ԵԽԽՎ-ն կրկին կարեւորել է 10 զոհերի առնչությամբ պատասխանատվության բացահայտումը
2008-ի մարտյան իրադարձությունների հետ կապված ձերբակալվածների ազատ արձակումը, նաեւ 10 զոհերի հետաքննության նոր խթանումը ընդդիմության ու իշխող կոալիցիայի քաղաքական կառուցողական երկխոսության մեկնարկի հետ մեկտեղ Հայաստանում դրական զարգացումներն են կազմում: Այս մասին նշվում է երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի վերջին օրվա վերջին հարց քննարկված վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի վերաբերյալ զեկույցում:
Ամենամյա լինելով` զեկույցն այս տարի ընդգրկում է 2011-ի հունիսից մինչեւ 2012-ի մայիս ժամանակահատվածը եւ վերաբերում է նախ դեռեւս մոնիտորինգի տակ (ներկա դրությամբ 10 երկիր, այդ թվում ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ու Վրաստանը) կամ հետմոնիտորինգային շրջանում գտնվող (4 երկիր, այդ թվում` Թուրքիան) Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, ապա նաեւ այն անդամներին, որոնք ինչ-ինչ թերացումներ ունեն` անկախ մոնիտորինգային վիճակից:
Դեռեւս մոնիտորինգի տակ գտնվող Հայաստանին են վերաբերում զեկույցի 22-26-րդ կետերը, որոնցում նշվում է, որ մարտյան իրադարձությունների մի շարք առաջնահերթություններ էին ձեւավորել Հայաստանում ժողովրդավարության համար, որոնցից մեկն էլ խորհրդարանական արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումն էր, իսկ ընտրություններն էլ անցան «իրապես մրցակցային միջավայրում»:
Զեկույցի համաձայն, արդարադատության ու ոստիկանության ոլորտներին առնչվող բարեփոխումների առումով հղում է արվում արդարադատության նախարարի հաստատմանն առ այն, որ որեւէ բարեփոխում առանձին վերցրած բավարար չէ դատարանների անկախության ապահովման կամ կոռուպցիայի վերացման համար: «Դրա համար մենթալիտետի փոփոխություն է անհրաժեշտ», նշվում է զեկույցում, հույս հայտնելով, որ նոր սերնդի եւ առավել լավ կրթված դատավորների նշանակումը կարող է մոտեցնել մենթալիտետի անհրաժեշտ փոփոխությանը:
Էստոնացի պատգամավոր Անդրես Հերկելի պատրաստած սույն զեկույցի հիման վրա երեկ ընդունված 1895 բանաձեւով, մտահոգություն հայտնելով 2008-ի մարտյան իրադարձությունների 10 զոհերի համար պատասխանատվության բացակայությամբ` Հայաստանի խորհրդարանին կոչ է արվում շարունակել ոստիկանության ու դատական համակարգի բարեփոխումները անկախություն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ շարունակել կառուցողական երկխոսությունը ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջեւ` 2008-ի մարտյան իրադարձությունների զոհերի համար պատասխանատվության բացահայտման հանրային հետաքննության անցկացմամբ:
Փաստացի Հայաստանի հարցով համազեկուցողների դեռեւս նախորդ տարեվերջին ներկայացրած զեկույցի մոտեցումը, թե մարտյան իրադարձությունների էջը փակված է ԵԽԽՎ-ում, վերաձեւակերպվել ու ներկայացվում է մտահոգությամբ, որ քանի դեռ 10 զոհերի առնչությամբ պատասխանատվության հարցը լուծված չէ` այն մնում է վեհաժողովի ուշադրության կենտրոնում: Ավելին, քանի որ Հայաստանը դեռեւս մոնիտորինգի տակ է գտնվում, իսկ այդ գործընթացի ավարտից հետո էլ կարող է մնալ հետմոնիտորինգային ուշադրության կենտրոնում, նշված սպանությունների հետաքննության հարցը բնավ էլ փակված չի կարելի համարել:
Թեեւ դատելով այն «բազմամարդությունից», որ տիրում էր ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացի տարեկան զեկույցի քննարկմանը, դժվար թե վեհաժողովի 630-ից ավելի պատվիրակի փոխարեն մի խումբ ներկաների` 45 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունված բանաձեւի Հայաստանին առնչվող հատվածի ձեւակերպումները «բուռն» արձագանք ունենան: Չնայած, ինչպես ասում են, այդ հարցը բնավ էլ ԵԽԽՎ հոգսը չէ, այլ նախ եւ առաջ Հայաստանի:
Ինչպես զեկույցը, այպես էլ ընդունված բանաձեւը անդրադառնում են նաեւ հարեւան Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային, ու թեեւ վերջինս հետմոնիտորինգային վիճակում է, միեւնույն է, մարդու իրավուքնների պաշտպանության ու խոսքի ազատության ապահովման առումով այդ երկրին վերաբերող ձեւակերպումները մնացել են խիստ տոնայնությունների մեջ: Ընդ որում, եթե Վրաստանի պարագայում անդրադարձ չի արվել ազգային փոքրամասնությունների ունեցած խնդիրներին, ապա Թուրքիայի պարագայում նշվում է, որ վերջինիս իշխանությունները պետք է լուծեն ազգային փոքրամասնություններին ու նրանց լեզուների օգտագործմանն առնչվող հարցերը:
Ադրբեջանի պարագայում էլ «ահռելի խնդիրներ», «աղաղակող խախտումներ» ձեւակերպումները բնութագրական են ժողովրդավարական իրավիճակի խնդիրների համար:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ