամենամեծ լիճն է, որտեղից չկա ելք դեպի օվկիանոս: Եվ նման նավը սահմանափակ տարածքում արգելափակելու համար անհրաժեշտ են ծանրակշիռ պատճառներ: Կասպյան տարածաշրջանում մեր (Ռուսաստանի - Մ.Զ) հարեւաններն են Ղազախստանը, Թուրքմենիան, Ադրբեջանն ու Իրանը: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ մենք ունենք կամ բարեկամական, կամ կայուն գործնական հարաբերություններ: Այդ ծովում թվարկած երկրներից ոչ մեկը հզոր նավեր չունի: Բայց կա չլուծված տարածքային վեճ Կասպիցի վրաՙ Իրանի հետ պետական սահմանի վերաբերյալ: Ընդ որում, եթե դեռ 2003 թվականին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ծովի հատակի հարակից հատվածների սահմանազատման մասին, ապա Իրանը հրաժարվում է փոխել իր դիրքորոշումը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ նավթի ապացուցված պաշարները շելֆում կազմում են մոտ 10 մլրդ տոննա, նավթի եւ գազային կոնդենսատի ընդհանուր պաշարները` 18-20 մլրդ տոննա: Իրանը ձգտում է ձեռք բերել այդ հարստության մեծ մասը վերահսկելու իրավունքը: Պաշտոնական մակարդակով Իրան-Ռուսաստան հարաբերություններն ավելի լավ են թվում, քան այլ զարգացած երկրների հետ: Սակայն Մոսկվան զգուշավոր է մերձավորարեւելյան հարեւանի հետ համագործակցության մեջ: Օրինակ, Ռուսաստանը հրաժարվեց Իրանին տրամադրել արդեն կնքած պայմանագրով C-300 ՀՕՊ համակարգեր: Բայց եւ այնպես, իրանական կողմը մշտապես ցուցաբերում է իր բարի դրացիական վերաբերմունքը, եւ տարբեր ոլորտներում լուրջ մերձեցման ցանկություն է արտահայտում:
ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) վերջին գագաթաժողովում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ասել էր, որ պատրաստվում է Մոսկվա մեկնել եւ «շատ է շահագրգռված այդ այցով», համոզմունք հայտնելով, որ հնարավոր է առաջընթաց արձանագրել երկու երկրների հարաբերություններում: «Մենք ունենք լավ փորձ եւ երկու երկրների համագործակցության պատմություն: Մենք բարեկամ հարեւաններ ենք, պիտի համագործակցենք եւ ընդլայնենք այդ համագործակցությունը: Մեզանից այդ են պահանջում պատմությունն ու ապագան»,- նշել է նա:
Իրանի մտադրություններն ակնհայտ են, սակայն Ռուսաստանի քաղաքականությունը երկիմաստ է թվում: Անցած տարվա «Կովկաս-2011» զորավարժություններից հետո որոշ փորձագետներ պնդում էին, որ, ելնելով հակամարտող ուժերի կազմից եւ գործողությունների բնույթից, հասկանալի էր, որ սովորում ենք պատերազմել հենց Իրանի, այլ ոչ թե մեկ այլ բանակի դեմ: Եթե այդպես է, ապա «Դաղստան» հրթիռակիր նավի տեղափոխումը Կասպից ծով ավելի քան տրամաբանական է թվում:
Հարց է առաջանում, արդյոք չե՞նք դիտարկում Իրանի հետ հարաբերությունները որպես ժամանակավոր եւ մարտավարության տեսանկյունից ձեռնտու, բայց ռազմավարական տեսանկյունից նրա մեջ ավելի շատ տեսնում ենք հնարավոր թշնամի եւ մրցակից, քան գործընկեր եւ դաշնակից:
Այս հարցով «Սվոբոդնայա պրեսսա»-ն դիմել է ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար գիտաշխատող Վլադիմիր Սոտնիկովին:
- Հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի միջեւ զարգանում են օրեցօր: Մինչ Պուտինի վերընտրվելը իրանցիները Կազվինում կայացած ապրիլյան համաժողովի ժամանակ իրենց զարմանքն ու դժգոհությունն էին արտահայտել Ռուսաստանիՙ C-300 համալիրների վաճառքից հրաժարվելու վերաբերյալ: Նրանց զարմացրել էր այն, որ վերջին տարիներին Իրանի հետ հարաբերություններում մեր երկիրը դրսեւորել է կեցվածք, որը համահունչ է եղել արեւմտյան երկրների դիրքորոշմանը: Սակայն հիմա, երբ նախագահ է վերընտրվել Պուտինը, Իրանը մեծ հույսեր է կապում այդ հանգամանքի հետ:
«ՍՊ»-Այսինքն, Ահմադինեժադը համառորեն ցանկանում է Մոսկվա այցելել Մեդվեդեւի օրոք սառած հարաբերությունները բարելավելու համա՞ր:
- Մասամբ այո՛, քանի որ Իրանը ներկայումս գտնվում է բարդ իրավիճակում: Դեռեւս գործում են միջազգային պատժամիջոցները: Եվ եթե չիրականանան նրա հույսերը, որ առաջիկայում կհաջողվի համաձայնեցնել որոշ դիրքորոշումներ Իրանի միջուկային ծրագրի շուրջը բանակցող «Վեցյակի» պետությունների հետ, ապա այդ երկրի տնտեսական վիճակը էլ ավելի կվատանա:
Արդեն իսկ զգալի են տնտեսության անկման նախանշանները, գրանցվում են գնաճի զգալի տեմպ, միջին դասի եւ շարքային քաղաքացու օրեցօր վատացող վիճակ: Իրանցիները հույսը կապում են Ռուսաստանի հետ: Կարծում եմ, որ ցանկանում են անմիջական ռազմավարական գործընկերություն հաստատել Ռուսաստանի հետ: Այդ մասին իրանական կողմը բացեիբաց խոսում էր դեռ ապրիլին կայացած գագաթաժողովի ժամանակ: Ընդ որում իրանական դիվանագիտության հատկանշական գիծն այն է, որ իրանական կողմը հետապնդում է սեփական շահերը, ինչն էլ երբեմն մեծ վնաս է հասցրել ռուսական կողմին: Իրանը փորձել է շահարկել «ռուսական քարտեզը», ոչ թե հակառակը: Արդյունքում մեր երկիրը կորցրել է իր դիրքերը մյուս գործընկերների հետ հարաբերություններում:
Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկու կարծիքն այլ է.
- Կասպից ծովում տեղակայված ցանկացած ռուսական մարտական նավ գտնվում է այնտեղ եթե ոչ Իրանի դեմ, ապա գոնե Իրանի համար գործելու, քանի որ հարվածն այդ երկրին կարող է տեղի ունենալ օպերատիվ ժամկետներում, ինչն էլ կհանգեցնի տարածաշրջանում արեւմտյան զորքերի հատնվելուն: Նախ եւ առաջՙ ամերիկյան: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ռուսական սահմանն այդ ուղղությամբ: Իսկ թե այդ ամենն ուղղված է Իրանի՞, թե՞ Իրանի դեմ կռվել պատրաստվողների դեմ, արդեն այլ հարց է: Փաստ է, որ այդ հզորացումն ուղղված չէ հետխորհրդային հանրապետությունների դեմ, քանի որ հոյակապ հարաբերություններ են ձեւավորված Ղազախստանի եւ Ադրբեջանի հետ, վատ չեն հարաբերությունները նաեւ Թուրքմենիայի հետ: Խոսելով Կասպից ծովի շուրջը վեճերի մասին, հարկ է հիշել, որ տարիներ առաջ, 1943 թվականի պատերազմից հետո առաջին անգամ ռուսական ձկնորսական նավերին գնդակոծել էին իրանական սահմանապահ նավերը: Ելնելով այս հանգամանքից, մեզ ոչինչ չի խանգարում ուժեղացնելու կասպիական նավատորմըՙ հետագայում նմանատիպ ընդհարումներից խուսափելու համար:
«ՍՊ»-Ի՞նչ հանգամանքներում կարող են սրվել հարաբերությունները մեր երկրների միջեւ:
- Այդ հարցին անհնար է պատասխանել: Դա կարելի է վերահասցեագրել այն պետությունների ղեկավարներին, որոնք մասնակցում են իրավիճակի զարգացմանը: Հայտնի է, որ մեր եւ Վրաստանի միջեւ չպետք է ոչ մի ռազմական հակամարտություն առաջանար, իսկ հետո նախագահ Սահակաշվիլին ինչ-որ պատճառով որոշեց հարվածել Հարավային Օսիայում տեղակայված ռուսական զորքերին: Այնպես որ, ո՞վ կարող է ասել, թե ինչ է պետք Իրանին եւ ինչ կարող է նա ձեռնարկել:
Կասպից նավատորմի ուժեղացման ռազմական նպատակների մասինՙ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Շարավինը.
- Իրավիճակը Կասպից ծովում անհանգիստ է: Չի հաջողվում պայմանավորվածություն ձեռք բերել ջրատարածության բաժանման շուրջը: Այդ ծովի հատակում կան ածխաջրածնի մեծ պաշարներ: Իրանական կողմը ջրատարածության բաժանման տարբերակներ է առաջարկում, որոնք անընդունելի են մնացած կողմերիՙ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքմենիայի եւ Ղազախստանի համար: Սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում Ռուսաստանը չի սկսել: Իրանը ուժեղացրել է իր ծովային ուժերը տարածաշրջանում: Բավականին ամրապնդել է իր դիրքերը Ադրբեջանը: Մյուս պետություններն էլ աշխատում են հետ չմնալ: Ռուսաստանն այդ գործընթացում վերջինն էր: Սակայն մենք էլ ենք հիմա զբաղվում այդ գործով: Երկար ժամանակ Կասպիցում մենք ունեինք շատ հին նավեր: Այնտեղ չկար նույնիսկ մարտական լողորդների ստորաբաժանում: Հիմա իրավիճակը շտկվում է, եւ ես դա նորմալ եմ համարում: Դա նման է պատվաստման, որ ոչ ոք ցանկություն չունենա տարաձայնությունները Կասպից ծովում լուծել ուժի միջոցով:
«ՍՊ»-Բայց Իրանից բացի, ուրիշ ո՞ր պետությունն ունի բավականաչափ ուժ նման փորձ կատարելու համար: Ստացվում է, մեր ջանքերը, նախ եւ առաջ, ուղղված են հենց այդ պետությանը զսպելուն:
- Նման հետեւություններ անելը հնարավոր չեմ համարում: Կարծում եմ, որ մենք այդ տարածաշրջանում մեր ուժերն ուժեղացնում ենք ռազմական կայունությունը պահպանելու համար: Դա այնտեղ ուժի կիրառման բացառման առաջին երաշխիքն է Իրանի դեմ, կամ ոչ Իրանի դեմՙ իրականում այնքան էլ կարեւոր չէ:
Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահի տեղակալ, ռազմական գիտությունների դոկտոր, առաջին աստիճանի կապիտան Կոնստանտին Սիվկովի կարծիքը.
- «Դաղստան» տեսակի նավերի վրա կարող են տեղադրվել հրթիռային համակարգեր, որոնց հրաձգության հասողությունը հավասար է 250-300 կիլոմետրի: «Կալիբր-ՆԿ» հրթիռային համակարգը, որի մասին է խոսքը, ամերիկյան «Տոմահաուկի» նմանօրինակն է: Կարծում եմ, այն պնդումը, որ այդ նավը ընդունակ է հարվածելու ցամաքային նշանակետերին 2600 կմ հեռավորության վրա, ուղղակի լրագրողի վրիպակ է, որը տարածել են նրա գործընկերները: Ոչ մի տեղեկագրքում դուք չեք գտնի տեղեկություններ, որ այդ համակարգն ընդունակ է կրակել նման հեռավորությունների վրա: Բայց նույնիսկ 280 կմ երկարություն ունեցող «ձեռքով» նավը այդ տարածաշրջանում ավելորդ է: Ծովային նշանակետերին հարվածելու համար դժվար թե գտնվեն արժանավոր օբյեկտներ: Այդ հրթիռների մարտական մասը կես տոննա է, իսկ Կասպից ծովում ամենախոշոր նավի ջրածավալը 1500 տոննա է: Հարվածի դեպքում այդ նավից կմնան մանր կտորներ: Եվ ես համարում եմ, որ «Դաղստանը» նախատեսված է ցամաքային նշանակետերին հարվածելու համար: Բայց դրա համար էլ այն քանակի հրթիռները, որ կրում է այդ նավը, բավարար չեն մարտական գործողությունների համար: Այն թույլ կտա, լավագույն դեպքում, հարված հասցնել մեկ օբյեկտի, օրինակՙ օդանավակայանի կամ էլ հրամանատարական կետի:
«ՍՊ»-Այդ դեպքում, ինչո՞ւ են նման նավը տեղակայել Կասպից ծովում:
- Այսօր ես նրա ներկայության անհրաժեշտությունն այնտեղ չեմ տեսնում: Եթե ռազմական հակամարտություն լիներ Իրանի հետ, ապա ավելի արդյունավետ կլիներ հարվածը Տու-95ՄՍ կամ Տու-160 հրթիռակիր ինքնաթիռներով, որոնք հավասարազոր են «Դաղստանի» վրա տեղակայված հիրթիռներին: Ինքնաթիռներն ավելի շատ հրթիռներ են կրում, շատ շարժունակ են եւ ունեն մեծ մարտական կայունություն: Հակառակորդին լուրջ վնաս հասցնելու համար բավական է ընդամենը 200-300 հրթիռների համազարկ: Դրան մեզ մոտ ընդունակ է միայն ռազմավարական ավիացիան: Բացի դրանիցՙ այսօր Իրանի համար բոլորովին էլ ձեռնտու չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը: Այդ երկիրն առանց այդ էլ միջազգային մեկուսացման մեջ է: Այդ պատճառով պետք չէ ենթադրություններ անել մեր երկրների միջեւ ռազմական հակամարտության մասին: Ես կարծում եմ, որ նման սպառազինությամբ նավը ավելի անհրաժեշտ է Ռուսաստանի այլ նավատորմերի կազմում, Կասպիցում բացարձակապես ավելորդ է:
Ըստ ամենայնի, դիտարկվում է նրա կիրառումը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, կամ էլՙ Կովկասում իրավիճակի սրման դեպքում: Հակամարտությունները Հարավային Օսիայի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակում են մխալ: Եկեք նայենք, թե ում վրա կարող է ազդել այն նավը հրթիռների թռիչքի 300 կմ հեռավորության դեպքում: Դա Իրանն է: Սակայն մենք պարզեցինք, որ նրան նման միջոցով գրոհելը հիմարություն է: Հրթիռները կարող են ուղղված լինել Ադրբեջանի վրաՙ 300 կմ խորությամբ, կամ էլ Վրաստանի վրաՙ Դաղստանի տարածքով: Սակայն նման նավը կարելի է ոչնչացնել հակառակորդի մարտավարական ավիացիայի ուժերով: Ղազախստանն ու Թուրքմենիան նույնիսկ չենք դիտարկումՙ սա գրեթե մեր տարածքն է: Կարծում եմ, որ այդ նավը բերվել է Կասպից ծով, քանի որ մեր երկիրը նախապատրաստվում է Մերձավոր Արեւելքում հնարավոր հակամարտության, այդ պատճառով էլ ուժեղացվում են մեր ուժերը այդ տարածաշրջանում: Կարծում եմ մեր ղեկավարությունը գիտակցում է մեծ պատերազմի հավանականությունը տարածաշրջանում:
Թարգմ.ՙ ԶՈՅԱ ՄԵԼԻՔՅԱՆ