«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2012-06-30 | #120, 2012-07-03 | #121, 2012-07-04


ԲՈՀՋԱԼՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՆ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Մեկ տասնյակից ավելի վեպերի հեղինակ Քրիս Բոհջալյանի նորՙ «Ավազե ամրոցի աղջիկները» («The Sandcastle Girls») խորագրով հատորը ամբողջովին տարբերվում է նրա նախորդ գործերից, որոնցում շատ հպանցիկ էր անդրադարձել իր հայկական ժառանգությանը: Նոր գրքում, ըստ «Արմինյըն միրոր-սփեքթեյթըրի» գրախոս Դեֆնի Աբիլի , նա պատմական շրջադարձ է կատարում դեպի իր արմատները, դեպի հայ պապի (գրքումՙ Արմեն Պետրոսյան) եւ բրահմայականության հետեւորդ ամերիկացի տատի (գրքումՙ Էլիզաբեթ Էնդիքոթ) կյանքի դրվագները: Նրանք իրար հանդիպում են Հալեպումՙ 1915-ի ողբերգական իրադարձությունների ու մահվան տարագրությունների թոհուբոհում:

Էլիզաբեթը Հալեպ է ժամանել հորՙ Սայլըսի հետ, մարդասիրական աշխատանք իրականացնելու «Հայերի բարեկամները» ընկերության հովանավորության ներքո: Սիրիայում սրտաճմլիկ տեսարան էՙ սովալլուկ երեխաներ, կմախքի արտաքինով կանայք, մահվան եզրին հասած ծերունիներ:

Արմենը ինժեներ է, որին հաջողվում է բրիտանական բանակի զինվոր դառնալ եւ Հալեպ հասնելՙ հույս չունենալով, սակայն, գտնելու իր կնոջըՙ Կարինեին, եւ դստերը, որոնք, իր կարծիքով, սպանված պետք է լինեին Վանիցՙ իրենց ծննդավայրից բռնագաղթելու ճանապարհին: Էլիզաբեթն ու Արմենը սիրահարվում են միմյանց... Բայց պարզվում է, որ Արմենի կինըՙ Կարինեն, ողջ է: Վեպում կան նաեւ այլ կերպարներ, մասնավորապես մի գերմանացի սպա, որ հիշեցնում է Արմին Վեգներին: Լուսանկարելու պահին նրանից թուրքերը խլում են ապարատը եւ առգրավում:

«Գիրքն ազդեցիկ է, որովհետեւ հեղինակը լավ է ուսումնասիրել պատմական անցյալը եւ համոզիչ կերպով է նկարագրել հայերի հետ կատարվածը», գրում է Դեֆնի Աբիլը: «Դա մեծ մասամբ բոլոր հայերի պատմությունն է, եւ վեպը պետք է որ մեծ արձագանք գտնի հայկական համայնքում:

Ճիշտ է, իր նախորդ վեպերի խճճված սյուժեներն այստեղ չկան, սակայն հյուսված ողբերգությունները, հաջողություններն ու մարդկային հարաբերությունները հավաստի են եւ գիրքը դարձնում են գրավիչ ու հետաքրքրական»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4