Օրերս Յարոսլավլի մարզում ադրբեջանցիների եւ տեղի մարզային ոստիկանության աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Մի խումբ ադրբեջանցիներ, որ իրենց ընկերոջը բանակ ճանապարհելու առթիվ զբոսախնջույք էին անցկացնում, վիճել են հարեւանությամբ հանգստացող տեղացիների հետ, որոնց թվում եղել են նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Երկուստեք մարդիկ են տուժել: Ավելի ուշ մի քանի հարյուր ադրբեջանցի պաշարել է տուժածներին բուժօգնություն ցուցաբերած հիվանդանոցի շենքը եւ փորձել հաշվեհարդար տեսնել «հայրենակիցներին ծեծողների հետ»: Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել դիմել ոստիկանության օգնության: Տեղ հասած հատուկջոկատայինները ձերբակալել են 13 ադրբեջանցու: Մի խումբ մարդիկ, ոստիկանությանը դիմադրելու հետեւանքով, մարմնական վնասվածքներ են ստացել: Հարուցվել է քրեական գործ: Յարոսլավլի մարզային ոստիկանությունը կասկածներ ունի, որ ձերբակալված ադրբեջանցիների մեջ կան նախկինում հանցագործության համար որոնվողներ:
Գրեթե միաժամանակ «Կոմսոմալոսկայա պրավդան» գրել է, որ Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում ոստիկանությունը եւ Անվտանգության դաշնային ծառայության տեղական կառույցի աշխատակիցները վնասազերծել են ադրբեջանական մի հանցախումբ, որը տարիներ շարունակ հայրենակից ձեռներեցների նկատմամբ ռեկետ էր իրականացնում: Հանցագործները բացահայտվել են այն պահին, երբ ծեծել եւ 3 մլն ռուբլի են շորթել ազգությամբ ադրբեջանցի գործարարից: Ձերբակալվածներից մեկը 43-ամյա Այար Բայրամովն է: Վերջինիս մոտ իրավապահները հայտնաբերել են Բաշկիրիայի խորհրդարանի պատգամավորի օգնականի եւ այդ ինքնավար հանրապետության վաստակավոր շինարարի վկայականներ: Կե՞ղծ են դրանք, թե՞ իսկական` նախաքննության մարմինը դեռեւս չի պարզել:
Առավել «տպավորիչ» է երկրորդ հանցագործի ինքնությունը: 34-ամյա Ազեր Մամեդովը Բաշկիրիայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, կամ, ինչպես նախկինում էր ասվում, 6-րդ վարչության աշխատակից է: Նախաքննության մարմնի վարկածով, երկու ձերբակալվածներն էլ տեւական ժամանակ «զբաղվել են իրենց հայրենակիցներից դրամաշորթությամբ»: Նախաքննության նյութերը փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության` Բաշկիրիայի քննչական վարչություն, որտեղ ձերբակալվածների հանդեպ հարուցվել է քրեական գործ` առանձնակի խոշոր չափերով խարդախության հատկանիշներով:
Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը գրել էր Ռուսաստանում ադրբեջանական «համայնքների ղեկավարների դեմ ահաբեկչական գործողությունների աճի» մասին: Տպավորություն էր ստեղծվում, թե ինչ-որ «մութ ուժեր ամենուր հետապնդում են ադրբեջանցի գործարարներին եւ հեղինակավոր այլ անձանց»: Ինչպես ցույց են տալիս Յարոսլավլի արյունալի դեպքերը եւ Բաշկիրիայում «հեղինակավոր անձանց արկածները», Ռուսաստանում ադրբեջանցիները բոլորովին էլ օրինապաշտ չեն: Ընդհակառակը, նրանք կարծես ապրում են «ջունգլիի օրենքներով»:
Երեւույթը ուշագրավ է նաեւ նրանով, որ, մինչ ադրբեջանական իշխանությունները խոսում են «երկրում տնտեսական բումի եւ սոցիալական առաջընթացի» մասին, իրականությունն այն է, որ Ռուսաստանում մի քանի միլիոն ադրբեջանցի է ապրում, աշխատում եւ դառնում հանցագործ աշխարհի «հեղինակություն»: Իսկ դա վկայում է, որ Ադրբեջանում տարիներ ի վեր ոչինչ չի փոխվում:
Վ. Ա.