Gazeta.ru կայքի փոխանցմամբՙ գործարար, նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը ցանկանում է գնել «Արմավիա» ավիաընկեությունը Միխայիլ Բաղդասարովից: Ըստ աղբյուրիՙ ազգային ավիափոխադրողը ֆինանսական խնդիրներ ունի, իսկ «Ռոսավիացիան» ցանկանում է առավել ընդարձակել հայկական շուկան ռուսական ավիաընկերությունների առաջ, հետեւաբար սա շահավետ գործարք կլինի կողմերի համար: ««Արմավիան» գնելու առաջարկն արել է Փամբուկյանը: Նա իր մոսկովյան գործընկերների հետ ավիաընկերության ձեռքբերման համար առաջարկում է 55 միլիոն դոլար», գրում է թերթըՙ չցանկանալով բացահայտել ակտիվներին հավակնող ռուս ներդնողների անունները: Չի բացառվում, որ «Արմավիան» կվաճառվի մինչեւ տարեվերջ»:
Երեկ այս հրապարկմանը հումորով վերաբերվեցին «Արմավիա» ավիաընկերությունում: «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում «Արմավիայից» ասացին, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, «Արմավիան» չի վաճառվում, եւ իրենց համար անհասկանալի է, թե ինչու են նման լուրեր տարածում: «Արմավիան» շարունակում է իր աշխատանքը, եւ վաճառքի մասին որեւէ խոսակցություն երբեւէ չի եղել:
Հիշեցնենք, որ «Արմավիան» Հայաստանի միակ ավիաընկերությունն է: Ավիափոխադրողի օդային պարկը կազմված է 3 Airbus A319-ից, 3 Airbus A320-ից, 3 CRJ-200LR-ից, 1 շԽ-42-ից 1 Sukhoi Superjet 100-ից: Վերջերս «Արմավիան» լուրջ խնդիրներ ուներ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ: Ավիաընկերությունը պարտքեր էր կուտակել, ինչի հետեւանքով օդանավակայանը հրաժարվում էր ազգային փոխադրողին թռիչքուղի տրամադրել: Մի քանի օր տեւած բանակցություններով «Արմավիա»-«Զվարթնոց» վեճը կարծես թե լուծվեց:
Հ. Հ.