1962 թվականի հունվարի 23-ին Չթչյանների ընտանիքում ծնվեց արու զավակ եւ նրան անվանակոչեցին Ավետիք: Դեռ փոքրուց նա սկսել է նկարել, սկզբումՙ բնակարանի պատերին, բակի ասֆալտին, իսկ հետո նրա ունակությունները տեսնելով ծնողները տղային տարել են նկարչական խմբակ: Այնուհետեւ 1979-83 թթ. Ավետիքը սովորում եւ գերազանց առաջադիմությամբ ավարտում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը: Այնուհետեւ ուսումը շարունակում է Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժնում: Երիտասարդ գեղանկարիչը մասնակցել է միջազգային շատ ցուցահանդեսների, որոնցից առանձնացնենք միայն մի քանիսը: 1985-ին եւ 1991-ին անհատական ցուցահանդեսներ «Ժամանակակից արվեստի թանգարանում», 1992-ինՙ Մոսկվայում, Բեյրութում, Հունաստանում, Գյումրիում եւ Երեւանում երիտասարդ նկարիչների խմբակային եւ անհատական ցուցահանդեսներ է ունեցել: 1993-ին անհատական ցուցահանդես է ունեցել Ռուսական արվեստի թանգարանում: Երիտասարդ գեղանկարիչը մշտապես աչքի է ընկել իր գեղագիտական ճաշակով ու յուրօրինակ մտածելակերպով: Հայաստանի նկարիչների միությունը բարձր գնահատելով գեղանկարչի ինքնատիպ ստեղծագործությունները, 1994-ին նրան շնորհել ՀՆՄ անդամատոմս:
Ավետիք Չթչյանի մասնագիտական առաջին ուսուցիչներ ՀՆՄ քարտուղար Խաչատուր Ազիզյանը, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանը իրենց սանին բնորոշեցին այսպես. «Հրաշալի մարդ էր, ազնիվ ու անբիծ, սիրված բոլորի կողմից: Տաղանդաշատ գեղանկարիչ էր ոչ միայն իր բնույթով, այլեւ իր ստեղծագործական ողջ կարողությունների նկարագրով: Նրա նատյուրմորտները առանձնանում էին խորը փիլիսոփայական արտահայտչամիջոցներով: Ցավում ենք, որ կորցրինք մեր հրաշալի ընկերոջն ու արվեստագետին, որը դեռ շատ անելիքներ ու ծրագրեր ուներ, բայց ապրեց ընդամենը 50 տարի...»:
«Ազգը» նույնպես ցավում է, որ կորցրինք եւս մեկ տաղանդաշատ գեղանկարչի, որի աշխատանքները զարդարում են Միջին Արեւելքի, Ռուսաստանի եւ Հունաստանի պատկերասրահները:
Մ. Մ.