Դեռեւս մ.թ.ա. 6-րդ դարում պյութագորականները երաժշտությունն օգտագործում էին որպես հիվանդությունների բուժման արդյունավետ միջոց: Այս ծիրի մեջ հետագայում ներառվեցին նաեւ արվեստի մյուս տեսակները: Նոր ժամանակներում, սակայն, կարծես մոռացվեց այդ ավանդույթը, եւ առաջին պլան մղվեցին զանազան դեղամիջոցներն ու քիմիական պրեպարատները: Բարեբախտաբար, վերջին տարիներին վերականգնվում է մոռացված այդ սովորույթը, եւ զարգացած երկրներից շատերի բուժհիմնարկություններն այսօր հաճախ պատկերասրահներ ու երաժշտասրահներ են հիշեցնում:
Մեզանում եւս առաջատար մի քանի բուժհաստատություններ արդեն որդեգրել են ապաքինման այս ոճը, որը մեծապես նպաստում է բուժման արդյունավետության բարձրացմանը: Դրանցից մեկը ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկան է, որի պատերին այցելուն կարող էր տեսնել Հայաստանի եւ արտերկրի տեսարժան շատ վայրեր պատկերող լուսանկարներ: Վերջիններիս թիվը երեկ ավելացավ եւս քսանով, որոնց հեղինակները արտասահմանցի հայտնի լուսանկարիչներ են:
Նման նախաձեռնության հեղինակը չիկագոյաբնակ մեր հայրենակից Քրիստին Մխիթարյանն է, որը հայտնի է ինտերիեր-դիզայնի եւ արվեստաբուժության ոլորտում: Հայ օգնության ֆոնդի եւ «Լուսանկարչական արվեստը բուժհաստատություններում» հիմնադրամի համագործակցությամբ նկարները հասան Հայաստան եւ այժմ տեղ են գրավում հիշյալ կլինիկայի հիվանդասենյակներում ու միջանցքներում: Ինչպես իր շնորհակալական խոսքում նշեց կլինիկայի ղեկավար, դոցենտ Սամվել Դանիելյանը , իրենք տպավորված են նման ուշադրությունից եւ կփորձեն առաջիկայում եւս դեղերին զուգահեռ օգտվել արվեստի բուժիչ ուժից: Ավելացնենք, որ չի բացառվում նման մեթոդի կիրառումը նաեւ Երեւանի եւ ՀՀ մարզային այլ բուժհաստատություններում:
ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ