Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական «Ջումհուրիեթ» թերթին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել հունիսի 22-ին Սիրիայի ափերի մոտ թուրքական F-4 հետախուզական ռազմօդանավի ոչնչացման կապակցությամբ: Նա ասել է, որ թուրքական F-4-ը Սիրիայի օդային տարածք էր ներխուժել այն միջանցքով, որ ոչ հեռավոր անցյալում երեք անգամ օգտագործել էր իսրայելական օդուժը:
Այդ շրջանում տեղաբաշխված սիրիական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կրակ էին բացելՙ չիմանալով օդանավի պատկանելությունը: Սիրիայում միայն միջադեպից հետո էին հասկացնել, որ խփել են ոչ թե իսրայելական, այլ թուրքական ռազմօդանավ: «Մենք ուրախ կլինեինք, եթե խփած լինեինք իսրայելական օդանավ», հայտարարել է Ասադը, ավելացնելով, որ սիրիացիները չէին կրակի թուրքական օդանավի վրա:
Ասադը ընդգծել է, որ ինքը թույլ չի տա թուրք-սիրիական բացահայտ պատերազմ եւ որ մեծ կարեւորություն չի տալիս սահմանի մոտ թուրքական զորքի կուտակմանը: Նախագահն ավելացրել է, որ նման պատերազմը շոշափելի վնաս կպատճառեր երկու պետություններին:
Սիրիայի ափերի մոտ թուրքական ռազմօդանավը խփվեց հունիսի 22-ին: Սիրիական աղբյուրները հաղորդեցին, որ օդանավը դանդաղ թռչում էր փոքր բարձրության վրա: Անկարան շարունակում է պնդել, որ թուրքական F-4-ը պատահաբար է մտել Սիրիայի օդային տարածք եւ որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը կրակ են բացել, երբ օդանավը իբր եղել է չեզոք ջրերի վրա: