Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախումբը վերջերս էր վերադարձել Վրաստան, Լատվիա, Շվեդիա կատարած համերգային շրջագայությունից: (Շվեդիայում երգչախումբը մասնակցեց «Թող ապագան երգի» մանկապատանեկան փառատոնին, որտեղ ճանաչվեց լավագույն երգչախումբ եւ հնարավորություն ստացավ համերգով հանդես գալ Ստոքհոլմի Քոնսերթհուսեթ նշանավոր համերգադահլիճում):
Մի քանի օր անց` հուլիսի 7-ին, Ճապոնական Մին Օն համերգային կազմակերպության հրավերով Հայաստանի փոքրիկ երգիչները կմեկնեն Ճապոնիա` համերգային շրջագայության: Երգչախումբը 16 համերգով հանդես կգա Ճապոնիայի խոշոր քաղաքներում` Յամագատա, Կանագավա, Տոչիգի, Ֆուկուոկա, Հոկաիդո, Նագանո, Տոկիո եւ այլն: Նաեւ կունենա բազմաթիվ հանդիպումներ ճապոնացի մշակույթի գործիչների, հայտնի արվեստագետների եւ երիտասարդների հետ:
Շրջագայությունը միտում ունի առավել սերտ կապեր հաստատելու հայ եւ ճապոնացի ազգերի միջեւ, երգչախումբը ներկայացնելու է հայկական երաժշտական հարուստ մշակույթը եւ, ինչպես միշտ, հնչեցնելու նաեւ համաշխարհային անվանի հեղինակների ստեղծագործություններ:
«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը իր ողջ շրջագայության ընթացքում նաեւ կկատարի` «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի եւ Տիգրան Հեքեքյանի կողմից հայտարարված միջազգային մանկական խմբերգային մրցույթի երկու հաղթողների ստեղծագործությունները: Հաղթողները կհայտարարվեն 2012թ-ի հունիս ամսվա ընթացքում: