Տարեկան մինչեւ 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն անցնելը խրախուսելու համար կառավարությունը այսօր կհաստատի զանգվածային իրազեկման եւ ուսուցման միջոցառումների կազմակերպման եւ դրանց կատարման ժամանակացույցը:
Համաձայն պետական եկամուտների կոմիտեի վերլուծությանՙ ներկայումս կոմիտեի բազայում գրանցված են 172,3 հազ. տնտեսվարող սուբյեկտներ, որից 83,6 հազարը չգործող հարկատուներ են, 2,2 հազարըՙ զրոյական հաշվետվություն ներկայացնողներ, 14,6 հազարըՙ հաստատագրված վճար վճարող, մեկ հազարըՙ արտոնագրային վճար վճարողներ: Այս խմբերի կամավոր ընդգրկումն էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում անհնար է, քանի որ նրանք չեն ներկայացնում հարկային հաշվետվություններ ընդհանրապես կամ ամբողջ տարվա ընթացքում ներկայացնում են 1-4 հաշվետվություն: Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ են ներկայացնում 8,8 հազար տնտեսվարող սուբյեկտներ (4,4 հազարը 2011-ին ունեին 58,38 մլն դրամից ավելի, 4,4 հազարըՙ 58,38 մլն դրամից պակաս տարեկան շրջանառություն):
Ակնկալվում է, որ 29,2 հազար տնտեսվարող սուբյեկտներ իրենց հաշվետվությունները կներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այդպիսով նրանք հնարավորություն կստանան կրճատելու հաշվետվությունների համար պահանջվող ժամանակը եւ վարչարարական ծախսերը, ինչպես նաեւ օգտվելու խրախուսման որոշակի արտոնություններից:
Ա. Մ.