«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2012-06-30 | #120, 2012-07-03 | #121, 2012-07-04


ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Կամ ինչու է վարչապետ նշանակվել նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին

Վրաստանում աշնանը սպասվող ընտրություններին ընդառաջ «Կովկասում ժողովրդավարության կղզյակ» ներկայացվող ու ամերիկյան աջակցության բոլոր ձեւերից առատորեն օգտվող այդ երկրում էլ կարծես գործածության մեջ են մնում նախընտրական այնպիսի մոտեցումներ, ինչպիսիք են ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի օգտագործումն ու բոլոր հնարավոր եւ վերահսկելի ընտրատեղամասերում 100-տոկոսանոց իշխանական հաղթանակ ապահովելու տրամաբանությունը:

Այսօր նախատեսվում է, որ վրացական խորհրդարանը, արտահերթ նիստ գումարելով, կհաստատի օրերս ձեւավորված նոր կառավարության կազմը` մեկ նոր պետնախարարով` զբաղվածության հարցերով, որոնց գլխին վարչապետ է կարգվել 2004-ից ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, արդեն նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին: Վրաստանի կառավարության առաջարկված նոր կազմը միայն 4 նոր անձինք կունենա, եթե խորհրդարանը հաստատի արդեն իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ներկայացրած կազմը: Ընդ որում, չորս նոր նախարարներից ՆԳ նոր նախարար Բաչո Ախալիան պաշտպանության նախկին նախարարն է, որի տեղում էլ հայտնվել է կրթության ու գիտության նախկին նախարարը:

Եվ բնավ էլ պատահականությունների կամ վարչապետական մեծ տաղանդի շնորհիվ չէ, որ ներքին գործերի նախկին նախարարը, որ Վրաստանում շատ պարագաներում երկրորդ մարդն է համարվում, նշանակվել է վարչապետ, այն էլ ընտրական շրջանի ակտիվացման շեմին: Ամենապարզունակ մոտեցմամբ` Մերաբիշվիլին Սաակաշվիլիի ամենավստահելի անձանցից է, ուստի վստահելի է նախընտրական հարցերը կարգավորելու համար:

Սաակաշվիլին իր այս նշանակումը հիմնավորել է, թե Մերաբշվիլին կարողացել է «հաղթահարել կոռուպցիան ու կրիմինալը Վրաստանում», մինչդեռ տարբեր գնահատականների ու վերլուծությունների համաձայն` Վրաստանում ճիշտ այնքան կոռուպցիա կա, որքան, ասենք, հարեւան երկրներում, պարզապես այն ոստիկանական համակարգում այլեւս չի արտահայտվում ստորին օղակներում: Մինչդեռ վերին էշելոնների պարագայում անգամ միջազգային որոշ վերլուծական կենտրոններ ամեն ինչ կենտրոնացված են համարում 3-4 անձանց ձեռքերում, որոնցից մեկն էլ Մերաբիշվիլին է: Ավելին, Մերաբիշվիլին է 2004-ից ի վեր Վրաստանում տեղի ունեցած ընդդիմադիր շարժումների հիմնական «սանձահարողը»:

Այո, պարեկային ոստիկանության առումով Վրաստանում բարեփոխումներ իսկապես իրականացվեցին, ու դրանց իրագործումը փաստացի ոչ թե Մերաբիշվիլու ձեռքի, այլ շարունակման հարցն էր, քանի որ բարեփոխումները սկսեց Սաակաշվիլու ժամանակի եւս մեկ մտերիմ, Վրաստանից թերեւս ընդմիշտ բացակայող ու Ֆրանսիայում բնակվող Իրակլի Օկրուաշվիլին, որին մեղադրանքներ են առաջադրվել, ու եթե հայտնվի երկրում` կդատեն: Օկրուաշվիլու պաշտոնավարման ժամանակ էր, որ աշխատանքից ազատվեց 14000 ոստիկան, ընդունվեցին նորերը, իսկ Մերաբիշվիլին նախարար դարձավ, երբ նմանօրինակ հարցերն արդեն լուծված էին:

Իրականում Մերաբիշվիլուն հաջողվեց վրացական եղած-չեղած ուժային ու իրավապահ կառույցների մեծ մասը դարձնել իր ենթակայության տակ գտնվող, իսկ վրացիամետությունից քիչ հեռու կանգնածների համար Վրաստանը հենց Մերաբիշվիլու միջոցով եւ օրոք է դարձել «ոստիկանական պետություն»:

Առավել հետաքրքրական է, որ նորանշանակ վարչապետն արդեն իսկ որոշ քայլեր արել է, որոնք ամենայն հանգստությամբ կարելի է տեղավորել «ընտրական կաշառք» հասկացության տակ ճիշտ այնպես, ինչպես վրացական իշխանությունները ընտրակաշառք են գնահատել ու ըստ այդմ էլ առգրավել վրացի միլիարդատեր, ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլու եղբորը պատկանող ալեհավաքները, որոնք արտոնյալ պայմաններով էին իբր տրվում բնակչությանը:

Մերաբիշվիլու նախաձեռնությամբ, համաձայն, յուրաքանչյուր ընտանիք արդեն հաջորդ տարի 1000 լարի (մոտ 625 դոլար) արժեքով վաուչեր կստանա, որը կարող է տնօրինել ինչպես ցանկանա, թեեւ, Մերաբիշվիլու մտահղացմամբ, այդ գումարը կարող է ծախսվել կոմունալ վճարումների, դասագրքերի, պարարտանյութի ու նման բաների համար:

Պետական վաուչեր ներկայացվող ու կարծես ոչ մի հրատապ հարցով չպայմանավորված այս նախաձեռնությունը, որ վրացական ընդդիմությունը եւս գնահատել է որպես ընտրողներին կաշառելու փորձ, նույնքան ընտրակաշառք է, որքան Բիձինա Իվանիշվիլու անվան հետ կապված «Cartu» հիմնադրամի` վրացի հնգակի աշխարհի չեմպիոն, սամբիստ Ուշանգի Կուզանաշվիլու անձնական հաշվին 16,3 հզ. դոլար փոխանցումը` որպես բարեգործություն, որն, ի դեպ, պարբերաբար նույն մարզիկին տրամադրվում է 2007-ից:

Այն, որ պետական մակարդակով ընտրակաշառքը Վրաստանում հասցվել է փաստացի այնպիսի մի չափի, որպիսին հայաստանյան խորհրդարանական ընտրություններին միանգամից մի քանիսից փող վերցնող ընտրողներից եւ ոչ մեկը երեւի «չաշխատեց», դեռեւս չի նշանակում, թե, նույն հայաստանյան իրողությունների նման, կաշառք տվողին էլ հենց կընտրեն: Սակայն ակնհայտ է, որ վրացական իշխանություններն իշխանական ռեսուրսն օգտագործում են պատժելու հնարավոր ընտրակաշառքների փորձերը, մինչդեռ սեփական նախաձեռությունը մատուցվում է որպես պետական հոգածություն:

Ելնելով այսօրինակ նախաձեռնությունից, թերեւս կարելի է ենթադրել, որ Մերաբիշվիլին վարչապետի պաշտոնում ոչ թե վարչապետություն է անելու, այլ իրապես փորձելու է ապահովել Սաակաշվիլու գլխավորած «Ազգային շարժում» իշխող կուսակցության հաղթանակը հոկտեմբերին կայանալիք խոհրդարանական ընտրություններում, որոնց, ի դեպ, հայաստանյանի նմանությամբ, 2013-ին կհետեւեն նախագահական ընտրությունները, որոնց, ըստ գործող վրացական օրենսդրության, Սաակաշվիլին չի կարողանա մասնակցել: Իսկ խոսակցությունները, թե կուժեղացվի վարչապետի պաշտոնն, ու Սաակաշվիլին կարող է ձեւական դարձնել նախագահի աթոռը, եւս մեկ ապացույց են, որ վարչապետության ուժեղացման համար էլ առավել հարմար թեկնածու, քան «ուժային» Մերաբիշվիլին, լինել չէր կարող:

Ինչ վերաբերում է Մերաբիշվիլուՙ արմատներով Ջավախքից լինելու հանգամանքին ու դրանով պայմանավորված ինչ-որ ուշադրության ակնկալիքներին, ապա գրեթե վստահաբար Ջավախքի համար ոչ մի շահեկան բան տեսնել հնարավոր չէ, հատկապես երբ նախընտրական շրջանում վրացական իշխանություններն էլ ամենայն առատությամբ ինչ ասես խոստանում են, ու դրա հետ ո՛չ ջավախքյան արմատները կապ ունեն, ո՛չ էլ հայկական ծագում ունենալու վերագրումները:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4