«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2012-06-30 | #120, 2012-07-03 | #121, 2012-07-04


ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՆԽԻ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Միայն հունիս ամսին ոստիկանությունում գրանցվել է անչափահասների կողմից մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպք: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը նշում է` հատկապես ամռանը երեխաներին իրավախախտումներից զերծ պահելու համար պետք է լուծել նրանց զբաղվածության հարցը: Նրա տվյալներով` անչափահասների իրականացրած իրավախախտումներից 16-ը կատարվել են հասարակական վայրերում, իսկ 6 դեպքերի ժամանակ անչափահասների մոտ հայտնաբերվել են սառը կտրող գործիքներ:

Ոստիկանության բոլոր ծառայությունները, ըստ Նելլի Դուրյանի, հասարակական վայրերում միշտ ուշադրության կենտրոնում են պահում անչափահասներին:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նելլի Դուրյանը հավելեց, որ հանցագործության գնում են հիմնականում այն երեխաները, որոնք ակտիվ են, բայց միեւնույն ժամանակ մատնված են անուշադրության, եւ առանց ծնողների հետ աշխատելու հնարավոր չէ ուղղել երեխայի վարքը, որովհետեւ 10 դեպքերից 9-ի ժամանակ երեխայի հասարակական արարքի պատճառը բխում է ընտանիքից:

2012 թվականի դրությամբ` հաշվառման մեջ գտնվող անչափահասների թիվը 400 է: Իսկ ընդհանուր առմամբ` Հայաստանում անչափահասների հանցագործության ամենացածր տոկոսը գրանցվել է Վայոց Ձորի մարզում:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4