Քանի միլիոն կամ միլիարդ տարվա բանտարկություն է հասնում Հայոց ցեղասպանության համար
Անդրադառնալով Թուրքիայի դատարաններից մեկի կողմից մեղադրական ակտ հարուցելուն ընդդեմ չորս իսրայելցի հրամանատարների, որոնք 2010-ին դեր են ունեցել ինը թուրք ակտիվիստների սպանության մեջ («Մավի Մարմարայի» միջադեպը), «Նեշնըլ փոստ» պարբերականի մեկնաբանությունների բաժնի խմբագիր, «Ժողովրդավարության պաշտպանության հիմնարկության» անդամ Ջոնաթան Քեյը գրում է, որ յուրաքանչյուրին 8-18 հազար տարվա բանտարկություն նախատեսող ակտը «բավական շատ է հատկապես հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի եզրափակիչ զեկույցը թուրք «ջիհադների» դեմ գործադրված ուժային միջոցները» ընդհանուր առմամբ օրինական էր համարել:
Պատկերացրեք, քանի՞ միլիոն տարիների բանտարկություն էր հասնելու, եթե իսրայելական բանակը իրոք հրեշավոր մի գործողություն կատարած լիներ, ինչպես, օրինակ, օսմանյան թուրքերի կողմից մեկ միլիոնից ավելի հայերի սպանությունը Առաջին համաշխարհայինի օրերին: Հայոց ցեղասանության թուրք «ճարտարապետներին» երեւի 800 միլիոնից 1,8 միլիարդ տարիների բանտարկության կհասներ:
Ավաղ, նրանք բոլորն էլ հրաժեշտ են տվել այս երկրային կյանքին: Շատերը իրենց անկողնում, բոլորովին ոչ նման այն հայ տղամարդկանց եւ կանանց, որոնք անպաշտպան կոտորվեցին սովից ու հիվանդություններիցՙ կրծքերին ամուր սեղմած իրենց երեխաներինՙ անատոլիական շրջաններից բռնագաղթի ճամբարներում:
Համարյա մեկ դար անց թուրք պաշտոնական այրերը սովորական «տեղափոխություն» են անվանում կատարվածը: Շատ ուրիշ պետություններ եւս «սվաղել» են իրենց անցյալի պատմությունը: Ռուսական դասագրքերում, օրինակ, չեք գտնի տողեր Ստալինի սարսափելի ոճիրների մասին: Չինաստանի պարագայումՙ Տիբեթի մասին: Բայց այս երկրները առնվազն չեն հավակնում, ինչպես Թուրքիան է հավակնում, լինել մարդու իրավունքների եւ միջազգային օրենքի պաշտպան պետություններ:
Եթե Թուրքիան նախաձեռնում է Իսրայելին կամ որեւէ ուրիշ մեկին դաս տալ «մարդկության դեմ գործած ոճիրների» մասին, ապա լավ կլինի սկսիՙ ընդունելով այն էպիկական սարսափները, որ պատճառել է հայերին եւ այլ փոքրամասնություններին: Նույնիսկ այդ դեպքում թուրքական ակտը Իսրայելի դեմ քիչ արժեք կունենա, բայց գոնե կեղծ բարեպաշտության գարշահոտությամբ չի տառապի», եզրակացնում է Ջոնաթան Քեյըՙ ավելացնելով, որ իսկական ժամանակն է թուրքերի համարՙ ուսումնասիրելու Հայոց ցեղասպանությունը:
Հոդվածում նա խոսում է նաեւ «Պրինսթոն» համալսարանի հրատարակչատան կողմից վերջերս հրատարակված Թաներ Աքչամի «Երիտթուրքերի ոճրագործությունն ընդդեմ մարդկության. Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» գրքի մասին, որտեղ բերված են փաստեր, թե ինչպիսի ճշգրտությամբ էին թուրքերը հաշվառման ենթարկել եւ խմբավորել հայերին, հույներին, քրդերին եւ այլոց, որպեսզի հետագայում իրագործեին իրենց հրեշային գործողությունները:
Հոդվածը արտատպվել է «Արմինյըն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում, որտեղից էլ կատարել ենք թարգմանությունը քաղվածաբար:
Հ. Ծ.