Հայտարարում է Ռուբեն Հայրապետյանը եւ հրաժարվում պատգամավորական մանդատից
Երեկ երեկոյան անակնկալ շրջադարձ տեղի ունեցավ «Հարսնաքարի» ոճրագործության խնդրում. հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի մահվան 4-րդ օրը, համընդհանուր դժգհության եւ հզոր ընդվզման մթնոլորտում, հանրապետության նախագահի կողմից ընդունվելուց անմիջապես հետո, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը վերջապես ներկայացրեց իր մեղայականը, եւ դիմում ներկայացրեց պատգամավորի մանդատը վայր դնելու վերաբերյալ: Նրա հայտարարության անկեղծությանը, որն ամբողջությամբ հրապարակում ենք ստորեւ, չհավատալու պատճառ չունենք, բայց կարծում ենք, որ այդ mea culpa-ն պետք է առիթ լինի հրաժարվելու նաեւ մյուս պաշտոնից, նաեւ օտարելու կամ բնույթը փոխելու իր տխրահռչակ ռեստորանային համալիրի: Համենայնդեպս, կարծում ենք, որ սա դաս կլինի նաեւ զոռբայության սինդրոմով տառապող մյուս օլիգարխների ու նրանց աջակցողների եւ սպասարկուների համար:
Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը
Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:
Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինիՙ 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի:
Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ եւ իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:
Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար:
Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին: